Մենք, ինչպես միշտ, գնացել էինք դպրոց: Մեզ ոչինչ չի կարող խանգարել դպրոց գնալ, նույնիսկ սահմանին հնչող կրակոցները: Ճիշտ է, այդ օրը բացակաները շատ էին:
Մենք նստած էինք դասի, երբ ներս մտավ տնօրենը և հայտնեց մի ծրագրի մասին, որով մենք` կոթեցիներս, կարող էինք օգնել Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերին` «Սահմանից Սահմանին»: Մենք սկսեցինք մտածել, թե ինչպես կարող ենք օգնել նրանց ու որոշեցինք նրանց համար ուղարկել առաջին բուժօգնության պարագաներ, քաղցրավենիք, չրեղեն և մուրաբաներ, ծխախոտ, տաք հագուստ, գուլպաներ:
Մենք շտապեցինք զանգահարել մեր մյուս ընկերներին, որ մասնակցեն այս միջոցառմանը: Եվ բոլորս սկսեցինք հավաքել անհրաժեշտ պարագաներ, որպեսզի ուղարկենք սահման: Ամեն մի երեխա օգնում էր իր կարողության սահմաներում: Այս ծրագրին մասնակցում էին նաև ուսուցիչները:
Մենք արկղերում դասավորեցինք հավաքվածը: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ստացանք մեր օգնությունն էլ բերել:
Մենք պատրաստ ենք օգնել սահմանին կանգնած մեր զինվորներին և բնակիչներին: Մենք նույնպես գտնվում ենք սահմանամերձ գյուղում ու չենք պատրաստվում լքել մեր գյուղերը: Համոզված ենք, մեր հաստատ որոշումը կարող է ոգեշնչել մեր զինվորներին և կամավորներին, որպեսզի ամրապնդեն մեր դիրքերը:
Երբ գրում էի այս նյութը, այդ պահին լսվեցին ձայներ ու էլի կրակոցներ, որոնք ուղղված էին դիրքերին:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ: