Ես հայ եմ, ծնվել և մեծացել եմ Վրաստանում, Ջավախքում։ Չնայած այն բանին, որ ապրում եմ այստեղ՝ Հայաստան աշխարհը միշտ իմ սրտի մի անկյունում եղել է, կա ու կմնա։
Այս աշխարհում ես իմ տեղը գտել եմ արվեստում։ Առավելագույնը նվիրվել եմ արվեստին, սիրում և զբաղվում եմ նկարչությանբ։
Ունեմ երազանք, որին արդեն հասել եմ կիսով չափ, իսկ մնացածը ժամանակի հարց է։ Փոքր հասակից նկարել եմ մինչև այսօր, ու հպարտ եմ, որ Աստված շնորհել է նման տաղանդ, որի համար ամբողջ կյանքս պետք է երախտապարտ լինեմ։ Ես չեմ սիրում մեծամտանալ ու ինձ բարձր դասել մյուսներից, չեմ սիրում խոսքով ապացուցել, որովհետև ամեն անգամ այնպես է ստացվում, որ գործով եմ ապացուցում իմ ամեն քայլը, ու զգում եմ, որ կյանքը ինձ ամեն անգամ ստիպում է հավատալ, պայքարել ու հասնել անհնարինին։ Նկարում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ու այն, ինչ ինձ դուր է գալիս, սիրում եմ իմը ստեղծել, հորինել, առանձնապես ակտիվ եմ նման գործերում։
«Արվեստը զգում եմ, ոչ թե հասկանում»
Աշխա՜րհ անցի՝ր,
Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա,
Ես իմ Մասիս սարն եմ սիրում։
Մոտ մեկ ամիս առաջ ընդունվեցի Հայաստանի պետական Մանկավարժական համալսարան, որի համար շատ պայքարեցի, ուզում եմ գեղարվեստական կրթություն ստանալ, և ուզում եմ, որ մեր նոր սերունդը չանտեսի արվեստը, ես չեմ ուզում ինչ-որ բան հստակեցնել, բայց ես սովորել եմ մի հաստատությունում, որտեղ արվեստը բացարձակապես անտեսված է եղել։ Ես այսքան տարի սովորելու հետ մեկտեղ մի բան եմ թաքցրել մտքումս, որ պետք է ապագայում անեմ այն, ինչ ես չեմ տեսել, ուզում եմ այն գեղարվեստական կրթությունը, որը ես չեմ ստացել, փոխանցել ապագայում նոր սերնդին։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ ընդունվեցի Վրաստանի՝ Իլիայի պետական համալսարան, սակայն չեմ ցանկանում ուսումս այստեղ շարունակել, դա իմ իրավունքն է, պարզապես ծնողներիս խնդրանքով ընդունվեցի, ու շրջապատիս էլ ապացուցեցի, որ ես կարող եմ։
Այսօր ինքս հասել եմ ամենակարևորին, ճիշտ է, մի փոքր դժվարությամբ, բայց հասել եմ, իսկ հիմա շարժվում եմ դեպի երազանքս։ Ուզում եմ խորհուրդ տալ հասակակիցներիս, արեք այն, ինչը ձեզ հոգեհարազատ է, արեք այնպես, ինչպես ձեր սիրտն է ձեզ թելադրում, միշտ լսեք բոլորի կարծիքները, բայց ուղղորդվեք ձեր կարծիքով։ Դժվարությունները կգան ու կգնան, պարզապես պետք է պայքարել, դա ես իմ փորձից եմ ասում։ Ինձ համար երեք ուղղություն կա այս կյանքում
1. Պայքարել,
2. Հավատալ,
3. Հասնել:
Ես իմ երազանքն եմ համարում կայանալը որպես մարդ, կրթվելը` որպես որակյալ մասնագետ:
Խոստացել եմ դառնալ լավ մասնագետ ու նոր սերնդին փոխանցել արվեստը, որը ինձ այդպես էլ ոչ ոք չփոխանցեց։