-Եթե կարելի է, պատմեք, թե ինչպես եք սկսել լուսանկարել, որտե՞ղ եք սովորել:
-Ես, կարելի է ասել, լուսանկարիչ դարձել եմ բախտի բերմամբ, որովհետև դա ամենևին պլանավորված չէր: Սովորում էի հագուստի ձևավորում և ուզում էի մոդելավորող դառնալ: Հետո հայրս ինձ ֆոտոապարատ նվիրեց (այդ ժամանակ ես 18 տարեկան էի) ու սկսեցի լուսանկարել մեր հարևաններին: Լուսանկարչությունը դարձավ իմ հոբբին: Շատ պատահմամբ մասնակցեցի Զավեն Խաչիկյանի կազմակերպած ֆոտոժուռնալիստիկայի դասընթացներին: Մեր հարևանները, որոնց ես լուսանկարում էի, շատ էին ոգևորված, ու մի անգամ նրանցից մեկը տեղեկացրեց, որ մի ստուդիայում աղջիկ լուսանկարիչ են փնտրում: Ես գնացի: Մոտավորապես 10-15 աղջիկ էին եկել: Լուսանկարիչը բոլորին հերթով ստուգում էր՝ ով ինչպես է աշխատում և վերջում ասաց .
-Ես քեզ եմ ընտրում, վաղվանից կարող ես գալ աշխատանքի:
Ես իմ կարիերան սկսեցի «Յուպիտեր» ֆոտոստուդիայում: Եվ մի տարի շարունակ այնտեղ անձնագրի և վինետկայի համար դիմանկարներ էի անում: Հետո պատահաբար նույն Զավեն Խաչիկյանը, որը «Արմենպրես»-ում ֆոտոխմբագիր էր աշխատում, զանգեց, ասաց, որ գնամ Արմենպրես. աշխատանք կա: Ես ասացի, որ չեմ կարող, որովհետև այն ստուդիայում հազիվ էի սովորել իմ գործը ճիշտ կատարել: Բայց ի վերջո գնացի, և սկսվեց դժոխքը: Դա 2002 թվականն էր, և դաշտում կին ֆոտոլրագրողներ չկային: Ֆոտոլրագրողները հիմնականում 40-50 տարեկան տղամարդիկ էին, ովքեր, երբ առաջին անգամ ինձ տեսան, հարցրին. «Ամուսինդ ո՞նց ա թողնում, որ աշխատես»: Որին հաջորդում էր. «էսօր ի՞նչ ես եփել»: Եվ նմանատիպ հեգնական հարցեր, որովհետև նրանք վստահ էին, որ այս դաշտը կնոջ տեղը չէ: Բայց երբ իմ լուսանկարները հայտնվեցին «Հայաստանի Հանրապետություն» թերթի առաջին էջին, դա շատ պատվաբեր էր, ու իրենք նկատեցին, որ իրենց հավասար աշխատում եմ: Այնուհետև 2004-2005 թթ. ֆոտոլրագրության հրաշալի կուրս եղավ՝ Ռուբեն Մանգասարյանի և World Press photo–ի կազմակերպած համատեղ կուրսերը, որը 9 ամիս տևեց: Այն ավելի ամրապնդեց իմ մասնագիտական հմտությունները: Հետո սկսեցի աշխատել ստուդիայում, թղթակցել «Երևան», «Ֆորում» ամսագրերին և «Ռոյթերս» գործակալությանը: Այսպես տարբեր փուլերով անցնում էի ու այդ ողջ ընթացքում մտածում. «Ի՞նչ եմ ուզում անել ես: Ո՞րն է իմ ասելիքը»:
Ու մի շատ հետաքրքիր դրվագով փոխվեց իմ հետագա կյանքը: Երբ սովորում էի Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտում, մի առաջադրանքի ժամանակ մեզ հանձնարարվեց դիմանկարի միջոցով ցույց տալ հարաբերություններ: Ցեղասպանության 90-րդ տարելիցն էր, և ես որոշեցի վերապրածի գտնել ու գտա 100-ամյա Ամլիկյան Ռամելային: Իմ արած ֆոտոն էլ հաղթող ճանաչվեց: Երկու տարի անց հասկացա, որ պիտի փնտրեմ ու գտնեմ որքան հնարավոր է շատ վերապրածների, և որքան հնարավոր է արագ, քանի որ նրանք տարիքով բավականին մեծ էին: Մի հուզիչ պատմություն կա շարքի ֆոտոներից մեկի հետ կապված: Գտա մի վերապրած կնոջ և, երբ նա ինձ տեսավ, փաթաթվեց ու սկսեց համբուրել ձեռքերս ու ասաց՝ ես գիտեի, որ դու կգաս: Հետո նրա տղաները պատմեցին, որ իրենց մորը Եղեռնի ժամանակ փրկել է մի ֆրանսուհի, ու ինքը ողջ կյանքում սպասել է նրան, ու խնդրեցին, որ ոչինչ չասեմ:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում 4 Plus-ը :
-Դա կոլեկտիվ խումբ է, որի հիմնադիր անդամն եմ: Մենք դասընթացներ և ցուցահանդեսներ ենք կազմակերպում ու հիմնականում ֆոկուսը դնում ենք կին լուսանկարիչներին աջակցելու ու խթանելու վրա:
-Արդյո՞ք Դուք կարծում եք, որ այս ասպարեզը իրոք կնոջ տեղը չէ և արդյո՞ք Ձեր մաշկի վրա զգացել եք դա :
-Ես երբևէ չեմ զգացել, որ դա կնոջ գործ չէ: Ինձ թվում է՝ բոլոր գործերն էլ կանայք կարող են անել և նույնիսկ ավելի լավ: Եթե դու զգում ես, որ կարող ես այդ գործը անել (իսկ ես դա զգում էի, որովհետև ուրիշ ասպարեզում ինձ չէի պատկերացնում), ուրեմն, կհասնես բարձունքների: Իմ մասնագիտությունը նաև իմ մտածելու ձևն է: Կանայք լուսանկարչության մեջ նոր ոճ են բերում, նրանք շատ ավելի հետևողական են ու խորը:
-Երբ բախվում են մասնագիտական հաջողությունները և մարդկային որակները, ֆոտոլրագրողն ի՞նչ պիտի անի :
-Ցանկացած պարագայում ես կարևորում եմ մարդկային կյանքը:
-Ինչպե՞ս եք ընտրում ֆոտոշարքերի թեմաները:
-Այն պետք է ինձ հուզի, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:
-Աշխարհում կա՞ն հայտնի կին լուսանկարիչներ:
-Դայան Արբուսը: Նա իմ ամենասիրելի կին լուսանկարիչն է ու ինձ ոգեշնչողը: Նա իսկական հեղաշրջում արեց, երբ 1930-ական թվականներին գնաց, շրջեց ԱՄՆ-ի գաղութներով, նկարեց փոքրամասնություններին ու մերժված մարդկանց:
Վերջում մեզ՝ պատանի թղթակիցներիս, խորհուրդ տվեց ազնիվ, պարզ ու համարձակ լինել, անընդհատ շարժվել ու անմնացորդ նվիրվել աշխատանքին:
Նյութը գրի առան` Աստղիկ Քեշիշյանն ու Ասպրամ Փարսադանյանը