Վերջերս վերադարձա Access ծրագրից։ Ծրագիրը իրականացվում է 2 տարի ժամկետով, և քեզ հնարավորություն է տալիս սովորել լավ անգլերեն, ձեռք բերել ընկերներ, մեծ փորձ և հասկանալ, որ ամեն լավ բան ունի իր ավարտը, և միշտ չէ, որ հնարավոր է ամեն բառից հետո դնել ստորակետ։
Հիմա կմտածեք թե ինչո՞ւ եմ այս ամենի մասին ձեզ պատմում: Նախ ուզում եմ, որ միշտ հավատաք երազանքներին, դրանք իրականանալու սովորություն ունեն։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև ես դպրոցում սովորելով ֆրանսերեն, հիմա կարողանում եմ վարժ խոսել անգլերեն: Սկզբից, երբ գնացել էի հարցազրույցի, ասացի, որ չգիտեմ անգլերեն ոչ մի բառ, բայց ընկեր Մարիամը ասաց, որ դա էական չէ։ Ծրագրում դու ազատվում ես բարդույթներից, սովորում ես լինել ինքնուրույն: Կարևորը այն է, որ դու ամեն նոր հնարավորության պետք է ասես` այո։ Դու ծանոթանում ես մարդկանց հետ, ովքեր կիսում են քո նախասիրությունները (լսում են ռոք երաժշտություն, SOAD), մարդիկ, ում հետ դառնում ես խենթ ու հասկանում, որ մեր ճամբարի երեք օրերը կարող են թվալ րոպեներ, անմոռանալի պահեր, որոնք երբեք չեն ջնջվելու քո հիշողությունից: Դու շփվում ես Հայաստանի տարբեր անկյուններից եկած քո հասակակիցների հետ, լսում ես նրանց մեկնաբանությունները տարբեր երևույթների մասին, սովորում ես խոսել քո «ես» -ի անունից, հասկանում , որ կան մարդիկ, որոնք կախման մեջ են ուրիշներից և, հանուն որոշակի պատճառների, թաքցնում են իրենց կարծիքը: Մինչդեռ հնարավոր է, որ նրանք ճիշտ են։ Դիմավորում ես արևածագը, որն այնքան ջերմ է, բայց միևնույն ժամանակ, այնքան դաժան, քանի որ հիշեցնում է վերջակետի գոյության մասին։ Դու շփվում ես մարդկանց հետ, ովքեր իսկական առաջնորդներ են, փորձում ես նրանց հարցախեղդ անել, քանի որ ցանկանում ես մի օր էլ դու 16 տարեկանների ոգեշնչման աղբյուր դառնալ։ Պարում ես այնքան ազատ, կարծես ճախրում ես, կարծես մոլորակը քոնն է: Պարում ես անվերջ, աչքերդ փակ, վայելում ես երաժշտությունը, ասես քեզ ոչ ոք չի նայում: Երգում ես այնպես, ասես այդ երգը քեզ համար է գրված, ժպտում ես անկեղծ, արժանանում ես «Ոսկե փայտիկ» մրցանակին: Դրանից աշխարհում ընդամենը հինգ հոգի ունեն, և այլևս ոչ մեկը երևի չի էլ ունենա: Դու վայելում ես կյանքը, քանի որ նա չունի բացասական ոչ մի գիծ: Նույնիսկ վերջակետն է այնքան գեղեցիկ, այնքան խորհրդավոր։
Իրոք, երանի այն մարդկանց, որոնք զգացել են իսկական վայելքը: Ես այդ բախտավորներից մեկն եմ: Դու հասկանում ես, որ երջանկությունը մանրուքների մեջ է։ Իսկ հետո գալիս է ամենահետաքրքիր պահը. դու զբաղվում ես ինքնավերլուծությամբ, դու գնահատում ես քո ուժեղագույն կողմերը, բացահայտում ես թույլ կողմերը, հասկանում ես, որ պետք չէ ժամանակը վատնել ափսոսելու համար: Ախր, կյանքը այնքան կարճ է։ Ուզում ես գոռալ. մի կորցրեք մարդիկ, ասեք այն բառերը, որ կարևոր են ձեզ համար, որովհետև հնարավոր է հետո շատ ուշ լինի։
Եվ դու վերադառնում ես մի մեծ ծանրությամբ, այնքան մեծ պաշարով, միաժամանակ, ներսումդ այնքան մեծ դատարկություն է, որովհետև վերջացավ ծրագիրը։
Ու երկար մտորումներից հետո հասկանում ես՝ հրաշքներ տեղի են ունենում մեր աշխատասիրության ու նպատակասլացության միջոցով։