Պապիկս ու տատիկս 1960-ական թվականներին Հայաստան են եկել Պարսկաստանի Հազարջրիպ գյուղից: Նրանց պատմելով` այդ գյուղը եղել է Պարսկաստանի ամենահայաշատ գյուղը: Շատ հետաքրքիր պատմություններ են հյուսված նոր եկողների մասին, բայց ամենահիշատակելի փաստը դեռևս մնում է այն, որ նրանք չափազանց շատ են սիրում թեյ։
-Պապի, կլինի՞ մի բան հարցնեմ:
-Ա՜յ բալա, դու հեր էլ ունես, մեր էլ ունես, գնա էդ հարցերով իրենց տանջի:
-Է՜, ընդամենը ուզում էի իմանայի՝ ո՞նց են սիրահարվում:
-Ո՞նց` ոնց են սիրահարվում: Դե, սիրահարվում են, էլի:
-Օրինակ՝ դու ո՞նց իմացար, որ սիրահարվել ես տատիկին:
-Աշխատանքային կոլեկտիվով գնացել էինք թանգարան, էս տատդ դես էր գնում, դեն էր գալիս, դես էր գնում, դեն էր գալիս, ես էլ ասացի՝ ո՞ւր ես գնում: Դե, տատուդ գիտես՝ սկսեց խունջիկ-մունջիկ գալ, ես էլ բռնեցի թևից ու տարա:
-Ո՞ւր, պապի: Ռոմանտիկ երեկոյի՞։
-Ա՜, չէ:
-Էլ երևակայությունս չի հերիքում սիրո հարցում, էլ ո՞ւր կարող էին գնալ սիրահարները:
-Քաբաբ ուտելու: Տարա, թարմ-թարմ միսը դրեցին լավաշի մեջ, սոխով-բանով սարքեցին, երկուսով կերանք:
-Վա՜յ, պապիկ, ոնց կուզեի՝ իմ ապագա ընկերն էլ այդքան ռոմանտիկ լիներ: Ո՜նց կուտեի:
-Է՜հ, ջահել ժամանակներ…
-Պապի, բա ո՞րն ա եղել էն ամենառոմանտիկ բանը, որ տատիկի համար արել ես:
-Ոչ մի բան, մեր ժամանակներում նման բաներ չեն եղել,- մոտեցավ տատս և արագ միացավ մեր զրույցին:
-Մեր ընտանիքը,- վեհ կեցվածքով շարունակեց պապս,- գյուղի ամենահարուստ ընտանիքն էր, որ փողոցով քայլում էի, տատդ ինձ էնքան էր սիրահարվել, որ քիչ էր մնում՝ իրեն պատշգամբից գցեր, որ դեմքս լավ տեսներ: Ես էլ ասի, որ հավանել է, ես էլ հավանեմ ու գնացի տատիկիդ ձեռքը խնդրելու:
-Դե վերջացրու, հա՜, աղավաղում ես իրականությունը: Դու հեչ էլ իմ սրտով չես եղել: Որ դու չգայիր իմ ձեռքը խնդրելու, մեր գյուղի բոլոր տղաները շարք էին կանգնել,- արագ միջամտեց տատս։
-Տո՜, սուտը… Էդ ո՞ր մեկն էր շարքի մեջ, որ ես չեմ իմացել:
-Լավ, վա՜յ, ժողովուրդ: Պապի, ո՞ր թիվն էր, որ ամուսնացաք,- հարցրի ես։
-71․․․
-Գժվե՞լ ես, այ մարդ, էդ ժամանակ դու բանակում էիր, մենք 69-ին ենք պսակվել:
-Այ, կնիկ, 71-ը չէ՞ր:
-69-ին պսակվեցինք, 71-ին դու արդեն բանակում էիր, որ ես Մարոյիս էի սպասում:
-Ո՞նց, տատ, դուք պսակվել եք ու պապիկը բանակ է գնացե՞լ:
-Բա, ես քո տարիքում արդեն պսակվել էի, տուն էի պահում:
-Գրողը տանի, ինչ ռոմանտիկ եք եղել դուք:
-Զզվցրեց էս էլ երրորդ անգամ, էդ ո՞րն ա,- բարկացավ պապս:
-Դե, ոնց որ սիրով էլի, պապի ջան,- պատասխանեցի ես։
-Հա, տատդ ինձ շատ ա սիրել:
-Է՜, պապի, դու ողջ իրականությունը աղավաղեցիր։ Աչքիս դու ես տատիկի համար հալվել, չես ուզում խոստովանել։ Հա՞, պապի:
-Դե հա, ես տատուդ շատ եմ սիրել: Որ հավանել էի, հաճախ էի սկսել այցելել իրենց տուն: Մի անգամ հերը ասեց՝ էս Չիլինգյարի տղան ինչի՞ է շուտ-շուտ գալիս: Ես էլ ասացի՝ լավ եմ անում, բա պիտի գամ: Առաջին անգամ էր, որ կյանքում մեկի համար նման քայլի գնացի:
-Տա՛տ, բա դու պապիկի մեջ ի՞նչն ես ամենաշատը հավանում:
-Ամեն ինչը,- արագ պատասխանեց պապին:
-Ա՜յ մարդ, թե էդ գործարանը ինչի քեզ էսօր ազատ օր տվեց,- բարկացավ տատս,- համարձակությունը, աղջիկս։
-Բայց դու կգրես՝ ամեն ինչը,- ականջիս կամաց փսփսաց պապիկը։
Սեպտեմբեր, 2018