Անցյալ տարի որոշել էի անցկացնել սոցհարցում դպրոցի շրջանակներում՝ 4-րդից մինչև 9-րդ դասարանի աշակերտների հետ: Ինչ-որ նպատակ չունեի, զուտ հետաքրքրության համար: Կարծեմ գրել էի 4 հարց՝ ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը, ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը և որտե՞ղ է ծնվել, քանի՞ տառ կա հայոց այբուբենում և ձեր վերջին կարդացած գիրքը: Մեկ օրում, դասամիջոցների ընթացքում պատահական երեխաների մոտենալով հարցրել և նկարահանել եմ նրանց պատասխանները:
Ճիշտն ասած, հիասթափվել էի:
Այն հարցին, թե ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը, 20-ից 5-ը պատասխանել էին Հովհաննես Թումանյանը: Ձեր վերջին կարդացած գիրքը հարցին՝ չեմ հիշում: Քանի տառ ունի այբուբենը՝ 17, 45 և այլն: Մի խոսքով, հասկացա, որ իրոք, երեխաներն էլ չեն սովորում: Նկարահանած վիդեոները ուսուցիչներին ցույց տալուց հետո նրանք նույնպես զարմացան, բայց շատերը պատասխանեցին.
-Եթե չեն սովորում, չեն էլ սովորի:
Ցավոք, վիդեոները հիմա չկան, բայց ծրագրում եմ այս տարի ևս նման հարցում անցկացնել: