(Հասցեն՝ տիեզերք)
Եթե դու կարդում ես այս նյութը, ուրեմն պիտի որ սիրես ընթերցանությունը, իսկ եթե ես սխալվում եմ, կարող ես չշարունակել, որովհետեւ հիմա պատմելու եմ մի գրքի մասին, որը ավելի շատ բան է սովորեցնում, քան դպրոցական որեւէ դասագիրք: Խոսքս Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» գրքի մասին է:
Ես հազիվ դպրոցահասակ էի, երբ առաջին անգամ ճանաչեցի Իշխանին՝ իհարկե չհասկանալով այնպես, ինչպես պետք էր: Այնպես որ, եթե մեկ անգամ կարդալով` գիրքը քեզ ոչինչ չի տվել, դեռևս պետք չէ հուսահատվել:
Իմ երկրորդ հանդիպումը ավելի լուրջ ծանոթություն էր. այդ ընթացքում ես սովորեցի ճանաչել ինձ, մարդկանց, աշխարհը: Սա արդեն մեծ քայլ էր: Հետո եկավ երրորդը. այդ ժամանակ պարզապես ապրում էի ամեն տողն ու բառը, որովհետև իսկապես հասկանում էի: Իսկ այն, ինչ հասկանում ես, պիտի որ գոնե մի փոքր սիրես: «Փոքրիկ Իշխանը» այն գիրքն է, որն անվերջ կարելի է վերընթերցել, և եթե դու կարդացել ես այն՝ գոնե մի քիչ հասկանալով, ապա անպայման կհամաձայնես ինձ հետ, իսկ եթե ոչ, ուրեմն շտապի՜ր:
Իմ գրասեղանին, օրինակ, միշտ երևում է Փոքրիկը, որի հետ մի քանի անգամ ճամփորդել եմ տիեզերքում, նույնիսկ հանդիպել այն թռչունին, որին մանկություն են անվանում: Մեծերը սիրում են անուններ տալ, այնինչ բաներ կան, որոնց չի կարելի բառեր վերագրել. զգացողությունը ավելին է, քան…
Իշխանի տիեզերքում բազում մոլորակներ կան: Ես, օրինակ, սիրում եմ Հինգերորդը, որտեղ դեռ ապրում է ծեր լապտերավառը: Մեկ օրվա ընթացքում նա 1440 անգամ դիմավորում է մայրամուտը, բայց, ցավոք, շատ է հոգնած լինում: Երբեմն մենք էլ հոգնած լինելով չենք նկատում ամենագեղեցիկը, որ մեր կողքին է հենց: Բայց ես երբեմն շտապում եմ տանիք, երբ տխուր եմ լինում, որովհետև Իշխանն ինձ սովորեցրել է՝ երբ տխուր ես, լավ է վերջալույսին նայելը: Հավատա՛ նրան, նա երբեք չի խաբում: Նա սովորեցնում է լինել ազնիվ թե խոսքերի մեջ, թե արարքներում, տեսնել բարին և գնահատել այն, սովորեցնում է ընտելանալ, ասել է թե՝ կապվել, և երբեք վատը չփնտրել դրա մեջ: Մենք կապվում ենք մեր մարդկանց, և քաղաքները, որտեղ նրանք են, դառնում են հարազատ: Ի՞նչ վատ է հարազատ քաղաքներ կամ մոլորակներ ունենալը: Կապվում ենք մեր կենդանիների հետ, ինչպես Իշխանը՝ իր աղվեսի, ովքեր հավատարիմ են ավելի, քան մենք:
-Ու որքա՜ն հրաշալի կլինի, երբ ընտելացնես ինձ. ոսկեգույն ցորենն ինձ կսկսի հիշեցնել քո մասին, ու ես կսիրեմ քամուց օրորվող հասկերի խշշոցը, – մի անգամ ասաց աղվեսը ու չսխալվեց:
Եթե դու ուզում ես տեսնել Իշխանին, նրա հասցեն տիեզերքն է, ավելի ստույգ՝ Աստղակերպ B-612-ը, բայց այնտեղ հասնելու համար պետք է անպայման կարդալ և մի լավ հասկանալ և ոչ մի դեպքում չմոռանալ նրան: Պետք է հաճախ վերադառնալ Իշխանին. ինչպես մենք, այնպես էլ նա, միշտ ունի լավ ընկերոջ կարիք, ով պատրաստ կլինի լսել իրեն ու օգնել գտնելու բոլոր հարցերի ամենաճիշտ պատասխանները: Ւսկ այդ պատասխանները ճիշտ ընտելացնելու և մեկընդմիշտ պատասխանատու լինելու մեջ են: Պատասխանատու լինենք միմյանց նկատմամբ եւ չվախենանք անկեղծ ընկեր լինելուց: Ի վերջո բոլորիս մեջ էլ ապրում է մի փոքրիկ իշխան, ում ոչ մի մեծահասակ երբեք չի կարողանա հասկանալ…
Իմ սիրած մեջբերումները «Փոքրիկ Իշխանից»
1. Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը:
2. Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում:
3. Մեծահասակները երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
4. Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:
5. Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
6. Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
7. Միայն սիրտն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի:
8. Շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
9. – Կուզեի իմանալ, թե աստղերը ինչո՞ւ են փայլում,- մտածեց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:
10 .– Էլ մի ձգձգիր, դա անտանելի է…Եթե որոշել ես գնալ՝ գնա: