Առավոտյան ժամը 7:00-ն է: Իմ երազների ժամը: Միակ կամ միակ հիշվող երազները ես տեսնում եմ, երբ արթնանալու ժամն է գալիս: 7:20 տատիկը հինգ րոպե շարունակ գնում գալիս է սենյակով մեկ և ասում, որ 7:30 եղավ:
-Հեսա վեր եմ կենում,- ասում եմ ես՝ կիսարթուն:
Փորձում եմ արթնանալ: Տատիկը վերցնում է ծածկոցս, իսկ երբ գնում է, ավելի տաք եմ ծածկվում:
Ու այդպես շարունակ, մինչև հասկանամ, որ վայ, պիտի դասի գնամ:
Իսկ պատկերացրեք, եթե այդպես չլիներ, եթե իմ օրն սկսվեր և ավարտվեր այնպես, ինչպես ես եմ ուզում:
Առավոտյան ժամը 6:00-ն է: Այսօր իմ հիշվող երազները մի քիչ շուտ եմ տեսնում, որ ժամը 7:20 կարողանամ արթնանալ, ոչ թե կիսարթուն մրթմրթալ, որ արդեն վեր եմ կենում:
-Լիլի՞թ, էս արդեն արթնացե՞լ ես,- զարմացավ տատիկը:
-Հա:
Լվացվեցի, գնացի նախաճաշելու:
-Վա՜խ, էսօր «նուտելա» եմ ուտելու,- ասացի ես՝ ուրախանալով, որ ձու չուտելու պատճառով այս անգամ էլ հաց-պանիր չեմ ուտի:
Կերա երկու կտոր հաց-«նուտելա»:
-Լիլիթ, հերիք ա ուտես,- ասաց տատիկը,- ալերգիա կսկսվի:
-Հեսա վերջացնում եմ,- ասացի ես՝ երկրորդ թեյի գդալը մաքրելով:
Առաջին անգամ ժամը 8-ին հինգ պակաս դուրս եկա տնից: Այս անգամ կարող եմ գոնե մի քիչ հանգիստ քայլել, թե չէ սովորական օրերին քայլելով վազում եմ:
Դեռ նոր էի հասել փռան մոտ, երբ 63-ը եկավ և կանգնեց ուղիղ իմ դիմաց: 63-ի վարորդները արդեն գիտեն, որ ես առավոտյան գնում եմ դասի:
Իսկ իմ սիրած առաջին նստարանը ազատ է:
Եթե գիտեք 63-ի խաղի մասին, ուրեմն գիտեք նաև, որ 63-ը երկարուձիգ, խցանումներով լի ճանապարհ է անցնում, որպեսզի հասնի իմ կանգառ: Ես էլ նայում եմ պատուհանից, լսում երաժշտություն: Երբեք չեմ հոգնում մոտ 40 րոպե տրանսպորտում նստելուց, քանի որ հենց այդ ժամանակ եմ վերջնականապես արթնանում:
Ինչքան վարորդը մոտենում է իմ կանգառին, այնքան իմ հանգստությունը խանգարվում է: Երբ 63-ը թեքվում է ձախ, սկսվում են նախապատրաստական աշխատանքները: Ես հանում եմ 100 դրամը, սպասում, մինչև մեքենան թեքվի աջ, հետո տրամադրվում հնարավորինս ճիշտ արտասանությամբ ու առոգանությամբ արտասանել «կանգառում կկանգնեք» արտահայտությունը, որ վարորդը լսի և կանգնի:
-Կանգառում կկանգնեք,- լսվեց մեկի ձայնը մեքենայում:
Մի տեսակ թեթևություն զգացի: «Ջան»,- ասացի մտքումս:
Շարունակեցի իմ քայլավազքը: Անցա փողոցը՝ չհանդիպելով ոչ մի խոչընդոտող մեքենայի: Հետո հնարավորինս արագ անցա կամուրջը:
-Ուռա, էսօր ուրբաթ ա,- ասացի ես, երբ արդեն լսարանում էի:
Համարյա ոչ մեկը չարձագանքեց, որովհետև այդ արտահայտությունը ինձնից լսում են ամեն շաբաթ:
Ֆրանսերեն, հանրահաշիվ, աշխարհագրություն. ո՞վ կարող էր ավելի լավ դասացուցակ կազմել:
Դասերը ավարտվեցին: Ավտոբուս նստեցի:
Ավտոբուսի մեջ ամենալավն այն է, որ ամեն կանգառում կանգնում է: Այլևս պետք չէ ծախսել ավելորդ էներգիա երկու բառ բերանից դուրս հանելու համար:
Իջա Գայի արձանի կանգառում:
Հետո կա՛մ պետք է սպասել ուրիշ տրանսպորտի, կա՛մ ոտքով գնալ տուն: Հենց իջա, տեսա, որ 55-ը ինձ սպասում է կանգառում: Նստեցի առաջին շարքի պատուհանի կողքի նստարանին: Մի լավ պապիկ ասաց.
-Քոլեջի մոտ կկանգնեք:
Իջա և քայլեցի տուն: Ուշադրություն՝ քայլեցի տուն:
-Մամ, էսօր 20 եմ ստացել:
-Ինչի՞ց:
-Հանրի գրավորից:
-Ապրես:
Ես միանգամից զգացի սպասի հոտը, նստեցի ճաշելու և շարունակեցի վայելել ուրբաթը: