Էլադա Պետրոսյանի բոլոր հրապարակումները

Ժենիկ տատը

Զրույց մեր համագյուղացի` արզականցի Ժենիկ տատի հետ

-Ժենիկ տա՛տ, մի փոքր պատմիր քո մասին:

-Ի՜նչ պատմեմ, ազիզ ջան: Ես ծնվել եմ Կիրովաբադում, Դաշքեսանի ռայոն , գյուղ՝ Շահումյան, 1940 թվին, հիմա 76 տարեկան եմ:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

-Ժենիկ տա՛տ,  փոքր ժամանակ  շա՞տ  կամակոր  երեխա ես եղել:

-Շա՜տ,  շա՜տ,  սաղին վառել  եմ, թողել եմ: Մանկությունս էլ շատ վատ ա  էղել, լավ չի եղել, ազիզ ջան: Վա՜յ, էնքան էինք տանջվում, բայց արդյունք էլ չկար: Գառ էինք պահում, ոչխար էինք պահում, բախ էինք  անում (փոցխում), կարտոլ շա՜տ,  հեկտարներով ցանըմ ինք, բուկ էինք թուլցնում:

Ա՜յ, քո չափ աղջիկ եմ էլել, ինչքա՞ն եմ բախել, ինչքան եմ ցանել, դեռ չին էլ հավատում, ասում էին` դու շատ էս բախել, էս երևի ուրիշն ա էլել հետդ բախող:

Էնտեղից  եկել եմ Չարենցավան՝  հորաքրոջս տուն, դեռ մերոնք չէին եկել: Հա՛, էկել եմ  էդ  տղային պատահել եմ, սիրահարվել ենք Աղվերանում: Պատահել ենք, սիրահարվել  ենք, նստել ենք զրույց ենք արել: Մի օր  էլ ասաց՝ մամաս էսպես խեղճ ա, մամաս տանջված ա: Ասի՝ դե մի լավ աղջիկ առ, որ մամայիդ  պահի: Ասավ` քեզնից էլ լավ աղջի՞կ: Մի հատ  գլխին խփեցի, ու  էդպես էլ  եկան ընձի  տանելո՜ւ: Իրանց ժողովրդին ասեց, որ ես էս  աղջկան եմ ուզում: Եկել են, տեսել են,  Հենոյի  բոռտավոյով  են բերել Չարենցավանից:

-Ինչ որ մասնագիտություն ունե՞ս, Ժենիկ տատ: 

-Եկել  եմ  Չարենցավան, որ էթամ թեթև  արդյունաբերության տեխնիկում, էն էլ ուրբաթը  շաբաթից շուտ ա եկել:  Էդպես էլ ոչ մի մանագիտություն չեմ ունեցել, բայց աշխատել եմ անտառտնտեսությունում, մի 20 օր հետո էդ տղային տեսել եմ,  ու  էդ ա  եղել:  Պարտիական եմ  եղել, շրջանային դեպուտատ եմ էլել՝ աղջիկ ժամանակ:

-Ինչ-որ հետաքրքիր դեպք կպատմե՞ս, Ժենիկ տատ,  աշխատանքային տարիներից:

-Հա, եկել եմ էստեղ, որ արդեն երեխեքս մեծ են էլել, գնացել եմ «սովմինի» հանգստյան տուն,  որ  դիմում տամ, ինձ հավաքարար ընդունեն գործի: Ասել են` ինչի՞ էս էդ գործն ընտրում, դու կուսակցական ես, դու դեպուտատ ես: Ասել եմ՝ ոչինչ, էս էլ ա լավ:

-Գիտեմ, որ ամուսինդ բանաստեղծություններ է գրել, տա՛տ, կպատմե՞ս այդ մասին: 

-Հա՛,  ճիշտ ես իմանում: Էդ բանաստեղծությունները ես էլ եմ կարդում, թոռներս էլ են կարդում: Իմ մասին բանաստեղծություններ էլ ա գրել: Ասեց. «Ասում ես` չես գրը՜մ, իմ մասին չես գրը՜մ, Ժենիկ ջան, էս էլ՝ քո մասին»:

-Քանի՞ երեխա  ունես, Ժենիկ տատ:

-Երեքն  էին, հիմա՝  2-ը ու՜նեմ, և ունեմ 4 թոռ: Սիրում եմ ամենաշատը աղջիկներին: Դե տղաներին էլ եմ սիրում, բայց որ ինձ աղջիկ չեմ ունեցել, շատ եմ ուզեցել ունենալ, չի էլել՝ երկուսին էլ  սիրում   եմ՝ Արաքսյային էլ, Անուշին էլ:

-Իսկ ի՞նչ երազանքներ ունես, Ժենիկ տատ:

-Երազանքներ ունեմ, որ իմ ոտին, իմ ձեռին,  անկողին չմտնեմ, իմ երեխաների ձեռքով հողը մտնեմ, դրանից ավել  էլ բան  չունեմ… Ի՞նչ ավելացնեմ… Թոռներս  բախտավոր ըլնեն: Է՛հ…

«Իմ գրադարանը»

Հայաստանում գրադարաններ շատ կան, ընթերցողների թիվն էլ պակաս չի, սակայն իմ գյուղի` Արզականի գրադարանում մի ուրիշ շունչ կա: Երևի դա նրանից է, որ մեր շատ սիրելի ընկեր Սոնյան է մեր գրադարանավարուհին: 

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Հա՛, հա՛, հաստատ ընկեր Սոնյայից է, որ գյուղում ընթերցողների թիվը չի պակասում: Անգամ  թոշակառու տատիկներն են այցելում գրադարան և ընկեր Սոնյայից գրքեր  պահանջում: Սակայն այդ պահանջվածներից ոչ  շատերն է ունենում նա, քանի որ գրքեր կան, որոնք մինչև  հիմա կարդացողի մոտ է, կամ էլ վերադարձրել  են, բայց  զուր՝ էջերը չկան: Ընկեր Սոնյայի հետ զրույցում՝ նա պատմեց այս ամենը: Գրադարանում կա 8000-ից ավելի գիրք:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Երբ ընկեր Սոնյային հարցրեցի, թե խնդիրներ կա՞ն, որոնք առաջնային են: Նա ինձ տարավ գրքերի պահոց և ցույց տվեց այդ անկարելի վիճակը:

Պահոցում օդը շատ ծանր էր, չկարողացա ինձ զսպել և հարցրեցի՝ ինչո՞ւ պատուհան չեք բացում: Նա ասաց.

-Երկու պատուհան կա, բայց չեմ կարող բացել, քանի որ, եթե դիպչեմ պատուհանին, այն պատի հետ միասին կփլչի:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Չեք պատկերացնի, թե ինչքան էր ազդել ինձ վրա գրքերի խղճուկ վիճակը, պայմանները: Իսկ երբ այդ տեսարանից հետո հարցրեցի, թե ինչ-որ բան կա՞, որ կցանկանայիք ավելացնել, նա պատասխանեց՝ գրքերը, և նրա դեմքի վրա երևաց մեղմ ժպիտ:

Արզականի հերոսները

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

2015 թվականի հունվարի 20-ը սովորական օր չէր:

Արզականում այդ օրը մի խումբ տղաներ էին զորակոչվում բանակ, որոնց մեջ էր եղբայրս՝ Սանասար Պետրոսյանը: Հպարտությամբ եմ այս ամենը ասում, չնայած որ այդ օրը շատ հուզված էի և չեմ էլ հիշում, թե ինչպես եմ եղբորս ճանապարհել: Միայն հիշում եմ, որ բոլոր նորակոչիկները և իրենց հարազատները՝ այդ թվում մենք, հավաքվել էինք կամուրջի մոտ և դհոլ-զուռնայով ճանապարհում էինք նրանց և մաղթում խաղաղ ծառայություն:

2016 թվականի մարտին ստացանք մի նամակ: Այն սովորական նամակ չէր, այլ շնորհակալական նամակ էր՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, որտեղ շնորհակալություն էր հայտնվում ծնողներից՝ Պետրոսյաններիցս, Սանասարի լավ ծառայության համար: Մենք բոլորս միասին կարդացինք շնորհակալագիրը: Այնտեղ այնպիսի բառերով էր բնութագրվում եղբայրս, որ անգամ կարդալուց հուզվեցինք, հետո եղբորիցս զանգ եկավ, հայրս վերցրեց:

-Հա՛, տղես:

- Պա՛պ, տղեդ մեդալներ ա ստացել:

-Ի՞նչ մեդալ, տղա՛ ջան:

-Պա՛պ, ուրեմն՝ «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ», «Լավագույն մարզիկ», տենց էլի՛ …

Էլ ավելի հպարտացանք այս ամենը իմանալով, սակայն մի քանի օր անց

18-19 տարեկան զինվորները 2016 թվականի ապրիլին «ճաշակեցին» քառօրյա պատերազմի համը:

Չեմ էլ կարող ներկայացնել, թե այդ օրերին զինվորների ծնողների վիճակը ինչպիսին էր: Մեր տանը այսպիսի վիճակ էր տիրում՝ հայրս համակարգչի և հեռուստացույցի դիմացից այն կողմ չէր գնում: Մայրս ու տատս ոչինչ չէին խոսում, ընդամենը խաղաղություն էին աղերսում:

Ապրիլի 4-ին դպրոցից եկա տուն: Տան մի մասում տղամարդիկ հավաքվել, քարտեզն էին ուսումնասիրում, իսկ մյուս մասը՝ քննարկում էր այդ օրերին կատարված գործողությունները, իսկ ես՝ ոչինչ չէի խոսում:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Այն տղաները, ովքեր 2015 թվականի հունվարին առանց վախի զգացումի, անգամ, կատակելով մեկնում էին բանակ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդեն հերոսներ էին՝ Վարդգես Գրիգորյանը, Խոսրով Աբրահամյանը, Արման Առաքելյանը, Ռոմիկ Մկրտչյանը, Արամ Հունանյանը, Մհեր Մկրտչյանը, Ֆրունզե Աթանեսյանը, Ռազմիկ Խլղաթյանը, Հարություն Հարությունյանը, Սանասար Պետրոսյանը, Ռազմիկ Ավետիսյանը, Գարիկ Հարությունյանը և, թող ներեն այն հերոսները, որոնց անունները չնշվեցին այստեղ, բայց նրանց բոլորի անունները արդեն հավերժացվել է հայոց պատմության անմոռանալի էջերում:

Արդեն 25 տարի է, որ Հայաստանը ձեռք է բերել իր անկախությունը և այդ 25 ամյակի կապակցությամբ տեղի ունեցած շքերթին մասնակից էր նաև եղբայրս՝ որպես կարգապահ և խիզախ զինվոր:

Եվ որպես զինվորի քույր, ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել անկախության տոնի առթիվ: Թող ոչ մի զինվոր թշնամու գնդակին չհանդիպի: Նաև շնորհավորում եմ մեր հերոսներին, ովքեր իրենց սխրանքներով ապացուցեցին, որ հայ ազգը անպարտելի է՝ մեր այսօրվա հերոսացած զինվորների շնորհիվ:

elada

Աղվերանի մեդիա ճամբար. Լեյլին

Լեյլի Թադևոսյանի հետ ծանոթացա ճամբարում: Ու քանի որ երբեք հարցազրույց չէի վարել, «անփորձ լրագրող էի», զուտ ընկերական, իմ առաջին հարցազրույցը փորձեցի նրա հետ անցկացնել:

Լեյլին,արդեն 4 տարի համագործակցում է պատանի թղթակիցների հետ: Նա կօգնի ինձ, և նրա օգնությամբ կստանամ իմ հարցերի սպառիչ պատասխանները: Եվ այսպես, ես և Լեյլին առանձնացել ենք, որպեսզի մեզ ոչ ոք չխանգարի: Լսվում է ձայնագրիչի կոճակի ձայնն, ու…

-Քանի՞ տարի է, ինչ թղթակցում ես 17.am կայքին:

-Մոտավորապես 4 տարի: Չնայած էն ժամանակ, երբ ծանոթացա թիմի հետ, 17.am-ը չկար: Մենք պարզապես միացել էինք «Մանանա» կենտրոնի անձնակազմին ու թղթակցում էինք, որովհետև մեզ մոտ` Շիրակի մարզում «Մանանան» դասընթաց էր անցկացրել: Հետո, մասնակիցներից ընտրել էին մի քանիսին, որոնց թվում ես էլ կայի:

-Պատմիր, քո առաջին նյութի մասին:

-Դասընթացի ժամանակ երկու թեմա են տալիս սկզբում: Մեկը՝ «Իմ մասին» , մյուսը` «Ինչն է ինձ հուզում»: Ուրեմն հենց դրանք են եղել իմ առաջին նյութերը: Իսկ առաջին լրագրողական նյութս Գյումրիից էր: Գյումրիում հին այգի կա, «Բոշի սադ» են անվանում, որը բավականին հին պատմություն ունի: Ես որոշել էի այգու մասին տեղեկություններ գտնել: Գնացել էի ոչ միայն գրադարան, պատմության թանգարան, այլ նաև հանդիպել մարդկանց, խոսել ու լսել էի նրանց պատմությունները: Ասեմ ավելին՝ գտել էի մի հին, ըսպես ասած, «բուդկայի» աշխատող, որի հայրը այգու հիմնադիրներից էր եղել ու շատ բան պատմեց: Շատ սիրուն նյութ էր ստացվել: Հենց «ըդպես» էլ սկսեցի, ու իմ մեջ սեր առաջացավ նյութ գրելու՝ հատկապես իմ քաղաքի պատմության, քաղաքի մարդկանց, մշակույթի մասին:

 -Ի՞նչ արձագանքներ եղան առաջին նյութից հետո, երբ հայտնվեց համացանցում:

 -Համացանցում հայտնվելուց հետո մարդիկ տեսնում, կարդում, share էին անում: Հիմնականում այգին մոռացված էր՝ պատմության առումով ու մարդկանց շրջանում: Նյութը գրավեց նրանց ուշադրությունը: Այդ ժամանակ դպրոցում էի սովորում, և ուսուցիչները անընդհատ դրվատանքի խոսքեր էին ասում: Հետո այն տպագրվեց նաև «Խաբարբզիկում» ու «Խաբարբզիկները» ստանալուց հետո բաժանում էի մեր դպրոցի դասարաններին, գրադարանին: Տարել եմ նաև էն գրադարանը, որտեղից այգու մասին տեղեկություններ էի ստացել ու կարդալուց հետո ասում էին.

-Չէ՛, լա՛վ է, հույսեր կան, որ հետո գրելը կշարունակես:

-Ներկայացրու քեզ 17.am-ից առաջ և 17. am-ից հետո:

 -17.am-ից առաջ: Դե, գրելու հանդեպ սերը միշտ էլ եղել է, պարզապես, մարդիկ ցանկանում են գրել «բան»` իրենց սովորած դժվար բառերով՝ եսի~մ, որ գրքից պեղած: Նախքան «Մանանային» թղթակցելը ես ամեն ինչ փորձում էի էդ ձևով գրել, հիմնականում շարադրության տեսքով: Կարդալ ստացվում էր, բայց, իմ կարծիքով, էդքան էլ հետաքրքիր չէր: Եթե ինչ որ բան ես գրում, էնպես պիտի գրես՝ մեր գրողներից մեկն է ասում, կարծեմ Թումանյանը, որ թե՛ փոքր երեխային հետաքրքրի, թե՛ մեծին, հասանելի լինի տարբեր տարիքի ընթերցողի համար: «Մանանային» թղթակցելուց հետո ես ավելի ազատ եմ մտածում, կարող եմ օգտագործել և՛ գրական հայերենը, և՛ մեր Գյումրվա բարբառը, որը միշտ էլ համ ու հոտ է տալիս խոսքին: Էդպես, պատմությունը հարազատ է դառնում ոչ միայն քեզ, այլ նաև էն մարդուն, ով կարդում է, որովհետև ընթերցողը պատկերացնում է իրավիճակը: «Մանանային» թղթակցելուց հետո ես, իրոք, զգում եմ էդ փոփոխությունն իմ կյանքում: Շարադրություններս էլ սկսեցի գրել նույն ոճով, և տարբերությունը բավականին լավ էր: Մրցույթներին արդեն զբաղեցնում էի բավականին բարձր տեղեր:

-Հետաքրքիր դեպքեր եղ՞ել են, կապված քո նյութերի հետ:

-Օրինակ՝ կարող եմ պատմել, որ Գյումրիում ես ու ընկերուհիս, որի հետ, ի դեպ, անվանակիցներ ենք, ծանոթացել էինք 60 տարեկան դիջեյ տատիկի հետ, որը հիմա էլ ողջ-առողջ է, ու նրա հետ հարցազրույց էինք անում: Ինքը մեզ չէր թողնում, որ նկարեինք ռեպորտաժի համար, պատճառաբանելով, թե սպիներս կերևան: Հետաքրքիր բաներ միշտ լինում են, որովհետև ինչ-որ նյութ գրելիս, ես պետք է ամեն ինչ պարզեմ, նոր գրեմ: Մարդիկ շատ տեղեկություն են տալիս, սպասվածից ավելի շատ:

 -Ո՞րն է քո ամենասիրելի նյութը՝ քո գրածներից կամ ուրիշի: 

-Տատիկիս մասին էի նյութ գրել: Ու հիմա, երբ կորցրել եմ իրեն, ամեն անգամ կարդալիս` իմ մեջ ամեն ինչ փոխվում է, ալեկոծվում: Կային մարդիկ, որ կարդում ու ասում էին. «Վ՜այ, ինչ լավ ես գրել, ինչ լավ ես ներկայացրել»: Բայց նյութը իրական էր, ու ես հիշում եմ ամեն մի պահը, էդ ամեն ինչը զգացել եմ:

Իսկ բացի իմ նյութից՝ շատ կան, ընկերներս հոդվածներ են գրում, օրինակ՝ Մարիամը Նալբանդյան, Շուշանիկը Հարությունյան, Լիլին Նալբանդյան, Լուսինեն Կարապետյան…շա՜տ կան: Լավ նյութ ասածը՝ ամեն մարդու համար կարող է տարբեր լինել: Օրինակ ինձ համար, եթե նյութի մեջ ինչ-որ մի օգտակար նախադասություն կա, ինչ-որ մաս պիտանի է ընթերցողի համար, լավ է:

 -Ո՞ր ոլորտի մարդկանց հետ ես նախընտրում հարցազրույց վարել: 

-Մարդկանց հետ խոսելը հետաքրքիր է, եթե լրագրող ես, պիտի կարողանաս մարդկանց մեջ ինչ-որ հետաքրքիր բան գտնել: Օրինակ, եթե դու խոսում ես նկարչի հետ, դու պետք է իր աշխարհը մտնես, եթե գրողի հետ ես խոսում, բառերը կամ փիլիսոփայությունը վերցնես, այսինքն, ամեն մարդ ասելիք ունի, և դու պիտի կարողանաս ճիշտ բան քաղել մարդուց:

-Ամենից շատ ո՞ր նյութերդ են քննարկվել:

-Գյումրու մասին էի գրել` կոլորիտով նյութ էր: Ներկայացրել էի Գյումրու մշակույթը և բարբառը: Ֆեյսբուքում շա՜տ մեծ արձագանք ունեցավ, մարդիկ անընդհատ մեկնաբանություններ էին թողնում, share էին անում, ու նյութը բավականին շատ տարածվեց: Իսկ երբ սովորելու էի գնացել Միացյալ Նահանգներ, էնտեղ նյութ գրեցի հայրենասիրության մասին, որ հայերը չպիտի թողնեն Հայաստանը ու գնան, ու եթե գնան էլ ՝ հետ գալու պայմանով: Էլի մեծ արձագանք գտավ, որովհետև խառը ժամանակներ էին, ու մարդիկ կարդում էին ու ասում. «Հա՛, էս մեկը ճիշտ է»:

 -Ի՞նչ որ բան կա, որ կցանկանայիր ավելացնել:

-Քեզ, որպես 17.am-ին նոր միացած թղթակցի ցանկանում եմ, որ միշտ կարողանաս գրել, նկարել ինչ-որ բաներ, ու իրենք քեզ համար դառնան սիրելի, սա լինի սիրածդ գործը: Հայաստանում միշտ էլ քննարկվող նյութեր, երևույթներ կան: Կարևորը, որ սիրես գործը ու արժանի շարունակողը լինես: Թող, որ միշտ, ես ու դու գրելու բաներ ունենանք, և թող, որ միշտ, թեկուզ էն ամենա անհետաքրքիր բանը կարողանաս հետաքրքիր կերպով վերլուծել:

Թովմասյանները` մեծից փոքր

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Ինչպես շատ հայկական գյուղերում, Արզականում էլ քիչ չեն բաց դարպասներով դռները: Դրանցից մեկն էլ Թովմասյանների հյուրընկալ ընտանիքի տան դարպասն է: Թերևս միայն դարպասի մոտ կանգնելով էլ կարելի էր հասկանալ, որ Թովմասյանների ընտանիքում թե՛ մեծ, թե՛ փոքր աշխատասեր են: Դրա վառ ապացույցը կարող էին լինել անասունների համար նախապես դարսված խոտը, լավ մշակված այգին, ամենաաշխատասերների՝ մեղուների բզզոցով ուղեկցվող ժրաջան աշխատանքը, արևի տակ դրված չրերը, հավաքված ցախը ու էլի շատ բաներ, որոնք բնորոշ են գյուղական աշխատասեր ընտանիքին:

Մեր խումբը տեսնելուն պես կես զարմացած, կես վախեցած հայացքով այգուց դուրս է գալիս մի ճերմակահեր ծերունի: Վանիկ պապն է, նրանց ընտանիքի թագավորը: Պապիկը շարունակում է նույն հայացքով այս ու այն կողմ, ոտքից գլուխ չափելով մեր թիմի յուրաքանչյուր անդամի, միաժամանակ փորձելով հասկանալ, թե ինչի՞ պետք է ինչ-որ տեսախցիկներով մարդիկ գային իրենց տուն, եթե նրանք ոչ մի վատ բան չեն արել: Նույնիսկ ինձ մի պահ թվաց, թե պապիկը մտքում փորձում է հիշել, արդյո՞ք ինքը վատ բան չի արել: Արդեն պարզ էր, տան երիտասարդները պապիկին նախօրոք չէին հայտնել մեր այցի մասին: Դե, պապիկն էլ ինչ-որ անկեղծությամբ ու պարզությամբ, որ կարծես միայն մանուկներին ու ծերերին է բնորոշ, զրուցում էր մեզ հետ: Հետո տուն է հրավիրում. «Արեք, արեք էթանք տուն, էս իմ գերդաստանն ա, մեջների բեջուռա մարդը ես եմ»:
Հետևեցինք նրան: Հիշում եմ, թե ինչպես Վանիկ պապիկը ծանոթացավ պարոն Արայի հետ:
-Էսի՞ ա ձեր շեֆը,- հարցնում է մեզ:
-Հա, պապի ջան:
-Վայ, դու բարով ես եկել,-ասաց նա պարոն Արային:
-Բարև ձեզ, ո՞նց եք:
-Թովմասյանն ա ներկայանում, ձեր ազգանունը ո՞նց ա:
-Արա է իմ անունը, Բաղդասարյան:
- Պա՜հ, էլի ուժեղ ա: Էս ի՞նչ եք անըմ:
-Եկել ենք ձեզ հետ ծանոթանանք:
-Ոչ մի հանցագործություն չենք արել, եկել եք` նկարում եք:
Պարոն Արան ժպտում է, հետո առաջ ենք գնում դեպի տուն: Ամեն մեկն իր գործով է զբաղված: Տան ամենակրտսերը՝ Գագիկը, որ երկու ամսական էլ չկա, քնած է: Մարիամիկն ու Նազենին արդեն հասցրել են ծանոթանալ մեր թիմից մի քանիսի հետ, իսկ շիկահեր Մանեն, ով ինձ իմ մանկությունն է հիշեցնում, ամաչում է տնից դուրս գալ: Փոխարենը` լուսամուտից ժպտում է մեզ, շարունակելով ձեռքի փոքրիկ կտորով մաքրել փոշիները, որ երևի չկային էլ: Դռան մոտ նստած է տան թագուհին՝ Վանիկ պապիկի կինը: Վանիկ պապիկի թոռները նստած են բազմոցին, իսկ տղան դեռ դաշտից չի եկել: Դե, իսկ տան հարսները, հարսնություն են անում:
Աչքերս լցվում են, երբ լսում եմ աստիճանների վրա նստած փոքրիկ Նազենիի երգը. «Մամ ջան, չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպերս ու ես…»: Նազենին դեռ շարունակում է երգել:
Մի խոսքով՝ հայ ընտանիքի հրաշալի օրինակ՝ աշխատասեր, հյուրասեր, հայրենասեր: Թովմասյանների ընտանիքն ամենադրական բառերին է արժանի:
Կարող եմ հիշել ամենագեղեցիկ պահերը, պատմել ամենագեղեցիկ ձևով, բայց, չէ, ուղղակի սպասեք ֆիլմին, իսկ իմ մտքում դեռ երկար փոքրիկ Նազենիի ձայնն է մնալու. «…կռիվ ենք գնում ախպերս ու ես…»

Հասկանո՞ւմ եք. Ես սահմանամերձ գյուղից եմ…

Սերինե Հարությունյան

***

Իմ ընկերներին՝ պատանի թղթակիցներին, հետաքրքրում էր, թե մեզ մոտ՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում, կա՞ արդյոք բազմանդամ ընտանիք, և ինչպես են նրանք ապրում մեկ հարկի տակ: Մեր գյուղում՝ Արզականում, կա բազմանդամ ընտանիք: Նույն տանիքի տակ ապրում են Վանիկ պապը իր տիկնոջ՝ Բուրաստան տատի հետ, տղայի, հարսի՝ Նազիկի և Գագիկի հետ միասին: Նազիկը և Գագիկը իրենց հերթին ունեն 2 տղա: Տղաներն էլ հասցրել են ամուսնանալ: Աշոտը և Նարեն ունեն երկու աղջիկ՝ Մանեն և Նազենին: Իսկ Մհերը և Անին ունեն մեկ աղջիկ՝ Մարիամը, և մեկ տղա՝ Գագիկը, որը ընդամենը մի քանի ամսական է: Աղջիկները՝ Մանեն, Նազենին և Մարիամը, շատ գեղեցիկ երեխաներ են: Նրանք իրենց գեղեցկությամբ մեկը մյուսին լրացնում են: Նրանք շատ հոգատար են իրենց փոքրիկ եղբոր՝ Գագիկի նկատմամբ և որպես տան փոքրիկ՝ քույրերը նրան սիրում են քնքշորեն:

Էլադա Պետրոսյան

Հացի բույրը

-Է՛լ,  վաղը  շուտ կարթնանաս  քնից:

-Է՜, լավ՜  էլի՛, տա՛տ, ինչի՞…

-Հացի  խմոր  եմ արել, որ  ինձ օգնես՝ հացը փռես,  մեկ էլ  գունդ բերես:

-Վա՛խ, ջա՛ն, դե որ էդպես ա, մի քանի հատ ֆոտոներ կանեմ, որ ուղարկեմ 17.am-ին:

-Ինչ ուզում ես արա, հա՛, մենակ ժամանակին գունդը կբերես ու հացերը  սիրուն իրար վրա կշարես:

Առավոտյան  արթնացա  և հանկարծ քթիս հասավ հացի բույրը, և լսվեց տատիկիս ձայնը.

-Արթնացի՛ր, թոնիրն արդեն վառել եմ, արագացրու  կրակը  կիջնի, շուտ  հագնվի, արի, որ օգնես…

Տատիկի  հրամայական  նախադասությունից հետո   լսվեց  մայրիկի ձայնը.

-Ի՞նչ  ես պառկել,  արա՛գ հագնվիր…

-Լա՛վ- լա՛վ, հագնվում եմ:

-Դե մենք գնացինք,   շուտ  կգաս,  որ  հացերը փռես՝  չփշրվեն…

-Վա՜յ, ինչ լավ է` շուտ վերջացրեցինք հաց թխելը:

-Ո՞վ ասաց, որ վերջացրեցինք, բա կլո՞ճը:

-Ո՞նց, տա՛տ, կլոճ էլ ե՞ս արել:

-Հա՛, բա ոնց…

-Ին՛չ լավ ա, շատ եմ կարոտել կլոճի համը:

-Դե շու՛տ գնա խմորը բեր՝ քանի թոնիրը չի հանգել:

Ինձ համար սովորական, բայց ձեզ համար անսովոր իրավիճակ, որը տիրում  է մեր տանը՝  հաց թխելու ժամանակ:

Հույս ունենք…

Ես ապրում եմ Կոտայքի մարզի Արզական գյուղում: Արզականցիներիս համար կա մի արդիական խնդիր. Արզականում գործող եկեղեցիներ չկան, բայց կան խոնարհված անմխիթար վիճակում գտնվող եկեղեցիներ, որոնք 10-ից 15-րդ դարի կառույցներ են:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Եկեղեցիներից մեկի` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հետ մի շատ հետաքրքիր պատմություն կա, որն ինձ պատմել է տատիկս: Եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում, սակայն երկրաշարժերի հետևանքով այն գրեթե ավերվել է:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Տատիկս պատմում էր, որ եկեղեցու դռան հետ կապված շատ հետաքրքիր պատմություն կա: Դարեր առաջ մի մարդ  կառուցել է տուն, և ցանկացել է, որ տունը դուռ ունենա: Նա շալակել է վանքի դուռն ու բերել, որ տեղադրի, սակայն դուռը չի անջատվել շալակից: Ստիպված հետ է վերադարձրել դուռը եկեղեցուն:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Բայց դարերի ընթացքում այդ դուռը մաշվել էր և արդեն  չէր ծառայում եկեղեցուն: Դռան բացակայության պատճառով կենդանիներն աղտոտում էին եկեղեցին: Տեսնելով այս ամենը, և օգտագործելով իր դարբնի հմտությունները, հայրս եկեղեցու համար դուռ է պատրաստել:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Սակայն չնայած ամուր դռանը, եկեղեցին կրկին մնում է անմխիթար վիճակում: Մենք հույս ունենք, որ մի օր եկեղեցին կունենա իր նախկին տեսքը և կհիշեցնի իր դարավոր պատմության մասին:

 

elada

Աղվերանի մեդիա ճամբար. Ինչպես միացա պատանի թղթակիցներին

Ես չգիտեի այս ծրագրի մասին: Մեր գյուղ` Աղվերան եկան 17-ի մի խումբ թղթակիցներ: Նրանք եկան նաև մեր տուն և փորձում էին հարցազրույց վերցնել հայրիկիցս, ով զբաղվում է դարբնությամբ: Նրանք շատ հետաքրքիր և սիրով էին կատարում իրենց գործը. լուսանկարներ էին անում, զրուցում  և, այդ ամենը ինձ շատ դուր եկավ:

Ես  հետևում էի նրանց աշխատանքներին և մտածում այն մասին, թե ինչ լավ կլիներ, որ ես էլ միանայի նրանց և դառնայի թղթակից: Ընտանիքիս անդամներին ես նույնպես  հայտնեցի իմ ցանկության մասին: Պատանի թղթակիցներին գտա համացանցով: Հայրս դիմեց նրանց, որ աղջիկս ցանկանում է դառնալ պատանի թղթակից: Նրանք շատ սիրալիր և բարեհամբույր պատասխանեցին.

-Մենք Աղվերանում ենք, և դուք կարող եք գալ, կզրուցենք այդ մասին:

Մենք հաջորդ օրը գնացինք այնտեղ: Մեզ դիմավորեցին արդեն ինձ շատ սիրելի դարձած պատանի թղթակիցները, որոնք հայտնեցին այն մասին, թե որոշել են մեր ընտանիքի մասին ֆիլմ նկարահանել: Ինձ համար դա մեծ անակնկալ էր:

Կողքիս նստած էր Ռուզանը, ով արդեն մի քանի ամիս է, ինչ պատանի թղթակիցների թիմում էր: Սկսեցի նրան հարցեր տալ հոդվածների մասին: Նա ինձ պատմեց իր առաջին հոդվածի մասին:

Հարցրի. «Ինչի՞ մասին է եղել քո առաջին հոդվածը»: Նա ասաց.

-Մայրիկիս հետ հարցազրույց եմ արել` «Ինչպե՞ս մնամ այնտեղ, որտեղ իմ հարազատներին են սպանել» վերնագրով: Նա մանրամասներ պատմեց ինձ իր առաջին  հոդվածի մասին:

Ես էլ առանց այս ու այն կողմ ընկնելու սկսեցի գրել իմ առաջին հոդվածը «Ի՞նչն է ինձ հուզում» թեմայով:

Նաև ինձ բացատրեցին, թե ինչ է լրագրությունը, լուսանկարչությունը և առավել ևս, կինոն, որը հենց մեր տանը պիտի նկարահանվեր, ու ես էլ մասնակցում էի հայրիկիս մասին պատմող «Դարբին Արտակը» ֆիլմի նկարահանումներին:

Երբեք չէի պատկերացնի և անգամ մտքիս ծայրով չէր անցնի, որ հայրիկիս մասին ֆիլմ կնկարեմ:

Երկու օր է,  ինչ այստեղ եմ, արդեն սկսել եմ հունի մեջ ընկնել և ոգևորվել: