
Լուսանկարը՝ Մհեր Դավթյանի
Լուսանկարը՝ Մհեր Դավթյանի
Ես իմ կյանքում չունեմ այնպիսի մի անձնավորություն, որին կցանկանայի նմանվել, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական կյանքը, մտածողությունը, ոճը, արդուզարդը, քայլվածքը… Այն, ինչ գեղեցկացնում է ուրիշին, միգուցե ուրիշին տգեղացնի։ Փորձում եմ իմ հարազատներից վերցնել նրանց դրական հատկանիշները, որոնք ավելի հոգեհարազատ են ինձ։ Պապիկս, տատիկս և հորաքույրներս եղել են մանկավարժներ, ցանկանում եմ նրանց նման լինել խելացի և վաստակավոր։ Ցանկանում եմ հայրիկիս նման լինել կարգ ու կանոնով, կոկիկ, ազնիվ, ընկերասեր, խելացի։ Մայրիկս, մորաքույրս և տատիկս նույնպես մանկավարժներ են։ Ցանկանում եմ մայրիկիս նման լինել ճշտապահ, պարտաճանաչ, գեղեցիկ, կոկիկ, մորաքրոջս նման հեզ, մեղմ բնավորության տեր անձնավորություն, տատիկիս նման լավ մարդ, խելացի և հարգված անձնավորություն։ Պապիկս շինարար է` ցանկանում եմ նրա նման լինել կառուցող, որպեսզի կարողանամ այս բարդ կյանքում ինձ համար կառուցեմ նորանոր բարձունքներ։ Ճիշտ է, իմ հարազատներն էլ ունեն թերություններ, բայց ես նրանցից ընկալում եմ միայն լավը։
Սիրուշ Մկրտչյան
Միակ մարդը, ում կուզենայի նմանվել, իմ հայրիկն է: Ես նրան աշխարհում ամենաշատն եմ սիրում, նա իմ իդելան է: Նա իսկական տղամարդ է: Հայրս նկարիչ-քանդակագործ է, բայց ես նրան հոգեբան եմ ասում: Մայրիկիս հետ չեմ կարողանում կիսվել, բայց հայրիկիս հետ կարողանում եմ, նա շատ ճիշտ խորհուրդներ է տալիս: Հայրիկս բարի մարդ է: Ընդհանրապես չի բորբոքվում և չի ջղայնանում իմ ամեն մի սխալի վրա, այլ բացատրում է այնպես, որ այդ սխալը երկրորդ անգամ չեմ անում: Սիրում եմ, որ նա նյութականի վրա ուշադրություն չի դարձնում, փող չի սիրում, հիմա կասեք, թե կա՞ արդյոք այդպիսի մարդ, որ փող չի սիրում, ասեմ, որ կա:
Նա շատ-շատ աշխատասեր և ընտանիքին նվիրված է: Ինձ վրա միշտ բարկանում է, թե ինչու եմ այդքան ծույլ, որ իմ ծուլության պատճառով արդյունքների չեմ հասնի: Ես շատ եմ ուզում նմանվել հայրիկիս, որպեսզի նյութապաշտ չլինեմ, ամեն մի հարցի ուրիշ տեսանկյունից նայեմ: Նա շատ դրական կողմեր ունի, հենց այդ պատճառով էլ ուզում եմ նմանվել նրան:
Նատալի Թիզյան
Մայրիկիս անունը Աննա է։ Ես շատ եմ ուզում նմանվել նրան, քանի որ նա շատ խելացի է, համբերատար, աշխատասեր, նվիրված, և լավատես: Քանի որ ես շատ անհամբեր եմ, ինձ հատկապես դուր է գալիս նրա համբերությունը։ Նա երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում, որպես դաստիարակչուհի և դաշնակարուհի։ Նա բոլոր երեխաներին շատ լավ է վերաբերվել և ոչ մի խտրականություն չի դրել նրանց մեջ։ Այդ պատճառով բոլոր երեխաները նրա հետ շատ էին կապված և շատ էին սիրում։ Հիմա մեր մանկապարատեզը փակվել է, և երբ երեխաները նրան տեսնում են փողոցում, մոտենում են, զրուցում, ասում են, որ շատ են կարոտել։ Եվ ես տեսնում եմ, որ բոլորը նրան հարգում ու սիրում են, դրա համար էլ ուզում եմ նրան նմանվել։
Տաթև Թորոսյան
Բոլորն էլ ունեն իրենց իդեալները: Ոմանց համար իդեալ են հայտնի աստղերը, ոմանց համար` սովորական մարդիկ: Կան մարդիկ, ում իդեալները իրական կյանքում չկան, հորինված կերպարներ են, ում իրենք ողջ կյանքում փնտրում են: Ամեն մարդ ինքն իր նման է, բայց իմ կածիքով, բոլորն էլ իրենց սրտի խորքում ինչ-որ մեկին ուզում են նմանվել: Ես ուզում եմ նմանվել մայրիկիս, ոչ թե նրա համար, որ նա իմ մայրն է, այլ նրա համար, որ հավանում եմ նրան որպես մարդ: Ինձ դուր է գալիս մայրիկիս մեղմությունը, նա երբեք ձայնը չի բարձրացնում, բայց ոչ ես, ոչ քույրս նրան չենք առարկում, մի հայացք բավական է, որ մենք հասկանանք: Նա աշխատասեր է, այսօրվա գործը վաղվան չի թողնում: Ես ուզում եմ նմանվել նրան:
Տաթևիկ Խաչատրյան
Ես միշտ ցանկացել եմ նմանվել իմ մայրիկին։ Իմ մայրիկը հետ չի կանգնում իր նպատակներից և, եթե սկսում է որևէ գործ, ապա այն հասցնում է ավարտին։ Չնայած, որ ասում են` մայրիկիս շատ եմ նման արտաքինով, այնուամենայնիվ, ուզում եմ, որ բնավորությամբ էլ մայրիկիս նմանվեմ։ Ի տարբերություն իմ մայրիկի՝ ես սկսածս գործը ավարտին չեմ հասցնում, շուտ եմ հոգնում և հիասթափվում։ Օրինակ` ասեղնագործել շատ եմ սիրում, բայց կեսից հոգնել եմ և չեմ շարունակել։
Սվետա Սարգսյան
Ես կուզենայի նմանվել եղբորս։ Նա շատ հավասարակշռված, հանգիստ, սառը դատող և արկածներ սիրող մարդ է։ Ես գտնում եմ, որ դրանք այն հատկանիշներն են, որոնք ես կուզենայի և փորձում եմ տեսնել իմ մեջ։ Իհարկե, շատ դժվար է, քանի որ ինչ-որ տեղ հակառակ հատկանիշներն ունեմ։ Շատ դժվար է, բայց ես չեմ հուսահատվում` շարունակում եմ աշխատել ինձ վրա։
Վահագ Մարտիրոսյան
Ես ինքս իդեալ չունեմ, բայց իմ հարազատներից և շրջապատող մարդկանցից սովորել եմ և աշխատում եմ սովորել լավ հատկանիշները։ Մայրիկիցս սովորել եմ լավ վերաբերվել մարդկանց, և փորձում եմ նմանվել մայրիկիս, որովհետև նա ինձ համար գրեթե իդեալական է։ Տատիկիցս սովորել եմ համեղ ուտեստներ պատրաստել։ Իսկ եղբորիցս սովորել եմ համառություն։ Բայց ամեն ինչից շատ փորձում եմ ինքս իմ տեսակի մեջ լինել միակը։
Սերինե Հարությունյան
Իմ շրջապատում չկա այնպիսի մեկը, որին կցանկանայի նմանվել։ Բայց, երբ տեսնում եմ մարդկանց բարի արարքները, ապա հետևում եմ դրանց։ Չնայած շատ կուզենայի, որ լիներ այնպիսի մեկը, ով ինձ օրինակ կծառայեր ամեն հարցում։ Որքան կարողանում եմ, այնքան լավ հատկանիշներս եմ դրսևորում։ Ես չար բաներ էլ եմ անում, բայց միշտ Աստծուց ներողություն եմ խնդրում, որովհետև ի վերջո բոլորս պատասխանատու ենք Աստծու առաջ։ Բոլորին ցանկանում եմ, որ իրենք ընտրեն ճիշտ ուղի, և օրինակ դառնան մյուսներին։
Սյուզաննա Խառատյան
Իմ կրիան իմ բարեկամն է։ Եղբայրս վաղուց էր ուզում ունենալ մի բարեկամ, որի հետ կարող է ընկերանալ։ Հայրիկս նրան ասաց, որ եթե գերազանց սովորի, ապա մի կրիա կգնի։ Եղբայրս սկսեց եռանդուն աշխատել։ Ես, եղբայրս և հայրիկը ոգևորված շարժվում էինք դեպի շուկա։ 2009թ. էր, այսինքն, դա եղել է 6 տարի առաջ։ Գնացինք և ընտրեցինք՝ երկկենցաղ, այդտեղի ամենափոքրին և ամենաաշխույժին։ Երբ մենք գնեցինք նրան, խեղճին գցեցին ջրով լցված տոպրակի մեջ։ Փաստորեն կրիաները սնվում են ծովամթերքով։ Նաև վաճառողը մեզ ասաց, որ կրիան ձմռանը քնելու է և չպետք է նրան անհանգստացնել։ Կրիան տեղավորվեց իր ծովային տնակում։ Նա արագ ընտելացավ մեզ։ Երբ նա թխկթխկացնում է քարերի վրա, նշանակում է` սոված է, իսկ երբ ամենամեծ քարին է կանգնում, նշանակում է` ցանկանում է զբոսնել։
Առաջին օրը շատ հուզված էինք, օգոստոսն էր, և ամբողջ օրը նրանով էինք զբաղված։ Ես և եղբայրս կրիային դրեցինք սեղանի վրա, բայց նա ընկավ սեղանից, և պատյանը մի փոքր ճաքեց։
-Վայ, ի՞նչ եղավ, Կրյուշ,-ասաց եղբայրս։
-Կրյուշ չէ, այլ Կրյոշկա,-ուղղեցի նրան ես։
Այդ օրվանից մենք նրան անվանում ենք Կրյուշ կամ Կրյոշկա։ Եղբայրս էլ որոշեց վարժեցնել նրան։ Սկզբում նա դնում էր Կրյուշին բազմոցի վրա, և մեր բարեկամը բարձրանում էր վերև առանց դժվարությունների։ Հետո եղբայրս մեջքի էր շրջում կրիային, իսկ նա հին ուղղությանն էր վերադառնում։ Եղբայրս դնում էր կրիային պատշգամբի ոչ այդքան բարձր աստիճանի դիմաց, և Կրյուշը բարձրանում էր։
Առաջին անգամ մենք Կրյուշին տարանք զբոսնելուԱռևտրի քոլեջի մոտակայքում։ Կրիան իրեն այնտեղ շատ լավ էր զգում։ Նա նաև խոտակեր է։ Մենք դրա մասին իմացանք, երբ նա սկսեց ուտել խոտատեսակներից մեկը։
Երկրորդ անգամ նա արդեն մենակ չէր։ Ընկերացավ ընկերուհուս կրիայի հետ։ Միասին զբոսնում էինք և պատմում, թե ինչ հրաշալի կենդանիներ են նրանք։
Մի անգամ նա կանգնել էր ամենամեծ քարի վրա և նայում էր շուրջը, դրանից հասկացա, որ նա ցանկանում է զբոսնել։ Բակում ցուրտ էր, ես դրեցի Կրյուշին հատակին և շարունակեցի դաս անել։ Մեկ ժամ էր անցել, և հանկարծ հիշեցի, որ կրիային դրել եմ հատակին զբոսնելու։ Ես հարցրեցի մայրիկին, թե արդյո՞ք չի տեսել Կրյուշին, իսկ նա պատասխանեց, որ չի տեսել։ Մենք սկսեցինք ամենուրեք ման գալ նրան, իսկ հետո հայտնաբերեցինք, որ նա հեռուստացույցի տակ է։
Երբ եկավ ձմեռը, ես հիշեցի վաճառողի խոսքերը, որ կրիաները ձմռանը քնում են, և մենք նրան չանհանգստացրինք։
Արդեն վեց տարի է անցել, կրիան մեծացել է։ Ես երեկ նրան զբոսնելու տարա, շատ տաք օր էր։ Սկզբում հանգիստ և դանդաղ քայլում էր։ Անցավ 15 րոպե, և ես նրան բռնեցի, որպեսզի տանեմ տուն։ Բայց նա անընդհատ ճանկռում էր ինձ։ Ես ենթարկվեցի նրա կամակորությանը և դրեցի հատակին։ Նա սկսեց շատ արագ վազել, այնպես, որ արդեն մտածում էի, թե կարող է փախչել դեպի բնություն։ Ես շատ վախեցա, վազեցի նրա հետևից։ Վերցրեցի նրան և շատ արագ քայլերով տարա տուն։
-Այ չարաճճի, մտածում էիր, թե ինձնից կփախչե՞ս,-խրատելով ասում էի ես։
Թեկուզ կան պահեր, երբ զայրանում եմ նրա վրա, բայց հետո հանդարտվում եմ։
Լուսանկարը՝ Մարինե Հովհաննիսյանի
Մի ամիս առաջ մեր թիվ 190 ավագ դպրոցում սկսվեց բուռն եռուզեռ: Դպրոցին ընձեռնվել էր զորամաս այցելելու եզակի հնարավորություն: Բոլորը ցանկանում էին ընդգրկվել գնացողների կազմի մեջ: Բայց քանակը սահմանափակ էր: Երկարատև քննարկումներից հետո վերջապես ընտրվեց աշակերտական կազմը, որի մեջ, ցավոք սրտի, ես չկայի:
-Ընկե՛ր Դումանյան, ախր ես էլ կարող եմ ասմունքել: Ասմունքողները քիչ են: Էնպես արեք, որ ես էլ գամ,- խնդրեցի դասղեկիս:
-Կխոսեմ ընկեր Խաչատրյանի հետ,- հուսադրեց նա:
-Համ էլ էդ օրվա մասին դպրոցի կայքի համար հոդված կգրեմ,- խոստացա ես:
Բարեբախտաբար դասղեկս կարողացավ համոզել ընկեր Խաչատրյանին: Եվ մարտի 18-ին առավոտյան ժամը 08:30-ին մենք ճանապարհ ընկանք զորամաս: Ճանապարհն անցավ շատ ուրախ և հետաքրքիր: Հասնելուն պես մենք զինվորներին հանձնեցինք նվերները, որ պատրաստել էինք նրանց համար: Ի դեպ, դպրոցի բոլոր դասարանները ունեցել էին իրենց ներդրումը, ինչի արդյունքում հավաքվել էր հագուստի, սննդի և տնտեսական ապրանքների ահռելի պաշար: Մենք պատրաստել էինք նաև փոքրիկ միջոցառում, որի ընթացքում երգեցինք, ասմունքեցինք, պարեցինք զինվորների հետ միասին: Միջոցառման վերջում մենք զինվորներին հանձնեցինք նամակները, որ գրել էինք նրանց համար: Նամակները զինվորներին շատ ուրախացրին: Չէ՞ որ դրանք մեծ ուժ են ծառայող զինվորի համար:
Օրվա ընթացքում ես զրուցեցի մի քանի զինվորի հետ: Նրանցից մեկը՝ Էդուարդ Հարությունյանը (ք. Արմավիրից), արդեն 14 ամիս է, ինչ ծառայում էր: Նա հարմարվել էր զորամասին և գոհ էր իր ծառայությունից:
-Իսկ որ վերադառնաս տուն, առաջինը ի՞նչ կանես,- հարցրի նրան:
-Կգրկեմ, ծնողներիս կգրկեմ,- անկեղծացավ նա:
Բոլոր զինվորներն էլ գոհ էին ամեն ինչից և պատրաստակամորեն կատարում էին իրենց պարտականությունները՝ ապահովելով մեր բոլորի խաղաղ ու անվտանգ առօրյան:
Մենք ծանոթացանք նաև զինվորների առօրյային, շրջեցինք զորամասով, պատկերացում կազմեցինք տեղանքի, զրահատեխնիկայի մասին: Ճաշեցինք զինվորների հետ և նրանց նվիրեցինք Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված անմոռուկ կրծքանշանները:
Օրվա վերջում մենք հրաժեշտ տվեցինք զինվորներին և ճանապարհ ընկանք: Ճանապարհին այցելեցինք նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:
-Միլենա՛, հը՞ն, գո՞հ ես, որ եկար,- հարցրեց ընկեր Խաչատրյանը:
-Հա, բա ոնց, ընկե՛ր Խաչատրյան: Շնորհակալ եմ:
-Դե տեսնեմ՝ ինչ հոդված ես գրելու:
-Գրելու եմ, կտեսնեք, էնպես եմ գրելու որ…
Մենք տուն վերադարձանք ուշ երեկոյան՝ հույսով, որ նման հագեցած օրեր դեռ էլի կունենանք:
Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի
Վերջապես իր ջերմ դռները բացեց գարունը: Մեր փոքրիկ գյուղում՝ Կալավանում, արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Բոլորը շտապում են այգի հող մշակելու, ծառ տնկելու և ուրիշ այլ աշխատանքներ կատարելու: Բայց հող մշակելը ծանր աշխատանք է, և տեխնիկայի պակասը էլ ավելի է դժվարեցնում գյուղացիների աշխատանքը: Բնակիչների մի մասը կարողանում է հողը փորել տրակտորի օգնությամբ, բայց ոչ բոլորը ունեն այդ հնարավորությունը: Շատ ցանքատարածություններ չեն մշակվում, հենց տեխնիկայի պակասի պատճառով: Գյուղացիները մշակում են միայն իրենց հարակից հողատարածքները: Չնայած այդ խնդրին՝ նրանք աշխատանքը կատարում են սիրով ու ջանասիրությամբ : Ու հույսով, որ մի օր կունենան գյուղատնտեսական տեխնիկա և դրանց օգնությամբ կկենդանացնեն շատ ու շատ հողատարածքներ: