Astghik Ghazaryan

Պապը

Բահն ուսին առած՝ Երեմ պապն իջնում էր զառիթափը: Քայլերը շփոթ էին, մի քիչ անփույթ: Չէ՛, ճանապարհից նա երբեք չէր հոգնում: Մտքե՞րն էին ծանրություն անում: Ճակատի ծալքերը օրվա դարդ ու ցավի թարգմա՞նն էին, թե՞ անցնող ութսուն գարունների գծած ակոսները՝ դժվար է ասել: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես հասավ կամրջակին, ու թե ինչպես գլխարկն ընկավ ջրի մեջ: Գլխարկը… Ինչու՞ ձեն չհանեց. դե տղամարդ է, պիտի գոռար, խփեր էլ… Բայց ընդամենը դուռը բարկացած ետնափակ տվեց ու  դռան հետ շրխկացրեց դժգոհությունը բախտի՞ց, թե՞ կնոջից.

-Իմ հըմար կնիկ չի սա, ցավ ա…

-Գլխարկը տի՛,  կլուխդ մրսցնես վեչ,- լսվեց Հրանուշի ձայնը ներսից։

Երեմը երեխու պես հնազանդ տուն մտավ գլխարկի հետևից, բայց այս անգամ դուռը կամացուկ հետ արեց՝ կարծեք ուզելով անտես լինել կնկա աչք ու ականջից։

Գլխարկը լողում էր ջրերի վրա, իսկ պապը, որ արդեն անցել էր կամուրջն ու նստել կանաչի վրա, կապույտ մանրիկ աչքերով նայում էր սև գլխարկի ընթացքին: Հիշեց մորը՝ Աստղիկին՝ սև լաչակով… Մոր սառը, տխուր դեմքին հարմարված կապույտ աչքերը նմանվում էին սև շապիկի վրա կարված մի զույգ կապույտ կոճակների: Նմա՞ն էր իր մորը: Փորձեց հոր դեմքը հիշել, բայց հիշեց միայն էն գիշերը, մոր լացը, իր սենյակի խալիչայի վրա կախված թուրը… Հրանուշը երբեք չի հիշի իր հորը։ Բայց փոքր թոռանը տատն էնպես է պատմում հոր ու աքսորի մասին, ասես ինքը  խանձարուրի մեջ փաթաթված, աշխարհից անխռով ու աշխարհի հետ հաշտ քնած չէր էդ գիշեր։ Բայց մի օր պիտի «զարթներ», չէ՞։ Մի օր պիտի խռովեր բախտից, Երեմից, հարսներից ու… հորից։

Հոր աքսորը Երեմին չչարացրեց։ Նա ուղղակի դարձավ զգուշավոր, քչախոս։ Ու դարձավ ավելի ուշադիր իր մորը բախտակից ու անվանակից հարևանուհու՝ Աստղիկի ընտանիքի նկատմամբ։ Ու մի օր էլ սիրտը թպրտաց նրա աղջիկ Հրանուշի պատկերից. երկար հյուսքը ոտքերն էր թակում, մեջքը՝ բարակ, ոտ ու ձեռը՝ լիքը, գլուխը՝ բարձր ու հպարտ։ Ու մի օր էլ գլուխը կախ մտավ Ղազարանց շեմից ներս։ Երջանկություն բերե՞ց Երեմի համար Հրանուշը՝ Երեմն ինքն էլ էր դժվարանում պատասխանել, բայց երեք տղա բերեց, ծառի երեք ամուր ճյուղ՝ նոր ճյուղեր տվող ու ծաղկող ճյուղ։ Ղազար պապի ծառը փարթամացրեց Հրանուշը ու հնազանդության խոստման տեղ ծառի հարատևության խոստում տվեց։

Նստած տեղից Երեմ պապը վեր կացավ, ծնկները մաշված դռան նման ինչ-որ ձայներ հանեցին: Հիշեց գլխարկը, որ արդեն չէր նշմարվում հորիզոնում… Ականջներում արձագանք տվեց Հրանուշի ձայնը.

-Գլխարկը տի՛, կլուխդ մրսցնես վեչ…

Երեմը մտքի մեջ իրար կողքի դրեց կորած գլխարկն ու Հրանուշին, շալվարին կպած հող ու խոտի հետ թափ տվեց սպասվող մի նոր կռվի միտքը, պարապ մնացած բահն ուսին առավ ու քայլերն անշտապ ուղղեց այգին: