Երբ Ռուսաստանից եկա, արդեն գրեթե գիտակից երեխա էի ու հենց այդ ժամանակվանից էլ շատ սիրեցի «պապոնց (մորական) տանը» մնալ, ինչը մորական պապիկիս չափից շատ սիրելու հետևանքն էր: Շաբաթներով մնում էի այնտեղ և, չնայած որ մեր տունը մի թաղ ներքև էր, տուն գնալու մասին չէի էլ մտածում:
Սիրում էի այդտեղից դպրոց գնալը՝ հաճելի էր անցնում ճանապարհը:
Ու արդեն մոտավորապես վեց տարի է, ինչ տանը բնակվող չկար, հետևաբար ես ևս այնտեղ հաճախ չէի գնում՝ ինչպես փոքր ժամանակ:
Եվ նույն տնից, նույն ճանապարհով վեց տարի անց ահա այսօր դպրոց գնացի, ու գիտե՞ք, թե ինչ զգացողություն ունեի: Համոզված եմ՝ չեք հասկանա: Լա՛վ, հասկանալու համար պատկերացրեք մոտ 5-րդ դասարանի, դպրոցը սիրող աշակերտ եք և պատրաստվում եք գնալ սեպտեմբերի մեկին դպրոց: Կարծես այդպիսի զգացողություն ունենայի:
Պապոնց տունը իմ մանկության դրախտն է՝ իր խորհրդավոր տնով, փարթամ այգով ու մորեղբորս անունը վրան «կնքած» դարպասներով:
Եվ միայն վեց տարի անց պապիկիս տունը նորից լցվել է նրա ժառանգներով, և նույն ճանապարհով վեց տարի անց նրանց հետ նորից դպրոց եմ գնում:
Այս օրը սեպտեմբերի 1-ից էլ հուզառատ է: