Vardik Barxudaryan

Կգամ, մա…

Մի քանի օր էլ, ու ամառ կգա…

Կգամ, մա…

Կգամ կփարվեմ քո այնքան ինձ կարոտած գրկիդ, ուր այնքան արագ մեծացա, որքան դու, մա…

Ինձ կգրկես, մա, կգրկենք իրար մայր ու աղջիկ, կարոտա՜ծ, շա՜տ կարոտած:

Ես քեզ երևի միշտ մոռացել եմ ասել, թե որքան կարևոր ես ինձ համար, որքան սիրելի, որքան թանկ։

Դու ինձ կրկին թևեր տուր, մա… Թևաթափ եմ եղել։

Գիտե՞ս, ես ատում եմ քաղաքի աղմուկը, բայց ատում եմ նաև լռությունը։ Ի՞նչ անեմ, մա, երբ վաղուց արդեն ոչինչ ինձ դուր չի գալիս, ի՞նչ անեմ, երբ վաղուց արդեն հոգնել եմ ամենից:

Ինձ գրկիր, մա…

Իմ հանգստությունն ես աշխարհում, աշխարհս ես։

Հրաշքներ այլևս չկան, մա:  Քեզնից հեռու եմ, ու չգիտես, թե ինչ է ուզում սիրտս, բայց սիրտս քեզ է ուզում, մեր տունը, այգին, բակը, որոնցից հոգնել էի արդեն։

Ինձ գրկիր, մա… Շոյիր գլուխս, ձեռքդ ճակատիս դիր, համբուրիր այտս, ասա, որ քո փոքրիկն եմ, ու ես կհավատամ, որ դեռ չեմ մեծացել։

Ինձ քո տուն տար, որ չկիսատվեմ առանց քեզ, ինձ տար, մա ու գրկիր…