Տաթև Թելունցի բոլոր հրապարակումները

Տնակ 2019

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Հուլիսի 10-ից երկու փուլով մեկնարկել է ՏՆԱԿ-ը` դասընթացների շարքը, որ տեղի է ունենում ամեն ամառ` իր շուրջ հավաքելով շուրջ 30 մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից։ ՏՆԱԿ-ը խրախուսում է ակտիվ քաղաքացիությունը, ոչ ֆորմալ կրթությունը, համայնքային ու  հյուրընկալող ընտանիքների մշակույթի զարգացումը։ ՏՆԱԿ-ի սկզբունքներից է կամավորությունը, և ՏՆԱԿ-ի դասընթացավարներից մինչև խոհարար աշխատում են կամավոր սկզբունքով։ Յուրաքանչյուր տարի ՏՆԱԿ-ն ունենում է իր առանձնահատուկ թեման` այս տարվանը բնապահպանությունն ու էկոլոգիական ոտնահետքի կրճատումն է: Հրավիրված դասընթացավարները խոսում են թափոնների կառավարումից մինչև ապագայի կենսակայուն մասնագիտություններ:
Հիշում եմ էն պահը, որ վեջապես ստացա զանգը, որով ասացին, որ ես դարձել եմ ՏՆԱԿ- 2019-ի մասնակից։

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

-Ողջույն։ Քեզ զանգում են ՏՆԱԿ ծագրից։ Շնորհավորում եմ, դու անցել ես…

Չեմ հիշում, թե հետո ինչ ասացին, որովհետև վերջապես ստացել էի էն զանգը, որին ահավոր շատ էի սպասում։

Եկավ հուլիսի 9-ը՝ ՏՆԱԿ-ի սկսելու նախորդ օրը, ու ես պետք է ճամփա ընկնեի Եղեգնաձոր՝ ինձ հյուրընկալող ընտանիքի հետ ծանոթանալու ու վերջապես մի քանի օր ապրելու համար։ Բայց դա պարզապես ծանոթանալ ու ապրել չէր։ Դա մի հետաքրքիր ու ժպիտի արժանի փորձ էր, որ քեզ մտածել է տալիս, որ կյանքը շատ հետաքրքիր է, ու Անդրանիկ Պապոյանի՝ ամենահավես դասընթացավարի ասած` «կյանքը թույն բան ա»։ ՏՆԱԿ-ից հետո դու հասկանում ես, որ դա իրոք էդպես է։

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Վերջապես եկավ հուլիսի 10-ը․ էն օրը, որին երևի սպասում էին ՏՆԱԿ-ի բոլոր մասնակիցները։ Ես ու Սեդան՝ ինձ հյուրընկալող աղջիկը, ու էլի  3 ՏՆԱԿ-ցիներ սպասում էինք ՏՆԱԿ-ի ավտոբուսին, որ պետք է գար, մասնակիցներին Եղեգնաձորից սկսած վերցնելով հասցներ Վայք:

Անծանոթ մարդիկ։ Տարբերվող կերպարներ։ Մտքեր։ Լռություն։ Լռություն խախտող հարցեր, թե ինչի էինք մենք լուռ։ Որոշ կանգառներում կանգ առնող ու շարժվող ավտոբուս։ Առաջին օր։ Սկիզբ։

Հասանք ՏՆԱԿ։ Էս տարի յուրահատուկ էր նրանով, որ ՏՆԱԿ-ն արդեն ուներ իր տունը։ Դա իրոք տուն էր, որովհետև մարդու տունն էնտեղ է, որտեղ իր սիրտն է, իսկ մենք բոլորս թողեցինք մեր սրտից մի մասնիկ ՏՆԱԿ-ում։ Թողեցինք նաև լիքը ծիծաղներ, հիշողություններ, արցունքներ… Մենք ուղղակի մեզնից մի հատված թողեցինք էնտեղ, դրա համար էլ ՏՆԱԿ-ի ավարտից հետո բոլորս էլ երևի կիսատ ենք մեզ զգում։

Առաջին օրը սովորաբար շատերի համար այնքան էլ լավ չի անցում։ Դե դու քեզ մի քիչ կորած ես զգում էդ անծանոթ մարդկանց մեջ։ Անկեղծ ասած առաջին օրը ես ու էլի շատերը մի քիչ հոգնած էինք։ Եկավ Ջիվան ձյաձյան՝ ավտոբուսի վարորդը, որ մեզ տանի մեր տուն, ու կապ չունի, որ մենք մեր հյուրընկալող ընտանիքի տանը ընդամենը մի քանի օր էինք ապրելու։

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Այս տարվա ՏՆԱԿ-ը բնապահպանության մասին էր։ ՏՆԱԿ-ի դասընթացավարները այնքան էին իրենց գործի ու ասածների մեջ վստահ ու մտահոգ, որ դասընթացների ընթացքում դու հասկանում ես, թե ինչ է իսկապես կատավում մեր աշխարհում։ ՏՆԱԿ-ից հետո դու դառնում ես բնապահպան ու միայն ՏՆԱԿ-ից հետո ես հասկանում, թե ինչքան բան ՏՆԱԿ-ը փոխեց քո մեջ ու քո շուրջը։ ՏՆԱԿ-ում բոլորը տարբերվող էին։ ՏՆԱԿ-ի օդը լցված էր երաժշտությամբ ու մի աննկարագրելի զգացումով, որտեղ դու հասկանում ես, որ կարևորը ինքդ քո տեսակը պահելն է ու մռութդ կախած, ամեն ինչից դժգոհ ու տխուր հոգեվիճակդ քեզ ոչինչ չի տա, եթե ոչ ժամանակի ու ինքնաբացահայտման կորուստ։ ՏՆԱԿ-ում մենք դառնում ենք ընտանիք, որտեղ կազմակերպիչը, կամավորը և մասնակիցը չեն տարբերվում իրարից։

Եկավ ՏՆԱԿ-ի վերջին օրը։ Մենք անկեղծ ասած մի քիչ չէինք հավատում դրան ու զգում էինք, որ երևի արդեն անսովոր կլիներ ՏՆԱԿ-ցիների ստեղծած աշխարհից ետ գնալ մի ուրիշ աշխարհ։

-էրեխեք, չեմ հավատում, վերջին 15 րոպեն ա, ու վերջ…

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

-Ահա, ու դրանից հետո ՏՆԱԿ-ը կավարտվի,- ասաց Սոնան, երևի դիտավորյալ ու մի քիչ ծիծաղելով։

Էս 15 րոպեները տեսածս ամենալիրիկական րոպեներն էին։ Գրեթե բոլորը իրար գրկած լաց էին լինում։ Գրեթե բոլորը, որովհետև մի քանի հոգի, որոնցից մեկը ես էի, ծիծաղում էինք։

Եկավ ավտոբուսը։ Ոչ մեկը չէր ուզում, որ էդ ավտոբուսը գար, որովհետև դա կլիներ վերջին անգամն էդ ավտոբուսում։ Առավոտյան էլ չենք արթնանա, ու կանգառում կանգնած չենք սպասի մեր ավտոբուսին։

Ավտոբուս։ Լռություն։ Մի քիչ ծիծաղ, բայց ոչ նման էն ծիծաղին, որ ՏՆԱԿ-ի նախորդ օրերին էինք զգում։ Ընթացքում իջնող կերպարներ, որոնց միգուցե էլ չտեսնեմ։  Անհասկանալի զգացողություններ։ Տխուր հայացքներ;  Վերջին օր։ Ավարտ։

ՏՆԱԿ-ի վատ կողմերից մեկն էն է, որ միանգամից 2 հրաժեշտ գալիս են մեկը մյուսի հետևից։ Հաջորդ առավոր ես պետք է հրաժեշտ տայի ինձ հյուրընկալող ընտանիքին։ Գիշերը քնելուց առաջ չէի պատկերացնում, թե ոնց եմ հաջորդ առավոտ բաժանվելու այն մարդկանցից, ովքեր արդեն ընտանիք էին դարձել։ Բայց առավոտն էլ եկավ, ու նոր բացվող օրվա հետ ավարտվեց ՏՆԱԿ-ը։

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

ՏՆԱԿ-ից հետո առաջին անգամ իսկսվեց հետճամբարային դեպրեսիա։ Կարոտում էի երեխեքին, ՏՆԱԿ-ի միջավայրը, անցկացրածս ժամանակը, հյուրընկալող ընտանիքիս, ամեն ինչը։

ՏՆԱԿ-ից հետո դու հասկանում ես, որ էդ 5 օրերն էլ բավական են քեզ ավելի լավը դարձնելու համար։ ՏՆԱԿ-ը քեզ տալիս է էն ամենը, ինչն ակնկալում ես, նույնիսկ ավելի շատ, բայց հետաքրքիրն էն է, որ դու էդ ամենը հասկանում ես միայն ՏՆԱԿ-ի ավարտից հետո։

Թթի փառատոնը Գորիսում

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Հուլիսի 6-ին Գորիս համայնքի Քարահունջ գյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած Թթի փառատոնը։ Փառատոնը 1-ին անգամ կազմակերպվել է 2014 թվականին և արդեն 5-րդ տարին է, ինչ այն տեղի է ունենում Գորիսից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում: Փառատոնը տեղի է ունենում ամեն տարվա հուլիս ամսի առաջին շաբաթ օրը։ Ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ԵՄ դեսպանը և մարզպետ Հունան Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերից հետաքրքրասեր մարդիկ, աշխարհի տարբեր վայրերից եկած զբոսաշրջիկներ։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Քարահունջ գյուղը հայտնի է իր թթի օղիով, այդ իսկ պատճառով էլ կոլորիտային փառատոնը տեղի է ունենում հենց այդ գյուղում։ Փառատոնի ընթացքում ներկաները ծանոթացան թութ թափ տալու արարողությանը։ Քարահունջեցի տատիկը և պապիկը դերակատարմամբ ներկայացրեցին գյուղում կատարվելիքը թթի «սեզոնին», այնուհետև կանչեցին բոլորին թութ թափ տալու։ Մեկնվեցին քյարխանաները` ծածկոցները, որոնց մեջ լցվում է թութը թափ տալիս: Բոլորն այնքան խանդավառ էին տեսնելու թութ թափ տալու արարողությունը, որ ամեն մեկը շտապում էր քյարխանայից բռնելու։ Վերևից թութն այնպես էր թափվում, որ տպավորություն էր, թե մեր ծառերից թափվում էր մեր մշակույթը, ավանդույթները, մեր մեծերի պահած-պահպանած սովորույթները։ Կար նաև մրցույթ, ով ամենաշատ թութը հավաքի, նա էլ կհաղթի ու մրցանակ կստանա։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնի ընթացքում քաղաք Գորիսը և հարակից այլ համայնքները տաղավարներում ներկայանում էին իրենց համայնքին բնորոշ ուտեստներով, զարդանախշերով, հայկական տարազներով։ Տաղավարներում կատարվում էր հյուրասիրություն-վաճառք, որը հիանալի հնարավորություն էր այցելուների համար ծանոթանալու մեր ազգային արժեքներին, դրանց պատմությանը, ճաշատեսակների բաղադրատոմսերին։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնի զարդից՝ թթից, փառատոնի ողջ ընթացքում ներկայացվում էր թթի օղին, դոշաբը, չիրը, իսկ այցելուները հնարավորություն ունեին տեսնելու օղու պատրաստման հետաքրքիր գործընթացը և հենց այդ պահին էլ համտեսել այն կամ գնել։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Ասում էին. «Սկսնակները թող հլը մինակ 5 բաժակ փորձեն», բայց Գորիսի թթի օղին այնքան լավն է, ոչ քչերն էին այդքանով բավարարվում։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնին կային նորապսակներ, ովքեր հենց փառատոնում ափսեն ջարդեցին բոլորի առաջ ու միասին պարեցին, ժողովուրդն էլ՝ իրենց հետ։ էս ամեն ինչի մեջ շատ անկեղծություն կար, բոլորն իրենք իրենց մտքերում, մի քիչ բարձր բարեմաղթանքներ էին ասում ու օրհնում։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնն այնքան ուրախ էր անցնում, որ մեր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քյարխանայից բռնած հիացած նայում էր վերևից թափվող թթին, հետո երեխաների ձեռքից բռնում ու իրենց հետ պարում էր։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնի ողջ ընթացքում զգացվում էր ազգայինը։ Քարահունջի շքեղ բնության մեջ իր թթից ստացած բարիքներով հպարտանում էր գորիսեցին, հայկական ազգային պարն ու երաժշտությունը օդը լցրել էին անասելի ջերմությամբ, երեխաների ուրախ ձայները մթնոլորտը դարձնում էին ավելի հետաքրքիր ու գունավոր։ Ամեն մեկը կենտրոնացած էր մի նոր բան սովորելու, համտեսելու, տեսնելու, զգալու վրա։ Իսկ երբ հոգնում էին, նստում էին խոտի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

տուկերի վրա ու իրենց հիացած հայացքներով նորից վայելում Թթի փառատոնը։

tatev telunts

Պայթյունն ավարտվեց ծաղիկներով

Հետաքրքիր է, որ ամեն օր մենք վեր ենք կենում ու ոչնչի մասին չմտածելով՝ սկսում ենք վարել մեր սովորական կյանքը, չիմանալով, թե ինչ փոփոխություն կբերի օրը մեր կյանքում։ Փոփոխություններ, որ միգուցե կարթնացնեն մեր սրտի քնած անկյունները իրենց զիլ հնչյուններով։

Ամառ էր։ Ես գտնվում էի «NPRC Creative English Camp»-ում՝ Հանքավանում։ Հավաքվել էին Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից 60 երիտասարդներ, ովքեր National Poetry Recitation Contest ասմունքի մրցույթում զբաղեցրել էին 1-ին հորիզոնականը, տարբեր ազգերից կամավորներ ու շատ հետաքրքիր ու փորձառու մարդիկ, որոնց հետ աշխատելը շատ հետաքրքիր էր ու երևի դա է պատճառը, որ հիմա անսահման կարոտում եմ այդ ամեն ինչը։ Ճամբարում էր նաև մի իռլանդացի պոետ՝ Damian Gorman-ը, ում ասած տողերը փոխեցին իմ կյանքի շատ էջեր։

Ճամբարում խաղ էինք խաղում, իսկ ես չէի հասցրել լսել խաղի կանոննեը։ Խաղի նպատակն էր գտնել այն մարդկանց, ովքեր իրենց մեջքի վրա ունեին կպցրած այն նույն գույնի կպչուկը (ստիկեր), որից ունես նաև դու։ Բոլորը զբաղված էին իրենց «ստիկերակից» ընկերոջը գտնելով, իսկ ես, բանից «բեխաբար», նայում էի էդ շփոթված մասսային ու ավելի շփոթվում, որ չգիտեի, թե ինչ պետք է անեի։ Ես, անկեղծ ասած, էդպես էլ չգտա։ Խաղի վերջում չինացի և կամբոջացի կամավորներն ասացին, որ դա կոչվում է մարմնի լեզու՝ body language, որին Տաթևը չի տիրապետում։

Դե, ես ընդհանապես շատ վատ ու հոգեմաշ բնավորության գիծ ունեմ․ հոգիս ամեն ինչ ծանրացնում է, իսկ բոլորի ծանր հայացքները՝ էլ ավելի։ Երբեք չէի զգացել բառերի ներգործությունն էնքան շատ, որքան էդ անգամ, ու հասկացա, որ բառերի հետ շատ զգույշ պետք է լինել։ Այդ պահերին ես մտածում էի, որ աշխարհում ամեն ինչ շատ վատ է, մարդիկ չեն հասկանում, թե ինչ են ասում, ու մյուսների զգացմունքների հաշվին՝ իրենք իրենց գործն են ուզում առաջ տանել ու մնացածին ավելի հասկանալի դարձնել։ Մի խոսքով, ես ինձ այդ պահին զգում էի աշխարհի տխրագույն էակը, ով ուզում էր մենակ մնալ։ Ես ապրում եմ գրքերի ու մտքերի աշխարհում, ու միակ բանը, որ հոգիս կարողանում է թեթևացնել՝ դա արվեստն է՝ ստեղծագործելը, գրելը։ Այդ պահերին ինձ թվում էր, թե ներսիցս մի բան կպայթի։ Ու պայթեց։ Պայթեցին մտքերս դատարկ թղթի վրա։ Չէի մտածում, թե ինչ էի գրում։ Ուղղակի գրում էի պահը հաղթահարելու համար։ Փաստորեն այդ գրվածքի մեջ ես ցանկանում էի մի նոր սկիզբ ու խուսափում այն ամեն ինչից, ինչը երբևէ պատահել էր ու ուզում էի, որ մարդիկ հասկանան իրենց ասածների ողջ իմաստն ու հետևանքները։ Չէի նկատում, որ կողքիս երեխեքի մի խումբ գոռգոռալով խաղ էր խաղում, որոշները վազվզում էին, շատերը էդ սիրուն տեղով հիանում։

Բարեբախտաբար, էնտեղ մեկը կար, ով կհասկանար ինձ, ու ես կյանքում առաջին անգամ գրածս պատռելու փոխարեն տվեցի մեկին ու խնդրեցի պարզապես կարդալ։ Դրա պատճառն այն էր, որ հոգուս խորքում ես հասկանում էի, որ ուզում եմ մեկի հետ խոսել ու միգուցե այդկերպ հասկանալ, թե ես ինչ եմ իրականում ուզում։ Մեր մոտ հաջորդ դասընթացն էր՝ բանակցությունների մասին, ու ես համարյա դասընթացի ավարտին տեսա նրան՝ գրածս ձեռքին։ Հայտարարվեց, որ հացի ժամն էր, բոլորը վազեցին ճաշարան, իսկ պոետը ցանկացավ խոսել ինձ հետ։ Դա խոսակցություն էր, որի մեջ անսահման շատ անկեղծություն կար ու հասկացողություն։ Դա խոսակցություն էր, որտեղ ասված բոլոր բառերը սերմեր էին, որ լցվում էին սիրտս ու մինչև հիմա ծաղկում են ու կյանքիս բազում պահերի սիրտս ծաղիկներով են լցնում։ Մեր խոսակցությունից հետո ես հասկացա, որ ես կարևոր եմ ու ոչ միայն ես, այլ նաև ամեն մարդ էս աշխարհում; Ես մտածում էի, թե մարդիկ միշտ դիտավորյալ են բառեր ասում, բայց հետո հասկացա, որ երբեմն չենք հասկանում, թե ինչ ենք ասում ու պարզապես դրա մասին չենք մտածում։ Ես այն պահին մտածում էի, թե մենակ եմ, բայց պոետն ինձ ասաց․ «Եթե դու այնտեղ կանգնեիր ու ասեիր, որ քեզ պետք է մեկը, ում հետ դու կցանկանայիր խոսել, վստահ եմ, որ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, կցանկանային քեզ հետ զրուցել»։ Մենք երբեք էլ մենակ չենք լինում, դա զգացողություն է, որը կանգնեցնում է մեզ նույն տեղում ու մթնեցնում մեր շուրջը եղած ամեն ինչ, բայց երբ այդ մթության միջից մենք գլուխներս բարձրացնենք, կտեսնենք, որ հեռվում՝ երանելի մի տեղում, շատ լույսեր կան մեզ համար, որոնց ուղղակի պետք է գտնել ու հետևել։

Ինձ հետ երբեմն էլի այդպիսի պահեր պատահում են, բայց նմանատիպ պահերին ես արդեն ոչ թե փակվում եմ իմ աշխարհում ու մտածում, որ ինձ նոր սկիզբ է պետք, այլ կարծում եմ, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք։ Ժամանակի մեջ չկոտրվելը ու համբերատար պայքարելը օգնում են ինձ հասկանալ, թե ով եմ ես և ինչ եմ ցանկանում։ Պոետը մեր խոսակցությունը հավերժացրեց հետևյալ խոսքերով․ «Քո պատմությունը կարևոր է։ Եվ ոչ միայն քեզ համար, այլ նաև ուրիշների, քանի որ այն շարժվում է դեպի ուրիշ մարդկանց պատմությունը՝ որպես օգնության մեկնված ձեռք»։