Հրաժեշտի երգերը

Հոգնած աչքերս փակում եմ՝ ամեն գիշերվա պես հավատալով, որ 10 րոպեից կքնեմ… Բայց ախր, հենց գիշերներն եմ հիշում այն ամենը, ինչի մասին ցերեկը երևի չեմ էլ մտածում: Գիշերներն են գալիս և ուղեղս մխրճվում անծանոթ երգի բառերը, ավելի ճիշտ՝ երգից երկու բառ: Սկսած Սթինգից, վերջացրած՝ Նիրվանայով: Երբեմն էլ՝ հայկական երգերն են հիշում, որ պիտի քունս խանգարեն, մինչև չգտնեմ ու լսեմ իրենց: Փնտրում, գտնում եմ ու կորում երգի նոտաների մեջ, մինչև բառերը բռնում ու դուրս են հանում ինձ:

Հիշում եմ մի երգից երկու տող, որը բերանումս էր ոտանավորի պես, բայց նոտաները չգիտեի: Այսպես էր.

-Տղե՛րք, կհիշե՞ք երազները մեր…

Շարունակությունը չէի հիշում, բայց հորինում էի, ուզում էի, որ լսեմ երգն, ու այդ երազներն իրականացած լինեն: Բայց, գտա երգն ու… Ու չզարմացա, որ տղերքի մասին երգի մեջ Ամալյանի ծանոթ ու մի քիչ խռպոտ ձայնն էր: Զարմացա, թե ինչո՞ւ չի ստացվում Ամալյան երգչից անջատել ազատամարտիկին ու մի քիչ էլ իր երգելը լսել:

Միայն երրորդ անգամից երգի բառերին ուշադիր եղա.

-Տղե՛րք, ծիլերը մնացին անտեր…

Ասես մի բան պոկվեց ինձանից: Կրկին նույն անտեր մնացած ծիլերն են: Աչքերիս առաջով անցան հայ պոեզիան, երգարանն ու արձակը, բայց ինչքան էլ փորձեցի՝ չգտա պատերազմից տուն դարձողին դիմավորող, ուրախ երգ: Կամ եթե կային էլ՝ քիչ էին, շատ քիչ: Ինչո՞ւ են մեզ մոտ միայն անտեր ծիլեր, տուն չդարձող սերմնացաններ ու կռվի ճանապարհող երգեր: Ու չեմ ուզում հասկանալ, թե ինչու չեն հնանում այդ երգերը: Կրկին երգի տողերն էին.

-Իսկ մենք այս կյանքում դարձել ենք ստվերներ…

…Իսկ ինչո՞ւ ենք միշտ ճանապարհում, բայց չենք դիմավորում: Ինչո՞ւ…

Երանի չիմանայի իմ իսկ հարցի պատասխանը: Կամ գար մի օր, երբ իմացածս էլ պետք չգար: Մի օր էլ՝ «Տղերքի երգը» լսեի ու հիշեի, որ վերջին անտեր ծիլերը տղերքն ապրիլին են թողել…