Ես՝ սիրելով բոլոր եղանակները, ամենից շատ սիրում եմ ձմեռը: Ձմեռն ունի իր յուրահատկությունները ինչպես և մյուս եղանակները: Ինչպես բոլորը, այդպես էլ ես, սիրում եմ ձմեռային արձակուրդները: Ոմանք լսելով այս արձակուրդների երկարացման մասին ուրախացել էին, իսկ ես ոչ, քանի որ իմացա, որ շաբաթ օրերին պետք է լրացնենք բաց թողնված դասի օրերը: Եվ երբ տանը պարապությունից չգիտեի ինչ անել, որոշեցի գնալ պապիկենցս տուն: Ես երբ հասա այնտեղ՝ տատիկս ինձ տվեց բլիթներ և թեյ, քանի որ ես շատ սառած էի: Բոլորն էլ գիտեն, որ ձմռան ամենաբարդ գործերից մեկը դա ձյուն մաքրելն է: Մի քիչ նստելուց հետո ես դուրս եկա բակ, այնտեղ տեսա պապիկիս, որը ձյուն էր մաքրում: Ես շուտափույթ վազեցի ներս և կանչեցի եղբայրներիս: Մենք դուրս եկանք բակ, պապիկս կարծեց, թե գնում ենք խաղալու: Բայց իրականում մենք եկել էինք նրան օգնելու: Մենք երբ սկսցեինք գործը, պապիկը ասաց.
-Մե քելեք է, էտ ձեր խելքի բանը չի:
Եղբայրներիցս Հարութն ասաց.
-Լավ էլի, պապիկ, դու գնա տուն հանգստացի, կգաս կտեսնես, որ վերջացրել ենք:
Պապս գնաց տուն, և մենք անհապաղ սկսեցինք գործը: Այնքան էինք տարվել գործով, որ նույնիսկ չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը:
Երբ վերջացրեցինք, կանչեցինք պապիկին: Նա տեսնելով մեր գործը, ասաց.
-Իմ թոռներն ուրիշ են, էլի:
Ճիշտ է, մեջքներս մի քիչ ցավում էր, բայց մենք հասկացանք, որ շատ լավ գործ կատարեցինք և հասկացանք, թե պապիկը ինչքան է չարչարվում: