Ամանորյա տոնը գեղեցիկ ու բարի հեքիաթ է, որ ամեն տարի գալիս է յուրաքանչյուրիս տուն: Հեքիաթ չէ, ի՞նչ է, եթե մոլորակի համայն մարդկությունը՝ մեծ թե փոքր, սևամորթ թե սպիտակ, առողջ թե հիվանդ, աղքատ թե հարուստ, հաջողակ թե ձախորդ, սիրված թե խռոված, երբ ղողանջում են Նոր տարավա սկիզբն ազդարարող զանգերը, անխտիր բարիանում ու մանկանում է, թեկուզ մի քանի վայրկյան: Բայց այդ, մի քանի վայրկյանի հավաքական բարության պաշարն է երևի, որ պահում է այս մոլորակը՝ չնայած ամեն կողմից հասնող չարագույժ լուրերին՝ մրրիկների ու ջրհեղեղների, հրդեհների ու երաշտների, համաճարակների ու այլևայլ աղետների մասին:
Նոր տարին բազմաթիվ նվերների ու ավելի լավն ակնկալելու հույսեր է բերում: Մեզանից յուրաքանչյուրը ասես երեխա է դառնում. մեզ շրջապատող իրականությունը սկսում ենք մանկան աչքերով ընկալել, թեև վաղուց արդեն հասուն մարդ ենք: Այս օրերին այնպես ես ուզում հավատալ Ձմեռ պապին ու Ձյունանուշին, այնպես ես սպասում, որ իսկապես այցելեն քո տուն:
Եվ այս ամենի պատճառը Նոր տարին է, երբ նորոգվում են ամենաբաղձալի երազանքները: Պետք է միայն հավատալ բարուն, հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, և մեզ ամեն ինչ հաջողվելու է:
Նոր տարին իրական շփումների մի շրջան է, երբ պետք է վայելել հարազատների, ընկերների, սիրելիների ներկայությունը, մինչդեռ մենք շատ հաճախ շփման նմանակում ենք անում. գրում ենք sms-ներ, զրուցում չաթերում: Ընկերների հետ խոսելու փոխարեն՝ մենք էլեկտրոնային նամակներ ենք ուղարկում: Ախր, ցանցում շփվելու համար աչքերի մեջ նայելու, ժպտալու և ձայնի հնչերանգով շոյվելու կարիք չկա: Այդ ամենը պարզապես պատկերում ենք անհասկանալի նշանների միջոցով: Եթե սմայլիկ, օգտատերը ժպտում է, թարս սմայլիկ՝ օգտատերը նեղացած է: Ցանցում մենք իբր շփվում ենք՝ մոռանալով, որ իրական շփման ընթացքում տեղեկություն փոխանակելուց զատ, նաև փոխանակվում ենք էներգիայով, ջերմությամբ, սիրով, իրականությամբ:
Առանց դրանց մեր շփումը կորցնում է ամենագլխավոր իմաստը:
Ցանկանում եմ, որ Ամանորին մեր կյանքում հնարավորինս շատ լինի իրականը. իրական ընտանեկան երջանկություն, իրական սեր, իրական ընկերություն, իրական տոն: Եվ գոնե Ամանորի գիշերը հրաժարվենք sms-ներ ուղարկելուց. խոսե՛նք և լսե՛նք նրա ձայնը, ով մեզ համար իրոք թանկ է: