Ես նեղացած նստել եմ անկյունում: Մայրիկս ասում է, որ հիվանդացել եմ շատ հեռուստացույց դիտելուց: Շատ պետքս է, դե թող իրենց սիրելի որդուն նայեն՝ իմ միջնեկ եղբորը, որն իսկի հայերենի դասագիրքը չի կարողանում գտնել, որ տնայինը գրի: Թող փնտրի, իսկ ես կնայեմ:
Մուշն ամեն տեղ փնտրեց, հետո սկսոց խնդրել գրքին.
-Դե, դուրս արի, գիրք, առանց քեզ չի լինի:
Հետո բարկացավ.
-Դե, ի՞նչ անցավ մտքովդ, է… Պետք է, չէ՞, մի կերպ տնայինս գրեմ:
Բայց գիրքը, ինչպես և պետք էր ենթադրել, դուրս չթռավ, նույնիսկ չբացականչեց. «Ահա և ես»:
Մուշեղն արդեն սպառնում էր.
-Ախ, որ բռնել եմ, չէ, էջերդ կպոկեմ, ողջ կյանքում ինձնից չես հեռանա: Նույնիսկ դպրոցի գրադարանը երազումդ կտեսնես:
Բայց գիրքն ասես չէր էլ լսում: Մուշեղն սկսեց առաջարկություններ անել:
-Այ, եթե դուրս գաս, քեզ կկազմեմ, բոլոր բծերդ ռետինով կջնջեմ:
Բայց դա էլ չօգնեց:
Մուշեղն ուժասպառ ընկավ բազկաթոռին:
-Ես էլ չեմ կարող,- հուսահատված ասաց նա և սկսեց երգել,- հեյ, գիրք, ո՞ւր ես, գիրք…
Հետո սկսեց թախանձել հայրիկին, որ նոր գիրք գնի:
Հայրիկը փափուկ սիրտ ունի, իսկույն համաձայնեց, բայց մայրիկի հարցում Մուշեղի բախտը չբերեց: Մայրիկը չի սիրում փողը քամուն տալ:
-Լավ փնտրիր՝ կգտնես: Եթե քո կորցրած ամեն ինչը նորից գնենք, կսնանկանանք:
Զարմանալին այն էր, որ Մուշեղը փնտրում էր անհավանական վայրերում: Նա այլևս ոչ երգում էր, ոչ խնդրում: Փնտրում էր սառնարանի մեջ, լվացքի մեքենայի, անգամ թեյնիկի:
Հետո գործի անցան հայրիկն ու մայրիկը, նույնիսկ կրտսեր եղբայրս: Ես անկողնու միջից հրամաններ էի տալիս և մշուշոտ հայացքով հետևում նրանց: Այ, կարելի էր նաև բահերով փորել, և կստացվեր, որ գանձ եք որոնում: Ես դա առաջարկեցի հայրիկին, բայց նա ինձ սաստեց, մանավանդ, մայրիկն արդեն շատ էր լրջացել, և պայթունավտանգ էր օդը:
Գիրքն այդպես էլ չգտան, օգնության եկավ հարևանի գիրքը:
Առավոտյան, ինչպես միշտ, գնացինք դպրոց: Հանեցի պայուսակիցս Հայոց լեղվի դասագիրքը, և այ քեզ բան. Մուշեղի կորած դասագիրքն է:
Շատ մոռացկոտ և թափթփված տղա է Մուշը, կարող էր նաև իմ պայուսակի մեջ փնտրել:
Գոռ Բաղդասարյան, 12տ., 2000թ.