Ու ամենագեղեցիկ հանդիպումները լինելու են ամենապատահականները: Երբեք չես մտածելու օրվա, ժամի, հագուստիդ ու դեմքիդ գույների մասին: Ամենաչսպասվածները սպասվածներն են լինելու: Լինելու են ամենաչպլանավորվածներն ու անկանխատեսելիները, որոնք հերթականությամբ ու արմատապես պիտի փոխեն ողջ կյանքդ: Ամենագեղեցիկ պահերն ու դեմքի ամենաանկեղծ արտահայտություններն են լինելու:
Դրանք գալու են, որ վստահաբար հանգրվանեն սրտիդ ամենանուրբ լարերի աթոռներին ու կառավարեն սրտիդ նոտաներն ու ամենանվիրական զգացումներդ: Պատահական են լինելու, չես զգալու, որ հոգուդ մի կտորը, որ երբևէ սովոր չի եղել պատահականությունների, որի համար անակնկալները եղել են երջանկության ամենանշմարելի պահերը, այսօր պատահականության զոհ է: Դու շատ ուշ կամ երբեք էլ չես հասկանալու, որ ժամանակի հսկա թափանիվը քեզ առել է իր թևերին ու պտտում է այնպես, որ աշխարհից կտրվում ես:
Հոգիներ կան, որոնք հավերժ սպասում են պատահական հանդիպումների, շատ լավ հասկանալով, որ կյանքում պատահականություններ չեն լինում, որ ստեղծման օրից ի վեր ամեն ինչ նախօրոք պլանավորված է եղել, և մտքումդ հանգրվանածն ու ճակատագիրն են ամեն ինչի կառավարիչը: Պատահական հանդիպումները շատ հաճախ հենց ամենաճակատագրականն են ու ամենամնայունը, որ կյանքումդ հեղաշրջում են բերում: Բերում են շրջադարձեր, որոնք պիտի վառ գույներով ներկեն, արևով ջերմացնեն ու արև-հոգիներով լցնեն, իմաստավորեն մինչ այսօր ունայնություն թվացած կյանքդ:
Կյանքում ոչինչ պատահական չի լինում, պատահական հանդիպումներ, զրույցներ ու մարդիկ չեն լինում: Լինում են ճակատագրական հանդիպումներ ու ճակատագիր-մարդիկ, որ գալիս են, հաստ ռետինով ջնջում տխուր տողերն ու նուրբ, ամենանուրբ շարժումով անցավ դրոշմում են իրենց անունը ճակատիդ, իրենք իրենց՝ սրտումդ…