Դե, երևի արդեն կարդացել եք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին կամավոր երեխեքի նյութերը իրենց կամավորական փորձի մասին օդանավակայանում, հյուրանոցում, Ֆրանկոֆոնիայի ավանում և այլուր, ու ես մի քիչ ուշացած եմ (դե՜, ինչպես միշտ, էլի), բայց, այնուամենայնիվ, ես էլ մի քիչ պատվիրակություններին ուղեկցելու մասին պատմեմ: Չգիտեմ՝ երեխեքը պատմել են արդեն, թե չէ, բայց նախորդող շաբաթվա համար հավաքագրվել էին 1000-ից ավելի կամավորներ ու նրանց դեռ ամառվանից փորձում էին համակարգել 5 խմբի մեջ՝ օդանավակայան, հյուրանոցներ, Ծիծեռնակաբերդ, Մարզահամերգային համալիր ու պատվիրակությունների ուղեկցում: Դե՜, երկար դես ու դեն ընկնելուց հետո էնպես ստացվեց, որ ես վերջնականապես «հաստատվեցի» վերջին խմբում, ու ամեն ինչ սկսվեց:
Չգիտեմ, մյուս խմբերի կամավորներին` ոնց, բայց մեզ այնքան էին նախապատրաստական աշխատանքների համար ԱԳՆ կանչում, որ երբեմն թվում էր՝ իմ երկրորդ տունը ոչ թե դպրոցն (արդեն համալսարանն) է, այլ նախարարությունը: Բայց խնդիրն այն էր, որ նախապատրաստական աշխատանքների էությունն այդպես էլ շարունակում էր սահմանափակված մնալ միայն թեորիայի՝ հսկայածավալ ինֆորմացիայի ու պարտականությունների ցանկի մեջ, որից գլուխ սկսեցինք հանել միայն վերջին մեկ շաբաթը՝ մեր պատվիրակությունների անուններն ու տվյալներն իմանալուց հետո: Ի դեպ, դրան մենք սպասում էինք անհամբեր ու մի թաքուն վախով, որովհետև սրտի խորքում բոլորս էլ հույս ունեինք ստանալ Ֆրանսիայի կամ գոնե Կանադայի պատվիրակությունները (դե՜, Մակրոնին կամ Թրյուդոյին անգամ մոտիկից տեսնելն էր շատերի համար երազանք, ուր մնաց՝ ուղեկցելը) ու չստանալ այնպիսի մի երկիր, որի անունն անգամ չենք լսել երբևէ (իսկ դա շատ էլ հնարավոր էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցող երկրների ցանկը տեսնելով): Եվ քանի որ Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այնպես, ինչպես մեր գյուղի սովետական սառնարանն ամռանը, մենք այդ լուրը ստացանք մեր պատվիրակությունների ժամանումից 5-6 օր առաջ միայն՝ շատ սպասված հեռախոսազանգի միջոցով:
-Էլլա ջան,- այն պահին, երբ լսափողի այն կողմից պիտի լսվեր այդքան սպասված երկրի անունը ես հստակ զգում էի սրտիս զարկերի արագությունը՝ չնայած ավտոբուսում եղած աղմուկին, որովհետև ընկերներիս փորձից արդեն գիտեի, որ կարող է հնչել Մոզամբիկի, Տոգոյի կամ, ասենք, Սենթ-Լյուսիի անունը,- Դուք ուղեկցելու եք Ուրուգվայի պատվիրակությանը,- ես երևի թեթև ժպտացի,- Ձեզ կուղարկենք պատվիրակության տվյալները:
-Շնորհակալություն,- ասացի ես ու անջատեցի հեռախոսս՝ մտածելով, որ ամեն դեպքում բախտի հարցում բախտս բերել է:
«Ուրուգվա՞յ: Վատ չի: Դե՜, առնվազն գիտեմ՝ աշխարհի որ կետում է գտնվում, որն է մայրաքաղաքը, պաշտոնական լեզուն ու կրոնը: Հա՜, մեկ էլ հիշում եմ, որ Ուրուգվայն է առաջինը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրոշն էլ կապտավուն է կարծեմ: Չէ՜, ահագին էլ բան գիտեմ փաստորեն: Նույնիսկ լավ է: Գուցե մի քիչ իսպաներեն էլ խոսեմ դեռ»:
Պարզվեց, որ բախտի հարցում բախտս ոչ թե մի քիչ, այլ շատ էր բերել: Իմ ուղեկցությանը վստահված պատվիրակությունը բաղկացած էր միայն մեկ անդամից՝ Ուրուգվայի դեսպանից, ով նաև պատվիրակության ղեկավարն էր, Մշտական խորհրդին, Նախարարական խորհրդին և բուն գագաթնաժողովին Ուրուգվայի ներկայացուցիչը, իսկ ինչպես պարզվեց նաև հետագայում՝ մի հրաշալի, լատինաամերիկյան կոլորիտով անձնավորություն, որի հետ լեզու գտնելը բավականին հեշտ էր՝ չնայած երբեմն-երբեմն պատահող «դեսպանային» կամակորություններին ու սկզբունքայնությանը: Դե՜, առնվազն պատասխան ստանալու համար նրան պետք չէր դիմել «Ձերդ գերազանցություն»-ով՝ ի տարբերություն որոշ այլ պատվիրակությունների անդամների, իսկ մեզ տրամադրված մեքենայում նա հայտնվում էր միայն այն բանից հետո, երբ իմ հետևից փակում էր մեքենայի դուռն ու համոզվում, որ ողջ-առողջ եմ, ու նույնիսկ առաջարկում էր, որ մեքենան սկզբում ինձ տանի տուն և նոր միայն իրեն՝ հյուրանոց, որպեսզի ես հնարավորինս շուտ տուն հասնեմ ու քնեմ, հոգնած կլինեմ:
-Գիտե՞ք՝ Դուք հաստատ ինձնից ավելի շատ եք հոգնում այս օրերի ընթացքում,- ասաց մի անգամ, երբ էլի շուտ էր լքել հավաքույթը ինձ երկար սպասել չտալու համար:
-Ինչո՞ւ,- զարմացա ես:
-Որովհետև չկա ոչինչ ավելի հոգնեցուցիչ, քան սպասելն է,- նրա խոսքը հնչեց որպես վաղուց հաստատված ճշմարտություն,- ես դա հաստատ գիտեմ, որովհետև երբ դեսպանի կցորդ էի, ես ստիպված էի անընդհատ սպասել: Դա հոգնեցնում էր, ես չեմ մոռացել:
Նա չէր մոռացել, ու գուցե դա էր պատճառը, որ հաճախ մինչև վերջ չէր մասնակցում նիստերին կամ պետական ընթրիքներին, խուսափում էր ոչ պարտադիր միջոցառումներին ներկա լինելուց՝ գուցե հավես չունենալու, գուցե՝ ինձ ավելորդ անգամ չսպասեցնելու ու չհոգնեցնելու համար, որովհետև, այո՛, սպասումն ամենահոգնեցուցիչ բանն է աշխարհում:
Չէ՜, հրաշալի մարդ է պարոն Սգարբին ու հենց իր նման մարդկանց հանդիպելու, նրանց լսելու, նրանցով հիանալու, նրանցից սովորելու ու մի քիչ էլ նրանց քաղաքիդ սովորեցնելու համար արժեր մեկ շաբաթով դուրս գալ կյանքի սովորական հունից ու անշահախնդրորեն լծվել մի գործի, որը պահանջում է պատրաստակամ ժպիտ՝ անկախ տրամադրությունիցդ, խնդիրները (որոնք մեծամասամբ ԱԳՆ-ի՝ սովետական սառնարանից էլ վատ աշխատելու արդյունքում էին ծնվում) արագորեն հարթելու ունակություն, դե՜ մի քիչ էլ անքնություն ու էներգիա, ու փոխարենը տալիս հնարավորություն՝ ուղեկցելու մարդկանց, որոնցից կարելի է անվերջ սովորել…