«Նորից գարնանային արձակուրդներն են, հանգստանալու շաբաթն է մոտենում, վերջապես ընտանիքով միասին կլինենք»,- մտածում էի ես և քայլում դեպի տուն:
Մեկ շաբաթ տանն ենք, 17-ի հոդվածները պիտի ուղարկեմ: Հավաքեցի սենյակս ու գնացի համակարգչի մոտ, մինչ համակարգիչը կմիանար, և ես կբացեի Word ծրագիրը, լսվեց մայրիկի ձայնը.
-Է՛մ, հլը արի՛:
-Ասա, մա՛մ:
-Մի հատ գնա ու հյուրասենյակը փոշեկուլով մաքրի, հետո սենյակներով կանցնես: Արագ-արագ կանես, չքնես կանգնած տեղդ:
Հազիվ ազատ ժամանակ ունեի, հիմա էս էլ կորցրի: Անցավ 1-2 ժամ, վերջացրի ու գնացի մայրիկի մոտ.
-Մա՛մ, այսօրվա համար վերջ, հա՞:
-Հետ արի՛, ի՞նչ վերջ, բա փոշինե՞րը:
-Թող մնա վաղը, հա՞, մա՛մ, գործ եմ անում համակարգչով:
-Կարո՞ղ ա էս գործ չի, արագացրո՛ւ։
Մի կերպ ինձ համոզելով՝ հավաքեցի տան փոշին:
-Մա՛մ, հիմա կարո՞ղ եմ լուռ հեռանալ:
-Իհարկե ո՛չ, սիրելիս, այսօր հյուրեր ենք ունենալու, վազիր խանութ ու արագ հետ արի:
Մի հոգնած հայացք նետեցի առավոտից խոհանոցում ճաշ պատրաստող մայրիկիս.
-Լավ, էս էլ կանեմ:
Հյուրերը եկան, և ազատ ժամանակը մեկ շաբաթվա համար դարձավ երազանք: Իսկ համակարգիչն արդեն անջատել էին, կամ էլ սպասելուց հոգնել էր: