Հարցազրույց Սևան քաղաքի բնագիտական թանգարանի գիտաշխատող Անուշիկ Մկրտչյանի հետ
-Քանի՞ տարվա պատմություն ունի թանգարանը։
-Թանգարանն ունի երեսուն տարվա պատմություն, այն հիմնադրվել է 1987 թվականին։
-Պահպանվող կենդանիները Սևանի տարածաշրջանի կենդանիների խրտվիլակնե՞րն են, թե՞ ողջ հանրապետության:
-Ո՛չ, այստեղ կան միայն Գեղարքունիքի մարզի կենդանիների ցուցանմուշներ:
-Կա՞ն պահպանված ցեղատեսակներ, որոնցից ներկայումս միայն Կարմիր գրքում են:
-Այո՛, օրինակ իշխանը, որը 1978 թվականին գրանցվել է Կարմիր գրքում: Մեր մոտ կա իշխան, որը չափսերով մեծ է սովորական իշխանից։ Ժամանակին արտերկրից գալիս էին Հայաստան հատուկ Սևանի իշխան տանելու նպատակով:
-Տարածաշրջանում գտնվող բոլոր կենդանիների խրտվիլակներ ունե՞ք։
-Ո՛չ, այստեղ միայն Սևանի ավազանի կենդանիներ են։
-Իսկ այցելուներ ունենո՞ւմ եք։
-Իհարկե, եթե չունենայինք, թանգարանը կփակեինք:
-Իսկ ի՞նչ հաճախականությամբ են այցելում։
-Ամեն օր էլ գալիս են, բայց ամռանն այցելուները շատանում են, հատկապես՝ զբոսաշրջիկները։
-Ես տեսնում եմ, որ պայմաններն այդքան էլ լավ չեն, իսկ Դուք գոհ ե՞ք պայմաններից:
-Այո՛, գոհ եմ, թեև լավ կլիներ, եթե ցուցանմուշները հարստացնեին, շատացնեին, բայց ինչ էլ կա, լավ է։ Սևանի համար լավ է, Սևանի միակ թանգարանն է։