Պատերազմ: Օր 9:
Ես նայում եմ ընկերուհուս աչքերին: Չգիտեմ՝ ոնց պիտի րոպեներ հետո նրան հայտնեմ, որ իր կուրսընկերը, բեմական խաղընկերն ու համատեղության կարգով նաև՝ ամենամտերիմ ընկերը զոհվել է: Նա, չնայած այս 9 օրերի դժոխքին, ժպտում է: Հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու, ու որ անպայմանորեն, անկասկած ու համառորեն հաղթելու ենք: Ինչպե՞ս նայեմ իր ժպտացող աչքերին ու ասեմ մի բան, որից հետո այդ աչքերից ծովի նման աղի արցունքներ են սկսելու հոսել, մի բան, որ ինքս էլ կգերադասեի չիմանալ ժամեր առաջ մի բոթաբեր զանգից:
Դեռ երեկ էինք պայմանավորվել հանդիպել 3 ընկերուհիներով ու թեյել միասին այս երեկո. հույս ունեինք, թե գոնե այդպես կկարողանանք մեկ-երկու ժամով կտրվել աշխարհի ամենասարսափելի երևույթի մասին նորություններն անընդհատ թարմացնելու մեր մոլուցքից: Գլխիցս բարձր այդ առաջարկի հեղինակն էլ հենց ես էի եղել՝ առանց գրամ իսկ կասկածելու, թե մինչ հաջորդ երեկոն ուսերիս այդքան ծանր բեռ է դրված լինելու: Ես նայում եմ նրա խաղաղ, ժպտացող ու հաղթանակի վրա վստահ աչքերին ու փորձում ժպտալ: Նույնը փորձում է անել նաև կողքիս նստած մյուս ընկերուհիս՝ նա, ում զանգով հոգի փշրող այդ լուրի ծանրությունը դրվել էր երկուսիս ուսերին: Վերջինիս մոտ դերասանական այդ հնարքն այնքան էլ լավ չի ստացվում. աչքերն անընդհատ արցունքով են լցվում, ու, որքան էլ փորձում է իրեն զսպել, դրանցից մի քանիսը հայտնվում են այտերին:
-Ես գնամ, լվացվեմ,- ասում է նա՝ փորձելով երեսը շրջել դեպի ինձ, որ նա չտեսնի իր արցունքները:
Ընթացքում իրար թաքուն մեսիջներ ենք գրում, որ հասկանանք՝ ոնց, որ պահին ու ինչպիսի բառերով ենք էդ անիծյալ բոթը հայտնելու մեր ընկերուհուն: Մի քանի վայրկյանով վերջինիս աչքի փուշը դառնալու պատասխանատվությունը ես փորձում եմ գլորել նրա վրա, ինքը՝ հակառակը: Հետո հասկանում ենք, որ երկուսս էլ չափից դուրս թույլ ենք մեր երրորդի աչքերը այդպիսի տխրությամբ լցնելու համար: Պատճառ ենք բերում մեր թույլ սեռն ու ծանրագույն այդ առաքելությունը դնում տղաներից մեկի վրա: Նա, ուր որ է, կհասնի, ու մենք ի վերջո ստիպված կլինենք դուրս գալ սրճարանից:
-Դուրս գա՞նք արդեն,- հարցնում է նա,- հաշիվը վաղուց փակել ենք:
-Դե՜, մի 5 րոպե էլ մնանք, էլի,- փորձում եմ ժամանակ ձգել ես,- ցուրտ ա դրսում:
-Լավ,- թոթվում է ուսերը՝ չհասկանալով պահը ձգձգելու իմ նկրտումները:
Դուրս ենք գալիս: Կարենն արդեն սպասում է մեզ: Դեմքից երևում է՝ ինքն էլ չգիտի՝ ինչ բառեր ընտրի քիչ ցավեցնելու համար: Իսկ այսպիսի դեպքերում քիչ ցավեցնել, առհասարակ, հնարավո՞ր է: Երևի, չէ: Հաստատ, չէ՛…
-Կգա՞ս՝ քայլենք մի քիչ երկուսով,- ասում է էնպիսի անվստահ ձայնով, որից անհնար էր գլխի չընկնել սպասվելիք գույժի մասին:
Էլենը սկզբում խուսափում է առանձին քայլելու այդ առաջարկը իրեն վերագրելուց՝ կարծելով, թե այն ուղղված էր մեզնից յուրաքանչյուրին, միայն թե ոչ իրեն: Երևի կանխազգում է, որ չարագուշակ մի բան է լինելու ու ենթագիտակցաբար փորձում պաշտպանել ինքն իրեն դրանից: Առանձին քայլելու առաջարկը կրկնվում է արդեն երրորդ անգամ, ու նա ստիպված է լինում այնուամենայնիվ ընդունել, որ այն իրեն էր ուղղված: Կարենն ու ինքը քայլ առ քայլ հեռանում են մեզնից՝ աստիճանաբար մխրճվելով խավար մշուշի մեջ: Օրն անձրևոտ էր: Ռոմանտիկ գրականության վարպետները հավանաբար այս դեպքի համար կասեին, թե երկինքը կարծես առավոտից չարագուշակ կերպով ազդարարում էր, որ վատ բան է լինելու: Մինչդեռ այդ վատ բանը՝ մահ անունով, վրա էր հասել դեռ օրեր առաջ թշնամու դավադիր հարվածից: Դեռ օրեր առաջվանից էր, որ ծնողներն ու ընկերները չէին կարողանում կապի դուրս գալ նրա հետ, բայց լավատեսորեն հույս ունեին, թե խնդիրը լոկ տեխնիկական է՝ կապերը լավ չեն, կամ էլ հավանաբար հեռախոսի մարտկոցն է նստել, կամ վատագույն դեպքում՝ փչացել կամ կորել։ Ու հիմա էլ մահ կոչվող այդ արհավիրքի լուրն առաջինը հայտնի էր դարձել ոչ թե նրա ծնողներին կամ ընտանիքի այլ անդամներին, այլ հենց մեզ՝ թեև ոչ պաշտոնապես, բայց, ցավոք, հազար անգամ ստուգված կապերով:
Նրանց՝ մշուշի մեջ կորելու ու կրկին հայտնվելու միջև ընկած ժամանակահատվածը տևում է 2-3 րոպե, մինչդեռ մեզ մի ողջ հավերժություն է թվում: Ես ողջ ընթացքում մտածում եմ, թե ինչ բառեր պիտի ընտրեմ, որ կարողանամ մխիթարել նրան, երբ արդեն ինքն էլ իր ուսերին կրի մահվան բոթի նույն ծանրությունը։ Բայց հենց անհավասարակշիռ քայլերն ուղղում է դեպի ինձ, ու տեսնում եմ նրա արցունքոտ աչքերը, մոռանում եմ իմացածս բոլոր մխիթարանքի խոսքերը և կարողանում եմ անել միայն մի բան․ իմ փոքր թևերով գրկել նրա դողացող մարմինը, որն այսօր ցավից կծկվել ու տարօրինակ կերպով փոքրացել է։ Արցունքները սկզբում նրա աչքերից հոսում են լուռ, միայն ժամանակ առ ժամանակ անզուսպ հեծկլտոցն է ընդհատում լռությունը։ Հետո, երբ գալիս է իրականությունն ընդունելու հաջորդ փուլը, նա փորձում է ժխտել այն։ Փորձում է բերել փաստարկներ, որ կվկայեն հակառակի մասին, ասում է, որ իր աղոթքները չէին կարող Աստծուն չհասնել, որ նա խոստացել էր վերադառնալ, որ իրենք միասին միշտ հաղթել են, այս անգամ էլ պիտի հաղթեին։ Հետո սկսում է մեղադրել ինքն իրեն․ գուցե այդ պահին ֆիզիկապես նրա կողքին չէր, դրա համա՞ր չեն հաղթել։ Հետո տալիս է հարցեր, որոնց պատասխաններն ինքներս էլ չգիտենք, ասում է, որ առանց դիակի անհնար է պնդել մահվան մասին, մինչդեռ մահեր կան, երբ անգամ մարդու մարմինն է մոխրանում․․․ Րոպեներ անց, հավանաբար հանգստացնող դեղահաբի ազդեցության ներքո, դադարում է լաց լինել։ Նստում է ու լուռ, անբառ, անթարթ հայացքով նայում մի կետի։ Հետո հիշում է պատմություններ իրենց ընկերության, միասին անցկացրած օրերի մասին։ Հիշում է կատակներ, որ միայն իրենք էին հասկանում, զգացողություններ, որ միայն միասին էին ապրել։ Հիշում է առաջին խոսակցությունից մինչև վերջինը, պլանները, որոնք միասին պիտի իրագործեին, ու չի կարողանում անցյալով խոսել նրա մասին։ Հետո խոսքն էլի ընդհատվում է արցունքներով, որոնք, թվում է, պիտի արդեն սպառված լինեին, բայց միևնույնն է, հոսում են, հոսում, հոսում․․․
Ես շատ ապաշնորհ մխիթարող եմ։ Էլի ոչինչ չեմ գտնում ասելու։ Կարողացածս միայն մեկն է՝ սրբել այտերին թափվող արցունքներն ու ժամանակ առ ժամանակ ջուր առաջարկել, գուցե այն ինձնից ավելի լա՞վ մխիթարի։ Այդ ընթացքում շարունակ մտքումս մեղադրում եմ ինքս ինձ, ա՜խր, կարող էի ոչինչ չասել նրան, կարող էի այնպես անել, որ գոնե մի քանի օր պակաս տանջվի, քանի դեռ պաշտոնական որևէ տվյալ չկա նրա մահվան մասին, քանի դեռ հարազատները նրա լուսանկարն են տարածում սոցիալական ցանցերով ու ծանոթ-անծանոթ մարդկանց աղաչում որևէ տեղեկություն հայտնել իրենց որդու մասին։ Հետո, ինքս ինձ ներքուստ կեղեքելուց հոգնած, ուղիղ հարցնում եմ նրան, թե ավելի լավ չէր լինի՞, եթե մի քանի օր հետո իմանար այդ մասին, երբ բոլորն արդեն տեղյակ կլինեին։ Բայց Էլենն ինձնից ավելի լավ մխիթարիչ է նույնիսկ այն ժամանակ, երբ կծկվում է ցավից։ Հանգստացնում է ինձ, ասում, որ միևնույն է, պիտի իմանար, ու ավելի լավ էր, որ հենց մեզնից իմացավ։ Հետո փորձում է հավաքել ինքն իրեն ու ցույց չտալ զգացածը։ Բայց կարմիր աչքերը մատնում են ամեն ինչ․․․
Պատերազմ։ Օր 10։
Մայրը շարունակում է սոցիալական ցանցերով փնտրել որդուն՝ ապարդյուն հուսալով որևէ նշան ստանալ նրա կենդանության մասին։ Երեկոյան, երբ էլի փորձում էի բառեր ընտրել Էլենին մխիթարելու համար, ու էլի ոչինչ չէր ստացվում մոտս, ընդհանուր ընկերներից մեկն է զանգում․
-Ասում են՝ զոհվել ա,- հետո կցկտուր բառեր,- ասում են՝ մաման չի ճանաչել դիակը, բայց համազգեստի թիվը համապատասխանում էր նրա թվին,- հետո էլի կցկտուր բառեր,- ասում են՝ ԴՆԹ անալիզ են նշանակել․․․
Պատերազմ։ Օր 12։
ԴՆԹ անալիզի պատասխանը բացասական է։ Բոլորի աչքերում նոր հույս է ծնվում։ Մինչդեռ ծառայակից ընկերը մեզ այնպիսի մանրամասներ է պատմել նրա մահվան մասին․․․
Պատերազմ։ Օր 15։
Ալենի լուսանկարն արդեն մի քանի օր է պտտվում է համացանցում՝ արդեն ոչ թե որոնվողների, այլ, ցավոք, զոհվածների շարքում։ Այսօր նրա մարմինը հանձնեցին հողին՝ Եռաբլուրում, եթե դա որևէ կերպ կմխիթարի որևէ մեկին, իսկ հոգին․․․ Հոգին դեռ երկար կապրի, որովհետև իրենից ճառագող լույսն այնքան առատ է, որ որևէ փայտի կտորով որևէ հողի տակ թաքցնել երբեք չի լինի․․․