Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Ստեփանակերտը

Ստեփանակերտը քաղաք է, ուր տանող ճանապարհով անվերջ գնում-գալիս են զինվորներին տեղափոխող մեքենաները:

Քաղաք է, որի ճանապարհին զինվորները երբեմն իրենց երազներն են թողնում:

Որի ճանապարհին, սակայն, շարունակում են երազել:

Ստեփանակերտը քաղաք է, ուր գալիս են աշխարհի տարբեր կողմերից, գալիս են զարմացած, ժպիտով…

Քաղաք է, ուր մարդիկ ժպտում են, որքան հնարավոր է:

Քաղաք, ուր ամեն քայլափոխի զինվորական համազգեստով մարդկանց տեսնելը սովորական է, ուր զինվորական համազգեստով են կարծես բոլորը՝ մեծից փոքր, աղջիկ ու տղա:

Ստեփանակերտը քաղաք է, որի հրապարակներում երեկոյան լսվում է «Ախպերս ու ես»-ը:

Քաղաք, որի հրապարակներն անգամ հուսադրում են «մամ ջան, չտխրես…»-ով:

Բայց նաև քաղաք է, որտեղ մայրերը տխրում են:

Ստեփանակերտը քաղաք է, որ կառուցվում է նաև գետնի տակ, որովհետև քաղաք է, որտեղ գետնի երեսին ապրելը մի քիչ վտանգավոր է:

Երբեմն՝ մի քիչ շատ:

Քաղաք, որտեղ դժվար է չփշաքաղվել առաջին այցով, որտեղ դժվար է թաքցնել հուզմունքը։

Ստեփանակերտը քաղաք է, որտեղ սիրում են, պայքարում, ծաղկում…

Քաղաք է, որը սիրում է ու ծաղկում:

Եվ քաղաք, որին սիրում են: