Իզա Ասծատրյանի բոլոր հրապարակումները

izaaastsaryan1

Կյանքը հասկանալու արվեստը

Աստղազարդ երկինք, մեկ գավաթ թեյ և հանգստություն…

Գիշեր է, մթության մեջ լսում ես բնության ձայները, նայում ես երկնքին՝ աստղազարդ է, իսկ լուսինը Բարգուշատի լեռնաշղթայից վեր է բարձրանում:

Հանկարծ մեղմիկ քամի է փչում, այն էլ՝ իրեն բնորոշ ամառային տաք հոսանքով: Այդ պահին քեզ ոչինչ չի մնում անելու, քան գնալ տուն, վերցնել մեկ գավաթ թեյ, ապա այն վայելել՝ երկնքին նայելով։

Դրսում նստած ես, լսում ես, թե ինչպես են փողոցի շները հաչում, ինչը ժամանակի հետ կարծես վերածվում է ոռնոցի: Այդժամ դու չգիտես՝ վախենալ և փախչել տո՞ւն, թե՞ լուռ կանգնել և վայելել դա:

Ամենը կարծես հեքիաթ լինի՝ տարօրինակ և զարմանահրաշ: Դու կարծես նկարի մեջ լինես, րոպեներ շարունակ նույն իրողությունն է շուրջդ:

Եվ իսկապես, դու կարծես հեքիաթում կամ կտավում լինես, որովհետև այն ամենի կողքով, ինչին գուցե շատերը անտարբեր հայացք են նետում, դու չես անցնում անտարբեր, այլ փորձում ես նկատել և հասկանալ յուրաքանչյուր մասնիկը:

Եվ այդժամ, դու սկսում ես սիրել և գնահատել կյանքը, ինչ-որ փոփոխություն ես զգում քո ներսում, ինչը գուցե վաղը կամ մյուս օրը, կամ մի քանի ժամից չես զգալու, դառնալու ես առաջվանը: Առաջվա բարին կամ չարը, խելացին կամ հիմարը:

Բոլորի հիշողություներում էլ լինում են ուրախ կամ տխուր դրվագներ: Երկու դեպքերում էլ դու սկսում ես գնահատել կյանքը, սակայն եթե դեպքը մահու չափ ծանր և ցավալի է, գուցե ատես կյանքը, որը քեզ հնարավորություն ընձեռեց ապրելու, տեսնելու և զգալու դա քո մաշկի վրա:

Գիտե՞ս՝ մի հետաքրքիր կարծիք է արտահայտել Օտտո ֆոն Բիսմարկը. «Սովորիր այնպես, ասես հավերժ ապրելու ես, ապրիր այնպես, ասես մեռնելու ես վաղը»: Որոշ չափով համամիտ եմ Բիսմարկի հետ՝ կարծելով, որ այդ կարծիքը արտահայտել է կյանքը քիչ թե շատ հասկանալուց հետո:

Ես արտահայտում եմ իմ տեսակետը: Գուցե այն որոշ մարդկանց համար ճիշտ լինի կամ հակառակը, բայց ես սկսել եմ հասկանալ ինձ և տիրապետել կյանքը հասկանալու նուրբ արվեստին:

izaaastsaryan1

Ամառն էլ թռավ

Ամառ, երբ չես հասկանում, թե ինչպես է անցնում ժամանակը, երբ չես հասկանում, թե երբ եկավ օգոստոս ամիսը, երբ փորձում ես ամփոփել ամառը, բայց դու ոչինչ չես հասցրել անել, որ ամփոփելու բան ունենաս:

Ամառ. առավոտյան արթնանում ես, չնայած՝ հարց է՝ արդյո՞ք ժամը 14:00-ն առավոտ է համարվում: Լավ, ինչևէ, արթնացար, արդեն նախաճաշի ժամն անցել է, ուստի ճաշում ես և անցնում համակարգչի դիմաց նստելուն, համացանցը փորփրելուն։

«Համակարգչի առաջ նստեցի՞ր, համացանցը փորփրեցի՞ր, դե հերիք է, վեր կաց»,- ներքին ձայնն ինձ հուշում էր: Լավ, իրոք հերիք է, որոշում եմ վեր կենալ, վեր եմ կենում, մեկ էլ աչքիս առաջ հեռախոս է ընկնում: Ո՞նց դիմանամ գայթակղությանը, ո՞նց չմտնեմ ինստագրամ: Լավ, մի 10 րոպեով էլ մտնեմ ինստագրամ ու վերջ:

Իմ վերը նշված խոսքից 45 րոպե անց․

-Վեր կենամ, գնամ գիրք կարդամ,- ասացի ես, երբ արդեն օգոստոս էր:

Դե, կարծում եմ, որ մեկ ամիսը այդքան էլ քիչ ժամանակ չէ գիրք կարդալու համար: Դրա համար՝ ի գործ:

Մի քանի ճամբարի էի դիմել, անցել, բայց չգիտեմ՝ ինչու, չգնացի։

Լավ, երկար-բարակ չխոսեմ, օգոստոսին վերջապես խելքս գլուխս եկավ, որոշեցի կտրվել համակարգչից ու հեռախոսից ու ինձ հանձնել կրթությանն ու գիտությանը:

Դե, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:

izaaastsaryan1

#InMyFeelingsChallange-ն ու ես

Այսօր պետք է խոսեմ վերջերս համացանցում հայտնի դարձած #InMyFeelingsChallange-ի մասին, որին ես նույնպես որոշեցի մասնակցել և կիսվել իմ տպավորություններով:

Մի քանի օր շարունակ, երբ մտնում էի ֆեյսբուք կամ ինստագրամ, եթե նույնիսկ ամբողջ օրը շրջեի, մեկ է՝ միայն #InMyFeelingsChallange-ներ կարող էի տեսնել: Մի տեսակ հետաքրքիր էին թվում, և ես էլ մտածեցի և արեցի իմ քայլը՝ միացա չելենջին:

#InMyFeelingsChallange-ի ժամանակ մարտահրավերը կատարողը իջնում է մեքենայից ու պարում հայտնի պարը In my feelings երգի տակ՝ ընթացող մեքենային զուգընթաց։ Դե, չստացված կադրերն ու տպավորությունները շատ էին։ Սկզբում, երբ ուզում էի մեքենայից դուրս գալ, քիչ էր մնում ոտքս ջարդեի: Երկրորդ անգամ էլ վարորդն էր ծիծաղում: Երրորդ անգամ էլ տեսախցիկը չէր միացել:
Մի խոսքով, արկածային #InMyFeelingsChallange էր:

Ամեն տարի էլ ինչ-որ չելենջներ լինում են, որ «գրավում» են համացանցը, չեն թողնում հանգիստ ապրել… Ես այդ չելենջներից Ice Bucket Challenge-ն եմ հիշում, որովհետև այդ ժամանակ էլ էի միացել:

Չգիտեմ, թե որքան մարդ է տուժել այս չելենջից, բայց կասեմ, որ եթե ես մի փոքր անզգույշ լինեի, կդասվեի այդ շարքին:

Այս չելենջը չեմ ուզում ապուշություն համարել, որովհետև այն ինձ մոտիվացրեց: Չնայած, գուցե այն, ինչը ինձ մոտիվացնում է, ուրիշների համար կատարյալ ապուշություն կարող է լինել:

Ամեն դեպքում, ես սիրում եմ խենթություններ, և եթե նմանատիպ խենթ չելենջներ էլի լինեն, ես անպայման կմիանամ:

Համայնքը ԵՍ եմ-ի շրջանակներում իրականացրած ծրագրիս մասին

Հիշո՞ւմ եք, «Համայնքը ես եմ» ճամբարի մասին պատմել էի, որի շրջանակներում յուրաքանչյուրս պետք է ծրագիր իրականացնեինք` ֆոնդահայթայթում անելով:

Իմ ծրագիրը հետևյալն էր. Հալիձոր բնակավայրում պետք է բարեկարգվեր խաղահրապարակը: Դրա համար մեզ անհրաժեշտ էր գումար, որի համար հանդիպեցի բնակավայրի վարչական ներկայացուցիչ` Հասմիկ Ղարագյոզյանի հետ: Ներկայացրեցի գաղափարը, նա հավանություն տվեց և ասաց, որ մեզ կօգնի: Տիկին Ղարագյոզյանը դիմեց համայնքապետարանին, շատ լավ արձագանք ստացավ: Համայքնապետարանը մեզ տվեց այն ամենը, ինչը անհրաժեշտ էր ծրագրի ողջ ընթացքում:

Սկզբնական շրջանում ձևավորեցի թիմ, որի հետ աշխատեցի ծրագրի ողջ ընթացքում:

Թիմի հետ հանդիպումների ժամանակ, յուրաքանչյուրը կիսում էր իր կարծիքը, թե ինչպես կարելի է ձևափոխել, ինչ կարելի է ավելացնել և այլն:

Մեր հանդիպումներից մեկի ժամանակ ներկա էր նաև մեր վարչական ներկայացուցիչ` Հասմիկ Ղարագյոզյանը, ով նույնպես մեզ օգնեց ծրագիրն ի կատար ածելիս:

Տարբեր օրեր հավաքվում էինք, աշխատանքները իրականացնում:

Ծրագրի շրջանակներում նաև ծաղիկներ ենք տնկել մանկապարտեզի շրջակայքում:

Ամենահետաքրքիրն այն էր, որ ծնողները ևս եկան և մեզ օգնեցին:

Կարող եմ ասել, որ արդյունքն ակնհայտ է:

Պապիս ապրած և չապրած տարիները

Լուսանկարը` Գոհար Փարսյանի

Լուսանկարը` Գոհար Փարսյանի

Յուրաքանչյուրի մասին կարող ես խոսել, թե՛ ծանոթների, թե՛ անծանոթների, բայց հարազատներիդ մասին և հատկապես պապիդ մասին, բառեր չես կարող գտնել՝ խոսելու կամ գրելու համար:

Պապս՝ Աշոտը, ճաղատ, միշտ թախծոտ աչքերով մարդ էր: Ճիշտ է, վերջին 8 տարիների ընթացքում նա դժվարանում էր քայլել, սակայն այդ վիճակում ևս, նա չէր դադարում ուրիշների մասին մտածել:

Դժվարանում եմ պապիս մասին անցյալով խոսել, որովհետև նա մեզ հետ է, կապ չունի, որ ֆիզիկապես լքել է մեզ, նա հոգեպես մեր կողքին է և պաշտպանում է մեզ ցանկացած փորձությունից:

Պապս՝ Փարսյան Աշոտը, ծնվել է 1941թ.-ի նոյեմբերի 4-ին, մեր հին ու չքնաղ Հալիձորում: Հին գյուղում էլ ստացել է 8-ամյա կրթություն, այնուհետև ուսումը շարունակել է Շինուհայրում: Դպրոցն ավարտելուց հետո նրան չեն տանում բանակ. ծնողները ծեր էին, պապիս խնամակալության տակ, սակայն 2 տարի հետո, զինակոչվում է, ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք և ամուսնանում տատիս՝ Ռոզայի հետ (եթե հիշում եք, տատիս մասին էլ եմ գրել):

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Երբ տատիս հարցրի, թե ինչպես են ծանոթացել, ամուսնացել, տատս նայեց ինձ, աչքերը մի փոքր լցրեց ու լռեց: Ճիշտ է, այդպես էլ չիմացա, բայց գիտեմ, որ մի հետաքրքիր ձևով ծանոթացած կլինեն:

Ամուսնանալուց հետո պապս և տատս մեկնում են Բաքու, որտեղ ծնվում է մորաքույրս՝ Ալինան, այնուհետև վերադառնում են Հին Հալիձոր: Երեք տարի հետո ծնվում է քեռիս՝ Ռոբերտը:

Ինչպես նշել էի տատիս մասին հոդվածում, 1960-ական թվականներից Հին Հալիձորից մարդիկ բարձրանում էին ներկայիս գյուղ: Տատս ու պապս առաջիններից էին, ովքեր նոր Հալիձորում սեփական ձեռքերով տուն կառուցեցին: 1972 թվականին տեղափոխվեցին նորակառույց տուն, բայց շարունակեցին մշակել նաև հին գյուղի այգիները:
Նոր գյուղում նոր տանը ծնվում է մայրս՝ Իրան: Այս շրջանում պապս պահեստապետ էր, այդ ժամանակ Գորիսում ինչքան խանութ, բուֆետ կար, իրենց սնունդը պապս էր բաժանում:
Մայրիկիս ծնվելուց երեք տարի հետո էլ ծնվում է մյուս քեռիս՝ Վարդանը:

Տատս ու պապս, 4 երեխաներին էլ շատ սիրում, խնամում, պատրաստված դպրոց էին ուղարկում:

Պապիս մասին անվերջ կարելի է նստել և խոսել, մայրիկս հաճախ է պատմում պապիս մասին, ասում է.
-Պապիկդ ամեն օր մեր դասերը ստուգում էր: Մի օր, երբ ստուգելու ժամը գալիս է, իսկ մենք դաս սովորած չեն լինում, ասում ենք, որ պատմությունը կարդալ է տվել, պապիկդ էլ թե բա՝ էշի մեկերը, ո՞վ ա տեսել պատմությունը կարդալ տան (ի դեպ, «էշի մեկերը» պապիս սիրած բառերից էր):

Մայրս նաև պատմում է, թե ինչպես էր օգնում պապիկիս հաշվապահական աշխատանքներում: Այն ժամանակ փայտի համրիչներով էին հաշվում, և այդտեղից էլ մայրիկիս մեջ սեր ծնվեց դեպի հաշվապահությունը և այդ ուղղությամբ էլ սովորեց:

Հիշում եմ, երբ գնում էի պապիկենց տուն, պապիկս ասում էր, որ Իզան փողոցի սկզբում ա լինում, ես միանգամից իմանում եմ, էնքան բարձր ա խոսում:
Դե, ես փոքր ժամանակ հայտնի էի բարձր խոսելով:

Պապիս քույրը՝ Թամարա տատիկը, ասում էր, որ երբ ինքը փոքր էր, պապիկս գնում էր խոտ հնձելու, ինքն էլ էշին էր տանում, որ խոտը լցնեն վրան ու տանեն տուն:

Փոքր ժամանակ, բոլոր թոռներս գիտեինք, թե պապիս անունը Փարսյան է: Դե իրեն բոլորը Փարսյանով էին դիմում: Այնքան հիշողություններ կան, որ չգիտեմ, որը գրել, որը՝ թողնել:

Պապիս բոլորը սիրում և հարգում էին: Նա մեզ համար հիանալի օրինակ է թե՛ իր մարդ տեսակով, թե՛ իր աշխատասիրությամբ:

izaaastsaryan1

Ինֆո քեմփ

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Ամառ է, բան չկա անելու, հատկապես գյուղում: Տանը ձանձրանում եմ, մեկ էլ մի լավ միտք ծագեց: Որոշեցի ճամբար անել մեր բնակավայրում, կիսվեցի քույրիկիս հետ, և որոշեցինք միասին իրագործել:
Ճամբարի համար գումար հարկավոր չէր, անհրաժեշտ էր թղթապանակներ, գրիչներ, տետրեր, պաստառներ, մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, մենք սեփական ներդրում արեցինք:
Սենյակը, որտեղ պետք է իրականացնեինք ճամբարը, Հալիձորի համայնքապետարանը տրամադրեց: Համացանցի միջոցով էլ իրազեկեցինք երեխաներին:
Առաջին օրը շատ հագեցած էր, ինչպես մնացած բոլոր օրերը: Որոշել էինք լրագրության վերաբերյալ դասընթաց անել: Ճիշտ է, մասնագետների չէինք, բայց կարողացանք մեր գիտելիքները կիսել մասնակիցների հետ:
Օրվա ընթացքում խմբային աշխատանք արեցինք, ովքեր ցանկանում էինք դառնալ 17.am-ի թղթակից, նրանց բացատրեցի, թե ինչ պետք է անել, ինչ է անհրաժեշտ և այլն: Հետո սկսեցին հոդվածներ գրել: Ես ուղղակի տպավորված էի, որովհետև առաջին անգամ ծանոթանալով լրագրության հետ, բավականին հետաքրքիր հոդվածներ էին գրել:

