Կյանքը հիմնված է պատահականությունների վրա. ամեն ինչում և ամենուր գործում է պատահականության սկզբունքը, որը նախախնամող ձեռքով լինում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Ուրեմն, պատահականությունը օրինաչափություն է, որ հաճախ պարզապես չենք տեսնում: Պատահական հանդիպում ենք մարդկանց, որոնցից ոմանք դառնում են այն առանցքը, որի շուրջ պտտվում են մեր մտքերն ու սիրտը: Այդ օրը ես չկարողացա շրջանցել պատահականությունը:
Օրն այդ արտառոց էր, ոչ միայն ինձ պաշարած անակնկալ պատահականության պատճառով, որը մի քանի րոպեում փոխեց այն սովորական դարձած բթացնող ռիթմը, որի մեջ ընկած վազում եմ ամեն օր, ամեն րոպե, այլ որովհետև ազատ ժամանակ ունեի, և կարող էի անցկացնել ընտանիքիս հետ:
Ամեն ինչ շատ սովորական էր` մայրիկիս, եղբորս հետ զբոսնում էինք, որոշեցինք սրճարան մտնել: Սովորական սրճարան` իր սովորական այցելուներով, աշխատանքային ռիթմով. բոլորը զբաղված էին իրենց հոգսերով` վայելելով հանգստի պահը: Հենց մեր կողքին բոլորովին այլ իրականություն էր. մոտ քսան տարեկան մի տղա կերակրում էր հաշմանդամի սայլակին գամված տատիկին: Մենք բոլորս ապշած նայում էինք: Միշտ չէ, որ մեր առօրյայում այդպիսի բաներ են տեղի ունենում: Այսօրվա իրականության մեջ, երբ ծնողները երեխային հանձնում են մանկատանը` բախտի քմահաճույքին թողելով նրա ապագան, երբ երեխաները իրենց ծնողներին անարգելով ծերանոց են տանում: Երբ անզգամությունը դարձել է նորմալ բոլորի համար: Դու սկսում ես ինքդ քեզ հարց տալ. արդյո՞ք միայն հաշված մարդիկ են այդ ամենը նկատում և արձագանքում: Ինչո՞ւ ոչ բոլորը: Ինչո՞ւ է ամեն բացասական բանը դարձել սովորական, նորմալ , իսկ բարի գործը ՝ արտասովոր: Իրեն այդ մտքերով ծանրաբեռնող մարդը տեսնում է մեկին, որն աննկարագրելի քնքշությամբ հոգ է տանում իր մերձավորի մասին առանց որևէ վարձք պահանջելու: Բոլորի համար աննորմալ է, երբ մարդն առանց որևէ սպասելիքի, վարձատրության սիրում է:
Գուցե իմ պատահական հերոսն էլ զարմացավ իմ զարմանքի համար. նկատեց, որ աչքս չեմ կտրում իրենցից: Ինձ համար միևնույն էր` ինչ են մտածում բոլորը. այդ պահին պատահական հերոսը օրինաչափորեն հաստատեց վաղուց գլխումս թափառող միտքը. միևնույն է` ինչ է անում կամ ասում մեծամասնությունը, իսկ ինչ եմ անում ես ինքս:
Մի պահ վերադառնալով իրականություն` հանդիպեցի մայրիկիս ոգևորված աչքերին: Այլևս պետք չէին այն խոսքերը, որ հաճախ են ասվում` սիրիր մերձավորիդ: Դրանք այնքան իրական էին իմ հերոսի դեպքում:
Ահա և իմ հերոսը իր հերոս տատիկի հետ: Նա չնկատեց` ինչպես ես հետևից վազեցի ու նկարեցի: Գիտեմ` սխալ է առանց մարդուն տեղեկացնելու նկարահանելը, բայց այս դեպքում կանոններն ավելորդ էին:
Շատ կուզեի, որ պատահական հերոսը կարդար այս նյութը և իմանար, որ իր հետ իմ պատահական հանդիպումը քանդեց կյանքի վատ օրինաչափությունների շղթան: