Պատահում է, որ փրկությունը սպանում է քեզ, իսկ սպանությունը դառնում փրկություն: Պատահում է, որ կյանքը դառնում է շնչել, իսկ շունչը՝ կյանք: Պատահում է, որ իմաստը դառնում է թշնամի, իսկ անիմաստությունը՝ լավ ընկեր: Պատահում է, որ լավ ընկերը դառնում է բառ, իսկ բառը՝ կողքինդ: Պատահում է, որ կողքինդ դառնում է կողքի, իսկ կողքինը՝ անցյալ: Պատահում է, որ անցյալը դառնում է մարդ, իսկ մարդը՝ տանջանք: Տանջանքը դառնում է խաղ, իսկ խաղը՝ սովորական: Իսկ պատահում է նաև, որ սովորականը դառնում է երազանք, իսկ երազանքը… Երազանք պատահում է, որ չես ունենում: Պատահում է, որ ազատությունը դառնում է երազ, իսկ երազը… Իսկ երազներ չես տեսնում: Պատահում է, որ իրականությունը դառնում է անհայտ, իսկ անհայտը… Ամեն բան բացահայտված է լինում. պատահու՛մ է: Պատահում է, որ բացահայտումը դառնում ես դու, իսկ դու…
Լավ, սպասիր: Ես որոշում եմ որոշել դու-ն: Թող որոշեմ:
Իսկ որոշումից առաջ կարծում ես` կա՞ ընտրություն։
Պատահում է, ես քեզ չեմ հասկանում քո ընտրություններում, որովհետև չեմ կարող նախապես գնահատել բոլոր հնարավոր եզրույթները ո՛չ քո ենթագիտակցականի, ո՛չ էլ՝ կյանքի։ Հիմնականում ես չեմ որոշում քո որոշվելիք ընտրությունները։
Ա՜յ օրինակ, պատկերացրու. դու նստած ես մի հարմարավետ աթոռի՝ դրսում մի տեղ` հաճելի լուսավորության, մաքուր օդի ու առհասարակ բավականին ապրեցնող պայմաններում։ Կյանքը հոսում է ուղիղ։ Դու նստած ես անշարժ, իսկ շուրջդ… Շուրջդ անվերջ մի ուղղությամբ ընթանում է. չէ՛, առաջ չէ, ուղղակի անընդմեջ ընթացքի կանգառն էլ հենց դա է. նույնն է։ Ու էստեղ գալիս եմ ես։ Ես որոշում եմ, որ դու պետք է որոշես, որ որոշումով դու շարժվես. ես որոշում եմ, թե ինչ ես ընտրելու դու, որ ընթացքին՝ կանգնած, տաս իմաստներ։ Ես քեզ տալու եմ մի բուռ կրակ, որ ծխացնես, ես քեզ տալու եմ մի բաժակ՝ կիսով չափ լիքը, ես քեզ տալու եմ ելևէջներ ՝ տիեզերական, ես քեզ տալու եմ սերեր՝ դառնաքաղցր ու գինովցած, ես քեզ տալու եմ գույներ՝ արբեցնող, ու տալու եմ համեր, ասես համբույրներ առաջին ու տալու եմ համբույրներ՝ թե հարմար մեկը եղավ։ Ես քեզ տալու եմ երփնաշատ անկյուններ ու տալու եմ բազմաձև հայելիներ, ես քեզ տալու եմ, ու տալու եմ, ու տալու եմ, ու տանուլ եմ տալու, եթե քո միակ հարցի միակ տոնայնություններն ու շեշտադրումները փոխվեն։
Ես քեզ տալու եմ հարցեր, շա՜տ հարցեր։ Դու տուր ինձ միայն մի պատասխան։
Որովհետև… Որովհետև գժվում եմ ես այս անիմաստ իմաստներում, որովհետև գիժ եմ ես, քանզի իմաստ եմ ստեղծում կամ որովհետև կգժվեմ մի օր, որովհետև անիմա՜ստ եմ այնքան՝ իմաստաշատ այս պայմաններում։
Ես երևի թե չշարունակեմ, որովհետև այստեղ հատվում են իմ ու քո ոսկե միջինները։ Ես երևի չշարունակեմ, քանզի էստեղ է, որ չկա ոսկե միջին, այլ միայն ծայրահեղ կյանք՝ միշտ միջին, միջին, միջին։ Ես երևի չշարունակեմ, քանզի երբեք էլ չեմ սկսել ոչինչ. ինձ տրված են որոշված ընտրություններ, ես քեզ կտամ որոշվելիք ընտրություններ, իսկ դու նստիր ու ազատ զգա քեզ՝ «քո» ընտրություններում։ Ես քեզ կտամ քեզ. խնդրում եմ, գտիր…
Երբեմն պատահում է, պատահում է ինձ հետ որևէ բան, ու ես գտնում եմ, երբեմն պատահում է գտնելը դառնում է խաբեություն, իսկ խաբեությունը՝ անհրաժեշտություն: Պատահում է անհրաժեշտությունը դառնում է թուլություն, իսկ թուլությունը դառնում է ժամանակավոր, իսկ ժամանակավորը՝ հավերժ: Պատահում է հավերժը դառնում է սահման, իսկ սահմանները՝ ազատություն: Պատահում է ազատությունը դառնում է բառ, իսկ բառը՝ հորինվածք: Պատահում է հորինվածքը դառնում է արվեստ, իսկ արվեստը՝ իրականություն: Իսկ իրականությունը երբեմն փրկում է: Իսկ փրկությունը…