amalya harutyunyan

Սարսափելի վերջն ու անորոշ սկիզբը

Ավտոբուսը կանգնեց:
-Էս մի հատ ստացեք:

Ավտոբուսի վարորդը չհասցրեց ոտքից գլուխ զննել ինձ, երբ ես արդեն հասել էի փողոցի մյուս կողմը: Ո՞ւր եմ գնում: Մետրո: Ինչո՞ւ: Չգիտեմ:
Եկա, ժետոն գնեցի: Ժետոն վաճառող կնոջ մասին չեմ գրի: Թող այդ մենաշնորհը Մարիամին մնա:
Արդեն շարժասանդուղքի վրա եմ: էսօր դանդաղ է ընթանում: Կամ էլ ես եմ շտապում, ու այսօր բոլոր առարկաների շարժն ինձ անկանոն է թվում:
Իջա: Միանգամից սառը օդը դիմավորեց ինձ: Բայց սա այն անտանելիներից չէ: Սա մարդուն ջերմացնող սառնություն է: Մետրոն երևի էն ամենաքիչ տեղերից է, որ մարդիկ չեն նայում վրաս, այլ ամեն մեկը իր սառնությունը գրկած՝ իր համար քայլում է:
Սպասում: Գնում եմ առաջ, գալիս եմ հետ, նախորդ վագոնից 1 րոպե է անցել: Այսինքն՝ դեռ 5-6 րոպե պիտի սպասեմ: Էլի ուշացել էի: Էնտեղ մի հայելի կա: Նայե՞մ, թե՞ ոչ: Նայեցի ու զգացի, որ էն հիմարի ժպիտը, երբ ես իմ ուզածն եմ անում, մատնում է ինձ: էնտեղ կարմիր գիծ կա, որից առաջ անցնել չի կարելի: Ամեն անգամ գալիս, կանգնում եմ այդ գծին, ու ոտքերս մի քիչ առաջ տանելով՝ անցնում այն: Ես երևի կյանքում էլ եմ էդպես…
Հեռվից աղմուկ, անկանոն ինչ-որ մեղեդի, ու վագոնը հասնում է մեզ:
Բոլորը իրենց ներս են գցում, ես էլ մի հարմար տեղ եմ գտնում ու կանգնում: Վագոնում միշտ պետք է մի ազատ նստարան մնա, ու մարդկանց հորդորներին, որ նստեմ, ես միշտ պետք է բացասական պատասխան տամ: Էլի կյանքիս քայլերը հիշեցի: Էլի համընկնում են:
Գնացինք:
Հանրապետության հրապարակ. էստեղի մարդիկ միշտ, չգիտես ինչու, շտապում են: Դե, որ շտապում են, արագ գնանք…
Զորավար Անդրանիկ. էստեղ իջնողներից մեկը միշտ պիտի հարցնի՝ էս Ռոսիա՞ն ա, ու իմ գլխով անելուց հետո հանգիստ իջնի:
Բա որ ինձ հարցնեն՝ ուր եմ գնում, ի՞նչ պիտի ասեմ: Երևի կպատասխանեմ՝ ուղղակի գնում եմ, երևի վերջին կանգառ: Ու էս հարցնողը մի լավ կզարմանա, շրջանաձև աչքերով կնայի ինձ ու կմտածի՝ էս խենթն ով էր:
Սասունցի Դավիթ. էստեղ միշտ մարզերից եկող կամ Երևանից մարզ գնացող ժողովուրդն է: Անկեղծ ասած՝ էստեղի մարդիկ ամենահետաքրքիրն են, ու էստեղի երիտասարդության աչքերն ամենաուժեղն են փայլում:
Սկսում ենք բաց տարածքում երթևեկել, սիրում եմ էդ կայարանները, դրանք ավելի են քո մեջ խորացնում էն երևակայական փաստը, որ դու փախչում ես քաղաքից: Որովհետև էնտեղ լքված շինություններն ու անպետք գնացքի գծերը շատ են:
Հա, մեկ էլ, ես միշտ փորձում եմ այդ ընթացքում տատիկիս տան շենքը փնտրել: Երբ մայրիկի հետ էինք, նա միշտ ցույց էր տալիս իմ ուզածը, իսկ հիմա ես ինքս չեմ կարողանում գտնել:Կյանքում էլ է այդպես:
Գործարանային. վագոնը դատարկվում է: Երևի մարդիկ վերջինին չեն ուզում հասնել:
Շենգավիթ. էս կանգառից հետո վագոնում միշտ մնում է մեկը, որը տուն է շտապում, իսկ թե ես՝ ուր, չգիտեմ:
Գարեգին Նժդեհ. հասանք: Վերջին կայարան: Ինչքան շատ են սիրում մարդիկ այս վերջին բառը: Վերջին զանգ, վերջին դաս, վերջին հանդիպում, վերջին կայարան: Մենք միշտ վերջն ենք կարևորում: Իսկ ինչո՞ւ ոչ սկիզբը, ես էլ մետրոն նստեցի կեսից, բաց թողեցի առաջին կայարանները, իսկ վերջն այդքան սիրում եմ:
Միգուցե մենք չենք հասկանում, որ ամեն ինչ հենց այդտեղ է վերջանում: Իսկ եթե ե՞ս փոխեմ: Ուղղակի չսիրեմ վերջին կանգառները ու համոզեմ, որ նրանք լավը չեն: Իսկ եթե մեր վերջը դարձնենք սկի՞զբ: Երևի դրա համար էլ գոյություն ունի հետադարձ վագոնը:
Բոլորը դուրս են գալիս, բոլորն անխտիր՝ բացի ինձնից:
Նայում եմ շուրջս, ամփոփում, թե քանի հոգի է նայելու ինձ ու որոշելու, որ ես խենթ եմ, ու գնում հակառակ վագոնը:
Վագոնը չի գնում: Վերջից խուսափող մարդկանց ենք սպասում: Շարժվեց: Շենգավիթում նույնպես կանգնում է երկար, ասես ինքն էլ հույսը չի կորցնում, որ մարդիկ պետք է հետ վերադառնան:
Հասնում եմ Երիտասարդական. իջնե՞մ, չէ, ես պիտի կարևորություն տամ սկզբին, պիտի հասնեմ սկիզբը:
Մարշալ Բաղրամյան. էստեղ մարդիկ քիչ իջան, երևի չսիրված փողոց էր:
Հասանք սկզբին՝ Բարեկամություն. ու կապ չունի, որ ես էստեղից ոչ մի երթուղային չգիտեմ, որ ինձ տուն կտանի, ես մեկ է` արդեն այստեղ եմ: Կյանքում էլ է այդպես, մենք անորոշ սկսում ենք սկիզբը ու հետո ենթարկվում քաղաքի կանոններին:
Ի դեպ, մետրոյի նոր կայարան են կառուցում, այսինքն՝ այն կայարանը, որը մենք վերջին ենք կոչում, այլևս վերջը չի լինի…