Ես սովորում եմ ֆրանսիական համալսարանում

Բոլորը կիսվում են իրենց տպավորություներով և կարծիքներով, թե ինչ է իրենց համար ուսանողական կյանքը, ինչ թերություններ և առավելություններ ունի:
Ես նույնպես ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով: Արդեն 2 ամիս է, ինչ սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և այն հարցին, թե ինչ է ինձ համար ուսանողական կյանքը, մտքիս միանգամից ժողովրդավարություն, արդարադատություն, պետություն, իրավունք և այլ նմանատիպ իրավաբանական բառերի կույտ է գալիս: Հետո, երբ մի քիչ էլ եմ մտածում, արդեն մտքիս մի շարք հարցեր են գալիս: Օրինակ` ո՞ր լսարանում ենք հիմա, ինչպե՞ս թե մի դասաժամը 80 րոպե, իսկ քննությանը ի՞նչ ենք անելու: Բայց ամենահուզիչ հարցը այն է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սեմինարը: Հարցից անմիջապես հետո կայացվում է որոշում միասին պատրաստվել սեմինարին: Ամբողջ կիրակին անցնում է դաս անելով, և ահա գալիս է սպասված օրը: Բոլորս կապտած, շնչներս պահած սպասում ենք սեմինարավարին, մեկ էլ հանկարծ ներս է գալիս Ղուկաս ձյաձյան (մեր հսկիչներից մեկը) և ասում.
-Երեխանե՛ր, դասախոսի հետ դեպք է պատահել, այսօր սեմինար չի լինելու:
-Ինչպե՞ս թե` չի լինելու,- հարցնում ենք մենք, և այլևս չլսելով պատասխանը` գոռում-գոչյուններով արագ լսարանից դուրս ենք վազում ու, իհարկե, արդյունքում բախվում ենք ջղայնացած Ղուկաս ձյաձյային:
Հա՛, մոռացա ֆրանսերենի մասին: Ֆրանսերենը առանձին պատմություն է, որովհետև եթե սեպտեմբերի սկիզբին դու ֆրանսերենից գիտեիր միայն “bonjour”, ապա հոկտեմբերին արդեն շարադրություն ես գրում քո երազանքների տան մասին: Ու սովորելով «ֆրանսիականում» դու իսկապես չես հասկանում լեզվաբանակա՞ն ես ընդունվել, թե՞ իրավաբանական:
Հիմա մի դեպք պատմեմ մեր ռեկտորի մասին, ով ֆրանսիացի է (թե ի՞նչ կապ ունեն ռեկտորը և ֆրանսերենը, հիմա կհասկանաք): Մի օր, երբ ընկերուհիներով իջնում էինք երկրորդ հարկից, հանկարծ այդ փոքրամարմին մարդը անցավ մեր դիմացով և ասաց.
-“Bonjour”…
Մենք՝ երեքս, հիացած դեմքերով, փայլուն աչքերով ու հիմար ժպիտներով, պատասխանեցինք:
- “Bonjour” ,“bonjour”…
Դա մեզ համար լուրջ իրադարձություն էր: Մենք մեր ռեկտորին բարևեցինք, այն էլ ֆրանսերեն: Եվ այդ պահին ամենեւին էլ կարևոր չէր, որ դա ընդամենը “bonjour”-ն էր, որը բոլորը գիտեն: