Հարցազրույց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի կահույքագործ` Վահագն Բիկանցյանի հետ:
-Ի՞նչպես դարձաք կահույքագործ:
-Մեր հարևանը նույնպես կահույքագործ էր: Ես մի անգամ տեսա, թե նա ինչպես էր աշխատում և սիրեցի այդ արհեստը: Եկա տուն, տան անդամներին ասացի, որ ցանկանում եմ դառնալ կահույքագործ, բայց նրանք ասացին, որ դա վտանգավոր է, և ինձ չթողեցին սովորել այդ արհեստը: Բայց ես չընկճվեցի և դասերից փախչելով գնում և սովորում էի կահույքագործություն: Վեց ամիս անց, երբ վնասեցի բութ մատս, այդ ժամանակ տանեցիներն իմացան, որ ես նրանց կամքին հակառակ, սովորում եմ կահույքագործություն:
-Շա՞տ բարկացան, երբ իմացան, որ թաքուն սովորել եք այդքան ժամանակ:
-Մայրս նորից դեմ էր, իսկ հայրս ասաց, որ եթե մի բան շատ ես սիրում, ուրեմն պետք է զբաղվես այդ գործով: Նամանավանդ, երբ այսքան նվիրված ես կահույքագործությանը:
-Իսկ քանի՞ տարի է, ինչ զբաղվում եք այս գործով:
-Արդեն 22 տարի է` զբաղվում եմ այս արհեստով:
-Եղե՞լ է մի պահ, որ հոգնեք ձեր գործից:
-Ես միշտ հաճույքով և սիրով եմ աշխատել: Սիրում եմ բոլոր գործերս, որոնք պատրաստել եմ: Բայց մի գաղտնիք ասեմ. մի փոքր ալարում եմ երեխայի օրորոց պատրաստել, որովհետև շատ մանրակրկիտ ու խնամքով աշխատանք է պահանջում:
-Հիմնականում ի՞նչ իրեր եք պատրաստում:
-Պատրաստում եմ սեղաններ, խոհանոցի կահույք, պահարաններ, մահճակալներ, բազմոցներ, բազկաթոռներ, դռներ, լուսամուտներ… Կարճ ասած, բացի աթոռներից պատրաստում եմ փայտի հետ կապված համարյա ամեն ինչ:
-Իսկ ինչո՞ւ աթոռներ չեք պատրաստում:
-Չգիտեմ առանց պատճառի, ուղղակի չեմ սիրում պատրաստել աթոռներ:
-Ներեցեք, որ հարցնում ենք, բայց դուք անվասայլակով եք: Շատերը այդ վիճակում նույնիսկ չեն փորձում տեղաշարժվել, իսկ դուք նույնիսկ կահույք եք պատրաստում: Դժվար չէ՞ ձեզ համար զբաղվել այսքան բարդ արհեստով:
-Արդեն սովորել եմ և, անկեղծ ասած, ուզեմ թե չուզեմ, պետք է համակերպվեմ: Դրա համար էլ ինքս հարմարանքներ եմ պատրաստել, որ կարողանամ աշխատել: Դե արդեն ասացի, որ շատ էի սիրում այս աշխատանքը, և երբ մի բան սիրում ես, դժվարությունները վերանում են: Միշտ չէ, որ այսպես է եղել: Ես քայլելու ունակությունը կորցրել եմ բանակում:
Երկաթյա ձողով հարվածել են իմ ողնաշարին, և ոտքերիս մկանային համակարգը թուլացել է, ու ես դրանից հետո չեմ կարողացել քայլել:
-Իսկ ե՞րբ և որտե՞ղ եք ծառայել:
-Ծառայել եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում` Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս… 1993-1995 թվականներն էին: Այդ ժամանակ պատերազմային իրավիճակ էր Հայաստանում: Մարտական գործողություններին եմ մասնակցել, ազատամարտիկ եմ:
-Ինչպիսի՞ն էր կյանքը կռվի դաշտում:
-Կյանքը դժվար էր, բայց մենք երիտասարդ էինք, ազատ ժամանակ ընկերներով երգում էինք, շատ զրուցում համարյա ամեն ինչից: Բայց կռիվ էր… Դաժան էր: Առավոտյան նստած նախաճաշում ես մեկի հետ, իսկ երեկոյան այդ մարդը չկա: Թշնամու կրակոցից զոհվել է… Չեմ ցանկանա, որ դուք նման դաժան բան տեսնեք:
Այս հարցերից վարպետ Վահագնը շատ հուզվեց: Մենք էլ մեզ վատ զգացինք, որ մեր հարցերով վատ հիշողություններ արթնացրեցինք, ուստի թեման նորից փոխեցինք: Փայտագործություն. Ահա Վարպետ Վահագնի սիրած թեման: Նա ցույց էր տալիս մեր իր պատրաստած իրերը, սարքավորումները, գործիքները… Շատ ոգևորված էր, որ մեզ հետաքրքրում է իր աշխատանքները: Մենք նաև շատ լուսանկարեցինք: Իսկ զրույցի վերջում ասացինք.
-Դուք լավ կահույքագործ եք:
-Դա պետք է իմ հաճախորդները և այլ մարդիկ ասեն, ես այնքան էլ պարծենկոտ չեմ: Բայց արհեստավորը արդեն լավն է համարվում, երբ ուրիշները ուզում են իրենից սովորեն: Իրեն վարպետ են ասում: Ես հիմա երկու աշակերտ ունեմ, երկու հրաշալի տղաներ, որոնց ցանկանում եմ փոխանցել իմ հմտությունները:
-Իսկ բացի աշխատանքը, մասնակցո՞ւմ եք գյուղի կյանքին:
-Հարսանիքներին չեմ սիրում մասնակցել, ընտրություններին պարտադիր մասնակցում եմ, իսկ գյուղում, երբ մարդ է մահանում, անպայման գնում եմ և իմ ցավակցությունն եմ հայտնում:
-Իսկ վերջում, ի՞նչը կփոխեիք ձեր կյանքում:
-Ամեն ինչ կանեի, որպեսզի նորից քայլեի:
Լուսանկարները` Հակոբ Մելքոնյանի և Ռաֆայել Նաջարյանի