Օֆելյա Հովհաննիսյանի բոլոր հրապարակումները

ofelya hovhannisyan

Երբ տերևները թափվեն

Հարցազրույց հայրիկիս՝ Ժորիկ Հովհաննիսյանի հետ

Շուտով կգա իմ ամենասիրած եղանակը՝ ձմեռը: Ես շատ եմ սիրում տարվա այս եղանակը, քանի որ այն անմիջականորեն կապված է իմ հայրիկի հետ: Հայրիկս արդեն երկար ժամանակ է, ինչ մեկնում է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի, և ես միայն ձմռանը կարող եմ տեսնել նրան: Երբ  ես փոքր էի, մայրիկս ինձ ասում էր, որ երբ աշուն գա,  ծառերի տերևները դեղնեն և ընկնեն ծառից, և երբ առաջին ձյունը գա, հայրիկը կգա: Եվ ես հետևում էի, թե ինչպես են ծառերի  տերևները դեղնում և ընկնում ծառից, բայց միշտ ծառի վրա մի քանի տերև մնում էին, և ես դրանից շատ էի բարկանում: Հետո ձյուն էր գալիս. ես ուրախությունից  ցատկոտում էի և ուրախությունս տատիկիս հետ կիսում: Սակայն դեռ չհասցրած կարոտս առնել՝ հայրիկս նորից գնում էր, և ես կրկին պետք է սպասեի, որ այդ ձյունը հալվեր, հաջորդ ձյունը գար…

Իսկ հայրիկիս հետ այս անգամ ես որոշեցի զրուցել ոչ մանկական թեմաներից:

-Հայրիկ, ինչպե՞ս որոշեցիր ընտրել քո մասնագիտությունը:

-Շատ փոքր տարիքում՝ մոտավորապես երևի 5 տարեկան էի, անընդհատ հեռուստացույցով նայում էի հայտնի նկարիչների կտավներ, որոնք ինձ շատ էին դուր գալիս, այդպես ես որոշեցի զբաղվել նկարչությամբ:

Մեր գյուղում կար մի վայր, որտեղ ես օրվա մեծ մասն էի անցկացնում: Այդ վայրը մենք, անվանում էինք «Խաչեր», քանի որ այնտեղ կան շատ գեղեցիկ խաչքարեր: Ես այնտեղ նստում էի մի մեծ քարի վրա և սկսում էի նկարել այդ խաչքարերը: Սկզբում այդքան էլ լավ չէր ստացվում, բայց հետագայում, կարելի է ասել, որ ես կատարելագործվեցի:

-Ի՞նչ ես ավելի շատ սիրում նկարել:

-Ես շատ եմ սիրում բնություն նկարել: Ծառեր, բույսեր, կենդանիներ և այլն: Սակայն չեմ կարողանում մարդկանց նկարել, քանի որ իմ պատկերացումներում նրանք այդքան էլ լավ չեն ստացվում:

-Իսկ բացի նկարչությունից էլ ինչո՞վ ես սիրում զբաղվել:

-Բացի նկարչությունից ինձ հատաքրքրում է դիզայներությունը: Շատ հետաքրքիր է, երբ որոշում ես, թե սենյակում ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել  այս կամ այն իրը:

-Ինչո՞ւ չշարունակեցիր քո մասնագիտությամբ:

-Դե~, երկար ժամանակ աչքաթող անելով իմ սիրած զբաղմունքը, մատնվեցի անգործության: Այստեղ աշխատանք չգտնելու պատճառով ստիպված եղա մեկնել արտասահման և հիմա շինարարությամբ եմ զբաղվում: Ես կարողանում եմ շատ գեղեցիկ շենքեր, կառույցներ, տներ վերանորոգել:

-Իսկ ամբողջ տարվա ընթացքում քանի՞ անգամ ես Հայաստան վերադառնում:

-Ցավոք սրտի, ես միայն ձմռանն եմ գործերս վերջացնում և, հետևաբար, միայն ձմռանն եմ գալիս Հայաստան:

-Իսկ օտարության մեջ գտնվելով՝ ի՞նչ դժվարություններ ես հաղթահարում:

-Իրականում շինարարի գործը այդքան էլ հեշտ չի, բայց իմ ամենամեծ դժվարությունը հարազատներիցս և երեխաներիցս հեռու գտնվելու փաստն է:

-Իսկ ինչպե՞ս են նրանք համակերպվում:

-Անկեղծ ասած, մեր բաժանումները շատ դժվար են լինում, բայց հիմա նրանք արդեն մեծ են և հասկանում են իմ գործի բնույթը:

-Իսկ ի՞նչ ես կարծում, նկարչությամբ զբաղվող մարդիկ մեծ եկամուտ ունենո՞ւմ են:

-Մեր երկրում մի փոքր դժվար է ապրելը, դրա համար մարդիկ հիմա ավելի շահութաբեր գործ են փնտրում:

-Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդությանը մասնագիտության ընտրության հարցում:

-Ամեն մարդ պետք է նպատակ ունենա և ընտրի իրեն հոգեհարազատ մասնագիտություն` հաշվի առնելով իր նախասիրությունները և հմտություները: Պետք է լսի իր սրտի ձայնը և գնա իր երազանքի հետևից:

Հիմա արդեն շատ մեծ եմ և հասկանում եմ, որ երբ հայրիկս գործերը վերջացնի, այն ժամանակ էլ կգա… Թեև մինչև հիմա սպասում եմ տերևների դեղնելուն, թափվելուն և ձյան գալուն: Ահա այդ պահերը կրկին մոտենում են, և շատ քիչ է մնացել: Բայց  ես այս անգամ չեմ ուզում մտածել հայրիկիս գնալու մասին, այլ ուզում եմ մտածել, թե ինչպես ամբողջ ընտանիքով պետք է նշենք Ամանորը…

ofelya hovhannisyan

Չարաբաստիկ դասաժամը

Ինչպես միշտ եկավ իմ սիրելի դասաժամը: Ֆիզիկա առարկան ընդհանուր առմամբ ես շատ եմ սիրում: Կրկին իմ սիրելի ուսուցչուհին դաս էր բացատրում, իսկ մենք բոլորս ուշադիր նրան էինք լսում:

Սակայն այսօր ամեն ինչ այլ էր: Տիկին Պետրոսյանը ինչպես միշտ ժպիտը երեսին դաս էր բացատրում մինչև այն պահը, երբ դեռ չգիտեր, որ աղջիկը` 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը ավտովթարից մահացել էր, իսկ տղան՝ 20-ամյա Հրանտը, տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Զանգը հնչեց, և նա գնաց ուսուցչանոց:

Մեզ մոտ հանրահաշիվ էր, մենք ևս այդ չարաբաստիկ լուրի մասին տեղյակ չեինք: Դասն արդեն վերջանում էր, երբ մեր դասղեկը մտավ դասարան և հանրահաշվի ուսուցչուհուն դուրս կանչեց: Քիչ անց նա լացակումած ներս մտավ, մենք շփոթված անընդհատ հարցնում էինք, թե ի՞նչ է եղել, սակայն ոչ մի պատասխան: Հետո մեր ուսուցչուհին հավաքեց իր ուժերը և ցածրաձայն ասաց.

-Երեխաներ, դպրոցում աղմուկ չբարձրացնեք, ընկեր Պետրոսյանի աղջիկը մահացել է: Սակայն դեռ լուրը հաստատված չի:

Այդ պահից սկսած մենք լռեցինք, քարացել էինք, ոչինչ չէինք  խոսում: Մենք դեռ հույս ունեինք, որ Հռիփսիմեն ողջ է մինչև այն պահը, երբ դասընկերուհիս ներս մտնելով ասաց, որ ֆեյսբուքյան էջերում արդեն հաստատվել է նրա մահը: Հազիվ զսպելով ինձ՝ մաքրեցի արցունքներս:

Մենք երբևէ չենք տեսել ընկեր Պետրոսյանի երեխաներին, սակայն նա այնքան էր պատմում նրանց մասին, որ մեզ թվում էր, թե ճանաչում ենք նրանց: Հռիփսիմեն սովորում էր Բրյուսվի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետում, գիտեմ, որ ուներ  բարձր առաջադիմություն, իսկ եղբայրը՝ Հրանտը, վերջերս էր վերադարձել բանակից և սովորում էր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում:

Լավ է, որ կան այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնք կարողանում են մարզերից ուսանողներին անվճար տեղափոխել Երևան, սակայն հիմա ինձ հուզում է մի հարց. Արդյո՞ք այդ ավտոբուսները տեխզննում անցնում են, սարքի՞ն վիճակում են, թե… Պետք է մեծ ուշադրություն դարձնել սրան, քանի որ գյուղերից քաղաք տեղափոխվող ուսանողները գյուղի, նաև մեր ողջ ազգի պայծառ ապագան են: Պետք է ուշադիր լինել, քանի որ ոչ  միայն  կարող են  իրենց կյանքը վտանգել, այլ նաև ուրիշների: Հատկապես ձմռան այս ցուրտ եղանակին առանց անվադողերը փոխելու չի կարելի երթևեկել:

Այս չարաբաստիկ պատմությունը չեմ կարողանում հանել մտքիցս: Ամեն րոպե Աստծուն խնդրում եմ, որ Հրանտը ապաքինված տուն վերադառնա, որ մեր սիրելի ուսուցչուհին… Չգիտեմ այս դեպքերում ինչ են ասում: