Mariam Ghazaryan

Ես գնացի…

Ես գնացի…

ոչ թե որովհետև քեզ չէի ուզում,

այլ որովհետև մնալը արդեն ինձնից կտորներ էր պոկում։

Ես քեզ սիրում էի՝ առանց հաշվարկի,

մերկ, չպաշտպանված, անհարմար։

Իսկ դու…

մոտենում էիր՝ կարծես ոտքդ սառույցին ես դնում։

 

Չեմ ասում՝ պարտավոր էիր։

Դու նույնիսկ չես խոստացել։

Բայց ես խոստացել էի ինձ՝ քեզ սպասել։

Ու մոռացել էի՝ դու երբեք չէիր ասել,

որ գալու ես։

Ու ես մնացի՝

մի քիչ երեխա, մի քիչ մեծահասակ։

Մի ձեռքում՝ քեզ գրկելու կարոտը,

մյուսում՝ քեզ հանգիստ թողնելու փորձը։

Հաղթեց մենակությունը՝

գլուխը կախ, քայլերով, որ չլսես՝ գնում եմ։

Դու վատը չէիր։

Ես էլ  լավագույնը չեղա։

Բայց մենք բաց թողեցինք ինչ-որ պահ,

այն մեկը՝ երբ պետք էր լռության փոխարեն հարց տալ՝

«Ի՞նչ ես զգում»։

 

Եթե մի օր ինձ նայես՝ լռությամբ,

ու ճանաչես աչքերում մի բան, որ թվում էր՝ մոռացել ես,

իմացիր՝

ես ընտրեցի հեռանալ՝ առանց աղմուկի։

Որովհետև մենակ ինձ ցավեցնելու տարբերակը՝

ամենափափուկն էր քեզ համար։

Ու հիմա,

երբ արդեն չկաս իմ կողքին,

ես դեռ սիրում եմ քեզ։

Սիրում եմ այնպես,

ինչպես չեն ասում։

 

Սիրում եմ՝

շատ լուռ։