Երկրորդ օրը խոսեցինք կինոյից: Որոշել էինք սցենար գրել՝ ֆիլմ նկարահանելու նպատակով, սակայն այնքան ֆանտաստիկ սցենարներ էին գրել, որ դրանք նկարահանելու համար բավական աշխատանք և միջոցներ էր անհրաժեշտ:
Երրորդ օրը, որը ճամբարի վերջին, բայց և ամենահետաքրքիր օրն էր, գնացինք սովորելու լուսանկարչության որոշ գաղտնիքներ:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Օրը և ճամբարը ամփոփեցինք, գնացինք տուն, սակայն այդ օրը որոշել էինք էքսկուրսիա կազմակերպել, դեպի Հալիձորի դիտակետ: Այդպես էլ արեցինք, գնացինք , լուսանկարներ արեցինք, վերադարձանք:

Ամփոփելով ճամբարը, կարող եմ ասել, որ բոլորդ կարող եք նմանատիպ ճամբարներ կազմակերպել: Ե՛վ դուք կկիսվեք ձեր փորձով, և՛ մասնակիցները չեն ձանձրանա տանը նստելուց ու նոր գիտելիքներ կստանան:

17-ի կողմից. Սիրով սպասում ենք Հալիձորի նոր թղթակիցներին:

Այս անգամ ՝ ծիթրոնի հետքերով

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Բարև, ինչպես տեսնում ես, ես ամեն օր քայլում եմ ինչ-որ բանի հետքերով, այս անգամ էլ որոշեցի գնալ ծիթրոնի հետքերով: Դե, և՛ դուք կիմանաք, թե ինչպես ենք պեղում ծիթրոնը, թե՛ մեր տանը ծիթրոնի հարցը կլուծվի:
Մի օր, արևոտ օր, երբ հովն ընկավ, արդեն ժամը 17:00 կլիներ, մեկ էլ քույրս՝ Անետան, առաջարկեց գնալ ծիթրոն հավաքելու: Ինչպես կարող էի հրաժարվել, եթե ես կյանքում չէի գնացել ծիթրոնի հետքերով:

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Ուտելիք վերցրեցինք ու ճամփա ընկանք: Երևի գիտեք, որ ծիթրոնը դաշտում քեզ չի սպասում, ճանապարհի վրա է, պետք է հավաքելով գնաս, ու մենք այդպես էլ արեցինք:

Հավաքեցին, հոգնեցինք, որոշեցինք նստել ծառի տակ, մի կտոր հաց ուտել, այնուհետև շարժվել տուն: Հացը ուտելուց հետո ճանապարհ ընկանք, մեկ էլ՝ դիմացներս մի ավազե պատ: Որոշում ենք ցատկել, իրականում այդքան էլ բարձր չէր երևում, բայց բավականին սարսափելի էր: Մենք այդ պատը հաղթահարեցինք մոտ 10 րոպեում, երբ կարող էինք շրջանցել ընդամենը 3 րոպեում:

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Արդեն գալիս էինք տուն, մոտ երկու պարկ հավաքել էինք: Հասանք տուն, լիքը շնորհակալական խոսքեր լսեցինք: Ես ահավոր հոգնած էի, բայց դա ինձ չէր խանգարում լուսանկարները նայել, ընտրել դրանցից մեկը և տեղադրել ֆեյսբուքյանս էջում:

Մի խոսքով, ես դեռ շատ ճանապարհներով եմ գնալու, հետևեք իմ բացահայտումներին:

Մեր ուժեղ Մարկը

Լուսանկարը` Լիա Մովսեսյանի

Լուսանկարը` Լիա Մովսեսյանի

Այսօր պետք է պատմեմ մի ուժեղ տղայի մասին, ում անունը Մարկ է, նրա մոտ ախտորոշվել է «Սուր լիմֆոբլաստային լեյկոզ» , այժմ բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Մարկը ընդամենը 4 տարեկան է, սակայն նրա աչքերում մի ողջ կյանք կա:

Մենք՝ համայնքի ակտիվ երիտասարդներով, մեր վարչական ներկայացուցչի՝ Հասմիկ Ղարագյոզյանի հետո, որոշեցինք «Անհոգ մանկություն հրաշամանուկ Մարկին» խորագրով բարեգործական համերգ կազմակերպել, որի ժամանակ հանգանակված ողջ հասույթը կփոխանցվի Մարկին:

Նախքան միջոցառումը, հավաքվեցինք, սցենար գրեցինք և հրավիրատոմսերի դիզայնը որոշեցինք: Դրանից հետո, երբ ամեն ինչ արված էր, մնում էր պատրաստվել միջոցառմանը:

Օրը որոշված էր, ժամը նույնպես, մնում էր հրավիրատոմսերը բաժանել, դա ևս արեցինք:

Օգոստոի 7-ին, ժամը 14:00-ին սկսեցինք մեր միջոցառումը: Դահլիճը լիքն էր, բոլորի աչքերը փայլում էին, յուրաքանչյուրը գիտեր, որ ինքը իր օգնությունն է ցուցաբերում: Իսկ մենք այդ ընթացքում շարունակում էինք ելույթ ունենալ: Ելույթ ունեցան «Angels» պարային համույթի սաները, ովքեր թեև 2 ամիս է, ինչ հաճախում են պարի, բայց ամեն ինչ արեցին, որ իրենք էլ իրենց նպաստը բերեն:

Կարճ ասած, մեր միջոցառումը հրաշալի ստացվեց, բավականին գումար հավաքվեց, որը հուսով ենք, իսկապես կօգնի Մարկին:

Լուսանկարը` Անետաս Ասծատրյանի

Լուսանկարը` Անետաս Ասծատրյանի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին:

Իսկ Մարկին մաղթում ենք առողջություն: Վստահ եմ, որ նա շուտով կապաքինվի, կվերադառնա իր բնակավայր և կդառնա մեկը, ով պատրաստ է ուրիշներին օգնել:

100-ամյակն առանց նրա

Լուսանկարը՝ «Զանգեզուր» թերթից

Լուսանկարը՝ «Զանգեզուր» թերթից

Հուլիսի 1-ին լրանում է «Զանգեզուր» թերթի խմբագիր Սերյոժա Ղազարյանի 100-ամյակը:

Իմանալով պարոն Սերյոժայի մասին, որոշեցի նրա թոռնուհու՝ Ռուզաննա Ղազարյանի հետ հարցազրույց վարել: Տիկին Ռուզաննան ասում է.

-Պապիկս՝ Սերյոժա Ղազարյանը, ծնվել է 1918թ.-ին, Գորիսի շրջանի Ակներ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է մանկավարժական ինստիտուտ, դրա հետ մեկտեղ Քարաշեն և Քարահունջ գյուղերում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

Երբ Հայրենական մեծ պատերազմը սկսվեց, նա 3-րդ կուրսում էր սովորում և 1941թ.-ի հունիսի 24-ին գնում է ռազմաճակատ: Այնպես է ստացվում, որ պապս ռազմաճակատում վիրավորվում է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնում է ռազմաճակատ: Չմոռանամ նշել, որ 1944թ.-ին նշանակվել է Խոտ գյուղի դպրոցի տնօրեն, իսկ 1945թ.-ին՝ պատասխանատու քարտուղար «Զանգեզուր» թերթում: Արդեն 1963թ.-ից 26 տարի աշխատել է «Զանգեզուր» թերթի խմբագիր: Նրա խոսքերից շատերն են մեջբերումներ անում, ես էլ ուզում եմ մի մեջբերում անել: Երբ լրագրողները խճճված խոսքերով էին հոդվածներ գրում, պապս ասում էր. «Այ ընկեր/ընկերուհի, պարզ գրիր, Թումանյանի մեծությունը, տաղանդի ուժը նրա ստեղծագործությունների պարզության մեջ է»:

Մի դեպք ևս պատմեմ: Մի անգամ երկու լրագրողների, ովքեր հարբած վիճակում ուշացել էին, երկուսն էլ երկու ժամով, տարբեր պատժամիջոցներ է կիրառում, մեկին՝ ուղղակի նկատողություն, մյուսին՝ խիստ նկատողություն, և երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ է այդպես պատժում, չէ՞ որ երկուսն էլ նույն իրավիճակում էին հայտնվել, նա ասում է, որ մյուսը գումար չունի մոտը, խմիչքը երկրորդն է գնել:

Շատ բաներ կարելի է պատմել պապիս մասին, վերջերս «Զանգեզուր» թերթը պապիս մասին

հոդվածներ էր հրատարակել, հոդվածներից մեկում, որի հեղինակը Ալվարդ Մեսրոպյանն էր,

հետաքրքիր միջադեպ էր պատմել, հիմա մի հատված կարդամ:

«Հերթապահությունս ավարտելու հաճույքը դեռ չվայելած, զանգեց՝ արի այստեղ: Գնացի:

-Այս նախադասության մեջ ստորակետ չես դրել:

-Դրել եմ:

-Ո՞ւր է, դե հանի աչքս կոխի (այս բառակապակցությունը նրա ամենասիրելի բառակապակցությունն էր և այն հաճախ էր օգտագործում առիթի դեպքում):

Ես նրան ցույց տվեցի իմ դրած ստորակետը: Նա խոշորացույցը հանեց, նայեց, տեսավ ես ճիշտ եմ:

-Գյուլնազարյան Լենան (նա մեր սրբագրիչն էր) գիտե՞ս ինչ խոշոր ստորակետ է դնում:

-Ամեն մարդ իր չափսի է դնում կետադրական նշանը,-ասացի ես:

Նա մեղմորեն ժպտաց, որը կարելի է այսպես «թարգմանել»՝ «Մեղքս ընդունում եմ»:

Իմ հուշերով կիսվելուց հետո, ուզում եմ, հենց պապիկիս մասնագիտական ձեռագրով էլ շնորհավորել նրան: Ճիշտ է, նա 2007թ.-ին է մահացել, բայց կարելի է անվերջ խոսել պապիս մասին, որովհետև նա միշտ մեզ հետ է: Որովհետև նա միշտ ապրում է:

Չեմ կարող հպարտությանս ու հուզմունքիս չափը բառերով նկարագրել: Ուղղակի կցանկանայի այսօր գրկել, համբուրել ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը: Կուզեի ասել, թե որքան եմ սիրում ու հպարտանում նրանով: Նա Զանգեզուրի մեծ մարդկանցից է, ում համեստությունն ու աշխատելաոճը միշտ տարբերվել է: Պապիկս մեր ողջ գերդաստանի գլուխն է, ում մահից հետո անգամ, ոչինչ չի փոխվել: Մարդ մահանում է այն ժամանակ, երբ նրան այլևս չեն հիշում: Իսկ պապիկս այն լույսն է, որ միշտ վառ է մնալու, նրան միշտ հիշելու ենք: Շնորհավոր ծնունդդ, հայ մարդ, Մեծ մարդ, Պապ ջան:

iza Astsatryan

Միացիր Գոռին

Ողջույն, այսօր ուզում եմ մի հետաքրքիր մարդու մասին խոսել: Գոռ Պապերտյանի մասին պետք է պատմեմ, ով տարիքով մի փոքր մեծ, բայց հոգով երիտասարդ է: Նախքան պատմելը, մի փոքր ներկայացնեմ, թե որտեղից եմ ճանաչում նրան:

Առավոտ էր, արթնացա հեռախոսի զանգից։ Քույրս էր, պատասխանեցի և նա ասաց, որ մի մարդ կա, ով ուզում է գնալ հին գյուղ, սակայն տեղանքին այդքան էլ ծանոթ չէ, գուցե ես ուղեկցե՞մ նրան: Դե, ես համաձայն էի, զանգեցի Գոհարին, որ միասին գնանք: Նա էլ համաձայնեց:

Շուտով տեսանք Գոռին և նրա հետ ճանապարհ ընկանք: Այդ ընթացքում պատմում էինք թե՛ մեր նոր գյուղի, թե՛ հին գյուղի մասին: Իսկ հետո սկսեցինք մեր «հարցաքննությունը»: Դե, նա էլ մեծ հաճույքով պատասխանում էր:

Գոռը Հայաստանի տարբեր վայրերով էր շրջել, լուսանկարել էր եկեղեցիներ, խաչքարեր, այն ամենը, ինչը վկայում է, որ այդտեղ մենք՝ հայերս ենք եղել: Նա ասում էր, որ օնլայն քարտեզների վրա հայկական մի շարք վայրեր նշված են որպես ադրբեջանական տարածքներ: Նա նաև ասում էր, որ Ադրբեջանը միլիոններ է ծախսում կեղծ գրքեր

տպագրելու համար, սակայն եթե ինքը լուսանկարի, մի փոքր պատմություն գրի, և տեղադրեն տարբեր տուրիստական կազմակերպությունների էջերում, բոլորը կիմանան, որ դա մերն է, ոչ թե Ադրբեջանինը:

Ինտերնետում շատ ճշգրիտ տեղեկություններ կան Հայաստանի հնագույն եկեղեցիների մասին և նրանց մասին, որոնց մասին շատերը չգիտեն, որոնք դժվար վայրերում են:

Նա Ռուսաստանում է բնակվում և եկել է Հայաստան հենց այդ աշխատանքը կատարելու համար: Ասում էր, որ եթե միայն Ռուսաստանում էլ կարդան, դա հսկայական աշխատանք կլինի:

Երբ հարցրինք՝ միայնակ է աշխատում, թե թիմ ունի, նա պատասխանեց, որ մենակ է աշխատում, սակայն առաջիկայում նախատեսում է լուսանկարիչների թիմ հավաքել, որովհետև այնքան պատմամշակույթային կոթողներ ունենք, որ ինքը մենակ չի հասցնի:

Նաև մտածում էր Հայաստանի տարբեր վայրերից երեխաներին տանել ուրիշ համայնքներ և ծանոթացնել այնտեղի պատմությանը, եկեղեցիների և մեր ազգայինը պահող ամեն ինչի հետ:

Նրա գաղափարը հրաշալի էր, մենք մեծ ոգևորությամբ էինք լսում, հարցեր տալիս:

Շուտով հասանք հին գյուղ, այնտեղ համայնքաբնակները թութ էին թափ տալիս, գնացինք դա էլ նրան ներկայացնելու:

Երբ արդեն հետ էինք գալիս, ես չեմ հիշում վերջին ոլորանները ոնց հաղթահարեցի, բայց հիշում եմ, որ հետներս ջուր չէինք վերցրել, ես էլ ծարավից «մեռնում» էի: Հետո հրաժեշտ տվեցինք Գոռին և վերադարձանք տուն:

Հ. Գ. Առաջարկում եմ՝ եթե կան լուսանկարիչներ, ովքեր պատրաստ են օգնելու, թող միանան Գոռին, կարծում եմ, հետաքրքիր նախաձեռնություն է իրականացնում: Եվ ուրեմն՝ քայլ արա, միացիր Գոռին: