Երևանի պետական համալսարանն արդեն 100 տարեկան է։ Իր թերություններով ու առավելություններով հանդերձ այն եղել ու մնում է մեր մայր բուհը։
Մինչ «հոբելյանական» շրջանավարտները պատվով կամ պատվիրված դիպլոմայինով ավարտեցին համալսարանը, ոգևորված դիմորդներին հիասթափություն է սպասվում, քանզի իրենց ճոխ պատկերացումները չեն համապատասխանելու անշուք իրականությանը։
Նորեկները մտածում են, որ ինչպես ամերիկյան գրավիչ ֆիլմերում, ԵՊՀ ուսանողն ունի իր համար առանձնացված պահարան, որտեղ կարող է պահել գրքերը, տետրերը, պայուսակը կամ սիրային նամակները։ Այնինչ մեր համալսարանում նույնիսկ կախիչներ չկան վերարկուների համար։
Դիմորդները կարծում են, որ ԵՊՀ բակում հաճելի տրամադրություն ստեղծող շատրվաններ կան, բայց կհիասթափվեն, քանի որ դրանք ոչ մի անգամ էլ չեն միացել։ Ասեմ ավելին, նախկին ռեկտորը դեռ մեկ տարի առաջ ասել էր, որ քանդվելու են դրանք։ Ոչինչ չասող այդ անիմաստ խողովակները դեռ կանգուն են։
Ապագա ուսանողները հուսով են, ոմանք էլ ՀՈՒՅՍՈՎ, որ կարող են ազատ ժամանակն անցկացնել խոտածածկ գորգի վրա։ Միշտ քաղցած սովորողները կնստեն կանաչների վրա ու մի բան կուտեն, մյուսները կպարապեն կամ կաշխատեն համակարգչով։ Ցավում եմ, բայց մեր բակի խոտերը միայն շների, կատուների ու ագռավների համար են։
Միակ ոգեշնչող բանը թվում է գրադարանը պիտի լինի՝ մեծ, լուսավոր։ Բայց հույս չունենաք, թե ձեզ կթողնեն ազատ շրջել, գիրքը ընտրել, գրանցել ու դուրս գալ։ Այստեղ ձեզ դիմավորելու են տարեց կանայք, որ անժպիտ դեմքերով պիտի սպասարկեն։
Եվ վերջապես, ի՞նչ համալսարանական օր առանց ԵՊՀ սև փիառի։ Աղջիկները սարսափով են անցնում դալան-պահակակետով, որ հսկում է կառե, գանգուր մազերով, խիտ մորուքով, կեղտոտ շորերով ու անտանելի նայվածքով մի տղամարդ։ Առանց ցածրաձայն հայհոյանքներ կամ հիացական մրթմրթոցներ լսելու չես կարող անցնել, եթե գեղեցիկ հագուստ ես կրում։ Նա մեր համալսարանի կոլորիտ դարձած Բգոն է, ով իրավագիտության ամենահարուստ ֆակուլտետի տղաների հետ թանկարժեք հարաբերությունների մեջ է։ Նրան վտարել չեն կարող․ թվարկածս գործառույթներից զատ նա մաքրում է համալսարանի տարածքը։
Կլինեն հետաքրքիր դասեր՝ միայն հարց ու պատասխանի, քննարկումների ձևաչափով, որ կթարմացնեն ձեզ ու կզարգացնեն ձեր վերլուծելու կարողությունը։ Կլինեն դասախոսներ, որ ձեզ կա՛մ կներգրավեն դասի մեջ, կա՛մ իրենց միապաղաղ ձայնով կքնեցնեն։ Կունենաք հետաքրքիր հյուրեր, հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ։ Իսկ ձեր ժամանցը կապահովեն ուսխորհուրդը կամ գիտխորհուրդը․ ուսանողական կառույցներ, որ զբաղվում են մեր իրավունքների պաշտպանությամբ, համալսարանի կառավարմամբ ու միջոցառումների կազմակերպմամբ։
Ահա փոքրիկ տեղեկատու իրական ԵՊՀ-ի նկարագրությամբ, որ կօգնի ձեզ չհիասթափվել ու տեղեկացված լինել։ Իսկ եթե դեռ չես կողմնորոշվել՝ ի՞նչ անել, հիշիր, որ Սթիվ Ջոբսը, Բիլ Գեյթսը, Ցուկենբերգն ու էլի շատերը դիպլոմ չեն ունեցել։ Իսկ եթե դու անգամ նրանց չես ճանաչում, ավելի լավ է զբաղվիր ինքնակրթությամբ կամ ընկերացիր մեր Բգոյի հետ։