margarita ghazaryan

Երբ հասկացա, որ մեծացել եմ

Դեմքիս ժպիտ է հայտնվում, երբ հիշում եմ մանկությունս, կարծես մի պահ կրկին մանկանում եմ և զգում երեխաներին բնորոշ անհոգությունը: Մանկությանս ընկերները եղել են իմ քույր-եղբայրները` հորաքույրներիս երեխաները: Բոլոր հուշերս նրանց հետ են կապված: Մենք 6 հոգի ենք` 3 տղա և 3 աղջիկ: Պետք է ասեմ, որ մեր մանկությունն ու այժմյան երեխաների մանկությունը շատ է տարբերվում: Մենք չունեինք սմարթֆոններ, համակարգիչներ, բայց փոխարենը միշտ տարբեր խաղեր էինք կազմակերպում: Մեր խաղերը ամեն անգամ տարբեր էին լինում, քանի որ շուտ էինք ձանձրանում: Բայց մեզ շատ բան պետք չէր մեր օրը տոն դարձնելու համար, երբեմն սովորական հողն էլ բավական էր, որ մենք հսկայական թխվածքաբլիթների գործարան ստեղծեինք, կամ ընդամենը մի ծառ, որի վրա նստելով, մեզ զգում էինք Նոյի որդիները և, մեզ հետ վերցնելով սնունդ, «գնում էինք» հեռու` փորձելով փրկվել աշխարհին սպասվող վտանգից: Մեր մանկական երևակայությամբ այդ ծառին տվել էինք նավի կերպարանք: Եվ այդ ծառն իրականում շատ խորհրդանշական է: Այն հաճախ է եղել մեր խաղերի վայրն ու միջոցը: Նավից բացի՝ այն նաև եղել է մեր սրճարանը, հիվանդանոցը, դպրոցը և այլն: Ես հասկացա, որ մեծացել եմ, երբ իմ և քույր-եղբայրներիս հանդիպումները քչացան, քանի որ արդեն մեծացել ենք, և զբաղվածությունն էլ շատ է: Եղբայրներիցս երկուսը զինվորներ են, քույրերիցս մեկն արդեն ընտանիք է կազմել, իսկ մյուսն էլ շուտով կամուսնանա: Մեծացել ենք…

Ինչևէ, ցանկանում եմ նկարագրել իմ մանկության ընկերներին:

Եղբայրներիցս ամենամեծը՝ Յուրան, մեր խաղերը շուտափույթ ավարտելու հիմնական պատճառն էր: Բնավորությամբ առաջնորդն էր, միշտ ցանկանում էր, որ խաղերն իր սցենարով ընթանան, շատ կռվարար էր, և հիմա էլ շատ բան չի փոխվել: Հիմա էլ մենք երբեմն վիճում ենք, սակայն դրանք վեճեր անվանելն էլ սխալ կլինի: Անկախ իր կռվարար լինելուց` նա մեր պաշտպանն է: Մենք բոլորս էլ գիտենք, որ նա ցանկացած պահի պատրաստ է մեզ օգնել և պաշտպանել։

Քույրերիցս մեկը` Տաթևը, խաղերի ժամանակ հիմնականում ֆինանսական կողմի պատասխանատուն էր: Եվ հիմա էլ նա նույնն է, աշխատում է բանկում: Բայց պետք է պատմեմ, որ մի անգամ նա ինձ ու եղբայրներիցս մեկին` Խաչատուրին, նեղացրել է: Չէ, լուրջ բան չմտածեք, ուղղակի նա չկերավ մեր՝ հողից պատրաստված թխվածքը, որը մենք պատրաստել էինք հատուկ իր համար: Եվ մենք խոստացանք, որ անպայման մի օր իրենից վրեժ կլուծենք: Բայց նա մեր հանդեպ միշտ ուշադիր ու հոգատար է, ինձնից էլ լինելով բավականին մեծ՝ երբեք զգացնել չի տվել մեր տարիքային տարբերությունը` ինձ համար լինելով իրական ընկերուհի:

Մյուս եղբայրս` Միքայելը, ուներ մեր ժամանցն ավելի հետաքրքիր դարձելու պաշտոնը: Երբ գյուղում հարսանիք էր լինում հենց նրա առաջնորդությամբ բոլորով գնում էինք և ճանապարհը պարանով փակում: Դա մեր առաջին աշխատանքային փորձն էր, քանի որ մինչև տվյալ հարսանիքի քավորը մեզ չվճարեր, մենք չէինք բացելու ճանապարհը: Դա մի ավանդույթ էր, որը պետք էր պահպանել: Հիշում եմ, որ երբ հարսանիքներից մեկի ժամանակ մեզ քավորը հարցրեց, թե ով է մեր առաջնորդը, Միքայելն իր վրա վերցրեց այդ կարևոր պաշտոնը, ինչի համար էլ նա բոլորիցս բարձր վարձատրվեց, ինչն, իհարկե, դարձավ վեճի առիթ, որի ավարտին որոշվեց գումարը բաժանել հավասար:

Եղբայրներից ամենափոքրը` Խաչատուրը, իմ ամենամտերիմ ընկերն էր, քանի որ փոքրերը ես և ինքն էինք, և ամենից շատ ինքն էր ինձ հետ խաղում: Հիշում եմ՝ ինչպես էր ինձ համար հողից տներ պատրաստում, կամ ինչպես էր խոտաբույսերով փորձում դեղ ստանալ, որն էլ ես իբր պետք է գնեի իրենից: Մենք անգամ գումարի հարցն էինք լուծել: Ունեինք վճարման երկու տարբերակ. մեկը` թղթերից պատրաստված «գումարն» էր, իսկ մյուսը` քարտերը: Պատրաստել էինք «բանկային քարտեր» և «հատուկ սարք», որի միջոցով քարտի ներսի գումարը կարողանում էինք վերցնել: Դեռ փոքր ժամանակվանից էլ եղբայրս աչքի է ընկել իր գիտելիքներով և բարձր զարգացած ինտելեկտով: Նա իմ հավատարիմ ընկերն է, որին միշտ կարող եմ վստահել:

Ես էլ երեխաներից ամենափոքրն էի: Հիշում եմ` ինպես էի նրանց համար բացիկներ պատրաստում: Շատ հաճախ էի նեղանում, բայց երկար նեղացած մնալ չէի կարողանում: Երբեմն էլ մոռանում էի, որ նեղացած եմ և սկսում էի կրկին խոսել նրանց հետ, իսկ հենց հիշում էի իմ նեղացած լինելու մասին, ասում էի, որ ինձ հետ չխոսեն, դե՛, ես նեղացած էի: Հիմա հասկանում եմ, որ մեծացել եմ, քանի որ սկսել եմ այլ կերպ նայել ամեն ինչին, այլևս շատ չեմ նեղանում, իսկ նեղանալս էլ ուղղակի ժամանակը մի փոքր ավելի հետաքրքիր դարձնելու համար է լինում:

Մեզնից ամենամեծը Լիլիթն էր, ով ավանդական տուն-տունիկի ժամանակ մեր մայրիկի դերն էր կատարում, հիմա էլ շատ բան չի փոխվել, նա այժմ էլ մայր է, բայց արդեն ոչ թե մեր մայրն է, այլ երկու փոքրիկ հրաշքների՝ Ռուբենի և Նորայրի:

IMG-2e25ae6eed3fc38f187e002a0869e294-V

Մեր բոլորիս ուրախությունն են այդ հրաշամանուկները, եթե առաջ Լիլիթն էր ցանկանում մեր օրը տոն դարձնել, հիմա մենք ենք կարևորում նրա երեխաների համար հետաքրքիր ժամանց կազմակերպելը: Եվ գիտե՞ք` դրա համար շատ բան հարկավոր չէ, ուղղակի պետք է խաղանք նրանց հետ, համբերատարությամբ վազենք նրանց հետևից, լսենք, թե ինչ են ասում և համաձայնենք անգամ, երբ նրանց ասածից ոչինչ էլ չենք հասկացել, իսկ փոխարենը նրանք կգան ու ամուր կգրկեն՝ ասելով, որ քեզ շատ են սիրում:

IMG-ce62e70ca2fac2cb7217fa847b2aad58-V

Երեխաները ամենամաքուր ու անկեղծ հոգին ունեն, նրանց համար խորթ է չարությունն ու կեղծավորությունը: Եվ իրականում, անկախ տարիքից՝ բոլորիս հոգում էլ կա մեր փոքրիկ տեսակը, ով անկեղծորեն կարող է ուրախանալ կամ տխրել չնչին բաներից:

Այս օրը կտարբերվի բոլոր տարիների հունիսի 1-ից, չէ՞ որ այս անգամ չեն լինելու միջոցառումներ, խնջույքներ, բայց պետք չէ տխրել, տանը ևս կարող ենք այս օրը հեքիաթային և տարբերվող դարձնել, այնպես չէ՞:

Շնորհավոր բոլոր փոքրիկների, այդ փոքրիկների ներկայությունը վայելող ծնողների և բոլոր այն մարդկանց տոնը, ովքեր իրենց համարում են երեխա: Շնորհավորում եմ մեր բոլորիս տոնը: Թող աշխարհի բոլոր երեխաները անհոգ ու գունավոր մանկություն ունենան, իրենց անկեղծ ժպիտներով լուսավորեն մեր կյանքը, իսկ մենք նրանից սովորենք լինել ավելի անկեղծ, նվիրվող և երջանիկ: