Կյանքը՝ բազում անհայտներով հավասարում

Երբ մեծերը զրուցում են, մենք հաճախ ենք մեջ ընկնում, փորձում արտահայտել մեր կարծիքը, առաջ տանել մեր ես-ը: Այո՛, երբեմն մեզ թվում է, թե լիովին տարբերում ենք սխալն ու շիտակը, հստակ ու կայուն համոզմունքներ ունենք ու անհրաժեշտ խիզախություն՝ սեփական տեսակետը պաշտպանելու…

Երբեմն մեր ու նրանց կարծիքները համընկնում են, բայց որքա՜ն հաճախ ենք լսում.

-Բալե՛ս, դու մինչև վերջ մի՛ պնդիր քո ես-ը, որովհետև չգիտես, թե ինչպիսին կլինեն քո հաջորդ վայրկյանը, գալիք օրը… Մի ամբողջ կյանք ունես՝ կշռադատելու, մտորելու, սուտը ճշտից զատելու, փորձությունների ենթարկվելու համար: Դեռ շատ բան կփոխվի. և՛ մտածելակերպդ, և՛ կարծր կարծիքներդ: Չէ՞ որ աշխարհը լի է պատասխաններ պահանջող հարցերով ու անորոշությամբ, անքննելի են ուղիները, անկանխատեսելի՝ ճակատագրերը…

Հիմա եմ հասկանում, թե նրանք որքան իրավացի էին: Ավաղ, մեզանից ոչ ոք չգիտի, թե իր հետ ինչ է բերելու վաղվա օրը: Օրինակ՝ ո՞վ կմտածեր, որ մի օր կարթնանաս ու կլսես, որ պատերազմ է: Այո՛, այո՛, ամենաիսկական ու ահազդու պատերազմ: Այս ինչերի՜ միջով անցանք…

…Սեպտեմբերի 27: Այսուհետ սա ուղղակի օր չէ, սա բոթաբեր պատերազմի առաջին օրն է: Տագնապ, զորահավաք… Ցավոք, ոչ բոլորին էր վիճակված վերադառնալ… Ես նոր զգացի, թե ինչ ասել է, երբ օրը տարի է թվում: Ամենքիս թվում էր, թե օրվա վերջանալուն պես պատերազմն էլ կավարտվի: Հայերի օջախներն ասես համրացել էին. շշուկ չէր լսվում, ամեն ոք մի անկյունում կուչ եկած աղոթում էր՝ աղոթում էին իրե՛նց զինվորի, ուրիշի՛ զինվորի ու սահմանում կանգնած ամե՜ն զինվորի համար: Իսկ ի՜նչ սրտատրոփ ահով էինք հեռուստացույցի էկրանին կարդում զոհերի անունները… Մենք վախենում էինք այդ էկրանին պատկերացնել անգամ այն մարդու անունը, ում անչափ կարոտում էինք, ում վերադարձն այնքա՜ն էինք տենչում…

Սա իսկապես համերկրային ողբերգություն էր, որը նկարագրելն անհնար է: Որքա՜ն երեխաներ անհայր մնացին: Իրենց առաջին բառերը թոթովող փոքրիկները այլևս չեն արտասանելու «հայրիկ» բառն ամեն օր, կարոտող ձեռքերով չեն ձգվելու դեպի հայրը… Անդարձ հեռացան մեր հայորդիները, որոնք պետք է վայելեին իրենց երեխաների առաջին ծիծաղը, բառն ու քայլը… Իսկ մայրերը պարզապես խելագարվեցին այս ընթացքում: Նրանք սրտակոտոր աղոթում էին… Միայն թե… Միայն թե բան չպատահի իրենց որդուն… Ավաղ… Շատերին պատուհասեց կորուստը: Շատերն էլ դեռ պատուհանի մոտ նստած սպասում են իրենց որդիներին, որ գեթ մի ակնթարթ փարվեն նրանց: Այլևս դա է նրանց բաժի՛նը, ճակատագի՛րը, միա՜կ փափագը…

Մեր սուգը եռօրյա՛ չէ, այն ողջ կյանքի տևողությամբ է… Բոլորիս հայացքը սառել է, ժպիտները կորսվել են: Մեր աչքերում ցավն է լճացել ու վրեժն է մորմոքում: Վրեժ՝ հանուն անմահացած հարազատի…

Շուտով նոր տարի է: Ասում են՝ իբր աշխարհում ամեն ինչ նորովի է սկսվում այդ օրը: Բայց հայ ազգը իր հետ հավերժություն է տանելու այս ցավը, սուրբ հուշն ու արթուն վրեժը:

«Կանթեղ» գրական խմբակ