Եթե մի օր ձեռքումդ հայտնվի իմ կյանքի օրագիրը, ու դու ցանկանաս կարդալ և ոգևորությամբ բացես այն, առաջին էջի առաջին նախադասությունը, որ կկարդաս, կլինի ոչ թե «Բարև, իմ անունը Թագուհի է», այլ «ես սիրում եմ գրել»: Այո՛, ես շատ եմ սիրում գրել, և երբ ուրիշները ընկճախտից ազատվելու իրենց մեթոդն են ասում, ես հիշում եմ, որ իմ մեթոդն ամենալավն է. պարզապես վերցրո՛ւ մի գրիչ ու սկսիր «գոռալ» թղթի վրա, գրի՛ր այն ամենի մասին, ինչը զայրացնում է քեզ․ հաստատ կօգնի:
Հա, ճիշտ ես հասկացել, ես թեմայից շեղվելու ակնհայտ տաղանդ ունեմ, այնքան տաղանդավոր եմ, որ մի անգամ ուսուցչուհուս հանձնարարած «Բերքահավաք» վերնագրով շարադրության մեջ մի ամբողջ կյանքի պատմություն էի պատմել և շրջանցել բերքահավաքի սուրբ ծեսը: Ինչևէ, քանի հիշել եմ գրելուս բուն թեման, ուզում եմ կիսվել իմ տպավորություններով 2020 թվականի ընդունելության քննությունների վերաբերյալ: Սկզբում ես շատ վախեցած էի, դե լավ, մի քիչ չափազանցնում եմ. ես նորմալ վախեցած էի: Բայց երբ սկսվեց քննությունը, և ես բացեցի թեստը, պարզապես ուրախությունից ծիծաղում էի (Չարենցավանի թիվ 1 դպրոցում հայոց լեզվի քննություն հանձնողների առաջին խումբ, հուսով եմ՝ չեք նկատել իմ ոչ նորմալ պահվածքը): Հետո այդպես երջանիկ դեմքով ես հանձնեցի քննությունը և (գլուխ գովել չհամարե՛ք) առաջինը դուրս եկա քննական սենյակից: Բոլոր ծնողները ինձ հարցուփորձ էին անում, իսկ ես կյանք տեսած իմաստունի հայացքով պատասխանում էի.
-Շատ հեշտ է: Եթե պարապել են, կընդունվեն:
Այսքանից հետո, սիրելի՛ ընթերցողներ, մի քիչ կհիասթափվեք, որովհետև երևի կմտածեք, որ հաստատ 20 ստացած կլինեմ, բայց չէ, 16 եմ ստացել։ Ամենևին չեմ տխրել, որովետև ես քննությանը մեն-մենակ եմ պատրաստվել, և ոչ մի ուսուցիչ ինձ հավելյալ դասեր չի տվել։ Ես եմ եղել թե՛ աշակերտը, թե՛ ուսուցիչը:
Իսկ հիմա՝ քննությունից հետո, ես ուզում եմ ասել հաջորդ տարվա դիմորդներին իմ թևավոր դարձած խոսքը, որով ես իմ դասընկերներին էի ոգևորում քննությունների ժամանակ․ «Ոչ թե առաջ, այլ վեր»։
Հ. Գ. Ի միջի այլոց, ես սովորելու եմ բանասիրական ֆակուլտետում և կարծում եմ, որ գրելու հանդեպ ունեցած մեծ սերն ինձ ուղղեց այստեղ: