«Ներառական կրթություն» բառակապակցությունը լսելիս մեզ թվում է, թե դա ինչ-որ հեռու, մեզ հետ չառնչվող հասկացություն է: Սովոր ենք խղճալ, այսպես կոչված, հաշմանդամներին, նրանց հետ շփվելիս ասես շնորհ ենք անում, մարդուն ընկալում ոչ թե ըստ անհատականության, անվան, այլ… Ըստ ախտորոշման:
Երբ է գալու այն գիտակցումը, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ներառվելու պահանջ ու կարիք, ամեն մեկս էլ այդ ոլորտի սուբյեկտ է: Ամենքս էլ ունենք որևէ ֆիզիկական, հուզահոգեբանական սահմանափակում: Ասենք՝ մեկը նկարել չգիտի, մյուսը՝ լողալ, նիհար կամ գեր ենք, կարճլիկ կամ բոյով, մեկը սենտիմենտալ է, մյուսը՝ ինքնամփոփ: Ունենք տարբեր ունակություններ ու հոգեկերտվածքային առանձնահատկություններ: Ինտեգրվելու և հասարակություն կոչվող շրջանում ներառվելու կարիք ունենք բոլորս: Եվ ո՞վ է կավիճն առած գծել այդ շրջանը, որի ներսում գտնվողները «արտոնյալ» են, իրավատեր ու լիարժեք: Ո՞վ է որոշել չափանիշներ ու սահմանել կանոններ: Այս ամենն ինձ հիշեցրեց մանկական մի խաղ: Երեխաները թիմի կազմ որոշելու համար ձայնում են «ջա՛ն, ջա՛ն, շրջա՜ն», ցատկում ու հայտնվում շրջանի ներսում: Թիմում նույնիսկ չեն ընդգրկվում նրանք, ում ոտքի կեսը շրջանի եզրին է՝ եզրագծին… Նույնպիսի մի խաղ չե՞նք խաղում մենք՝ մեծահասակներս, խաղ՝ կյանք անունով, որից դուրս են մնում մեզ նմանները… Ու ինչպե՞ս չասել՝ օյի՜ն չի , արդա՛ր չէ…
Թվում է՝ քսանմեկերորդ դարում այլևս չպետք է խոսվեր ու գրվեր այս մասին: Անհեթեթ ու պարսավանքի արժանի են թվում այն ժամանակները, երբ, օրինակ՝ Բաբելոնում հայրն իրավունք ուներ սպանել «տարօրինակ» նորածնին, երբ այդպիսի մարդկանց համարում էին «սատանա կուլ տված», նետում էին ժայռերն ի վար…
Բայց… Քիչ բան է փոխվել: Հաշմանդամությունը, որ իրավաբանական եզրույթ է ու քաղաքացիական կարգավիճակ, այսօր էլ դառնում է անուն ու ճակատագիր: Գաղտնիք չէ, որ նման անձի համար մեկ խնդիրը ոչ թե այս կամ այն օրգանի ախտահարումն է, այլ այն ֆիզիկական ու հոգեբանական իրականությունը, որի միջավայրում փորձում է ապրել ինքը: Ավելին՝ նման անձինք բազմակի խոցելի են, քանի որ հիվանդությանը համակցվում են աղքատությունը, ծերությունը, ծնողազրկությունը… Փողոցներում հաճախ ենք տեսնում մուրացիկ հաշմանդամների: Հենց նրա՛նց են առավել հոժարությամբ կոպեկներ շպրտում: Բայց չէ՞ որ դա տվյալ մարդու ընտրությունը չէ, այլ հասարակություն կոչեցյալի պարտադրանքը: Երբևէ մտածե՞լ եք, թե քանի-քանի նման անձինք են ենթարկվում ինքնակամ բանտարկության՝ սեփական բնակարաններում… Ձեր կարծիքով դա նրա՞նց ընտրությունն է: Կա՞ մարդ, ով չի ուզում ապրել արժանապատիվ, ունենալ կրթություն ու աշխատանք, ընտանիք ու ձայնի իրավունք…
Այո՛, մարդը շա՜տ է քաղաքակրթվել: Ֆիզիկականին փոխարինել է հոգեբանական բռնությունը, անկելանոցներին՝ բնակարան կոչվող մեկուսարանները. երբեմն չգրված օրենքները գրվածներից կենսունակ են: Միայն թե այսօր նրանց հասարակությունից զատող՝ նախկին սրության նշտարը դարձել է անտեսանելի, բայց դեռ կտրում ու արյունում է, արյունոտում է երազանք, նպատակ, կյանք… Իսկ չէ՞ որ կտրում ու դեն են նետում խոցը, ուռուցքը, ավելորդը… Ավելորդի՛ն: Հիշեցի Դեմիրճյանի Սուրբիկ հանըմին ու նրա՝ տաք գուլպա գործող անդադրում ձեռքերը…
Այդպիսի Սուրբիկները ամենուր են, մեր կողքին…
Մեր շենքի առաջին հարկում մի աղջիկ էր ապրում՝ Լուսինեն: Մանկուց կաթվածահար էր: Գոտկատեղից վեր գեղեցիկ ու փարթամ օրիորդ էր, վար՝ տասնամյա երեխայի տկար ու արդեն ծուռումուռ ոտքեր, որոնք միշտ ծածկված էին: Իսկ ինչպե՜ս էր ասեղնագործում. նախշ նախշի կողքին, նախշ նախշից չքնաղ: Այդ սփռոցներն ինչ-որ կազմակերպություն էր կոպեկներով գնում ու արտերկրում վերավաճառում…
-Ինչո՞ւ բակ չես գալիս…
Մանկական ինքնավստահությամբ համոզում էի, որ սայլակով դուրս ելներ:
-Մարդիկ կնայեն…
-Մեկ կնայեն, երկու… Ու էլ չեն նայի…
Մի քանի տարի անց նրան թաղեցին հարսնացուի շորերով՝ անբիծ, կարոտող ու միայնակ… Այդպես էլ պատուհանից նայեց աշխարհին:
Հիմա հատուկ կրթությունից քայլ են կատարում դեպի ներառական: Իրավ, հատուկ դպրոցների մեծ մասը փակելը հեշտ էր: Բա հետո՛… Հետոն չի երևում տարիներ շարունակ: Գուցե մայրաքաղաքում այս առումով վիճակն ավելի բարվոք է: Մարզային դպրոցներում այդպես էլ չեն ձևավորվել մարժահոգեբանական թիմեր՝ հոգեբան, սոցմանկավարժ, լոգոպեդ և այլն… Ֆանտաստիկ ֆիլմի սցենար է հիշեցնում. ֆիլմ՝ լավ ու բարի ավարտով: Մինչդեռ իրականը անհեթեթ նատուրալիզմն է, ու լավ ավարտի ծերը չի երևում…
Մերի… Մեր դպրոցում ամեն օր աչքիս առջև է, թե ինչպես են մայրն ու քույրը մեծ դժվարությամբ դպրոց հասցնում յոթերորդ դասարանցի աղջկան: Սևանյան սառույց-բքի պայմաններում դա գրեթե անհնար է դառնում. տունը հեռու է, հաճախակի չեն կարողանա նաև մարզկենտրոն կամ մայրաքաղաք տանել, որտեղ կան մասնագետներ, իսկ շարժունակության պահպանումն ու կենսական գործառույթների զարգացումն օրախնդիր է: Ինձ զարմացրել է համադասարանցիների հոգատար վերաբերմունքը՝ տարիներ շարունակ… Երկու ձեռքից բռնած ճաշարան էին տանում, մենակ չեն թողնում, մինչ քույրը կամ մայրը կգան: Ուսուցիչները ևս ուշադիր են, նույնիսկ դասի ընթաքցքում կանգնում են աթոռի կողքին, որ Մերին… չընկնի: Ուսուցիչներն անում են ձեռքներից եկածն ու հնարավորը, բայց դա այնքան քիչ է… Ո՞ւր է աջակցող թիմը… Վիգոտսկու մոտակա գոտի, անհատական ուսուցման պլան… Գեղեցիկ բառեր, որոնք նիրհում են ՄԱԿ-ի կոնվենցիաներում, ՀՀ վավերացրած փաստաթղթերում… Իսկ այստեղ ճակատագրեր են՝ երեխաների ու ծնողների, քույրերի ու եղբայրների ճակատագրեր… Եթե անգամ ուսուցիչը բացառիկ պատասխանատու է ՝ «դասից հետո պահում է երեխային ու անհատապես զբաղվում», ապա շուտով հուսահատվում ու նյարդայնանում է, քանի որ չի տիրապետում հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի տեխնիկային: Որովհետև նա պարզապես ա՛յլ մասնագետ է: Նույնն է՝ թե թերապեվտին ասես. «Բա դու ի՛նչ բժիշկ ես, որ սիրտ ու թոքեր վիրահատել չես կարողանում»: Մինչդեռ անխտիր բոլոր երեխաներն էլ կարող են սովորել ու ստեղծագործել: Մարդկանց ընդունակություններն ու կարողություններն են տարբեր, ոչ թե մարդիկ: Հատուկ կարիքներ ունեցող անձինք շատ զգայուն են իրենց բնորոշող բառերի նկատմամբ: Ի վերջո, նրանք խղճահարության չեն կարոտ, այլ հավասար հնարավորություններ ունենալու, ինքնաիրացվելու, նպատակ ու գաղափար իրականացնելու…
Երևանում վիճակը գուցե թե քիչ այլ է: Հաճախ ենք հեռուստացույցով տեսնում ԱԻՆ-ում, մի երկու այլ հիմնարկներում աշխատող՝ հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձանց: Բայց չէ՞ որ Հայաստանը սոսկ մայրաքաղաքը չէ, իսկ մարզերում պատկերն այլ է: Կրթությունն է այն միակ փրկարար օղակը, որը մարդուն պահում է կյանք կոչվող մթնակոծ օվկիանի երեսին, ինքնուրույն ափ հասնելու հույս է տալիս…
Ասում են՝ հարկերի կրճատումով խրախուսենք, որ գործատուն հաշմանդամներին աշխատանք տա: Իսկ ի՞նչ աշխատանք կարող է կատարել մարդը, որը դպրոց չի գնացել: Ահա առաջնային օղակը, որի բացակայությունը սկիզբն է դառնում մեկ այլ՝ փորձանք դարձող փորձությունների, մենության ու աղքատության շղթայի… Նույնիսկ Երևանում երբեմն «աղվեսի ու արագիլի>> պատմությունն են հիշեցնում այսպես կոչված թեքահարթակները, որոնցով անցնելիս նույնիսկ քայլողը կարող է ընկնել ու ջարդուփշուր լինել, էլ ուր մնաց անվասայակով տեղաշարժվողը: Իսկ բազմահարկ շենքերի նեղլիկ վերելակների մասին խոսելն ավելորդ է: Մյուս կողմից էլ՝ գործարարն իր հաշվարկի տերն է. հաշմանդամի կարգավիճակն ունեցող մարդուն որտեղի՞ց փող, որ թատրոն ու ռեստորան էլ այցելի… Փող ունենում է աշխատողը, իսկ աշխատում է կրթություն ունեցողը: Ինչ օգուտ, թե բուհում կարող ես անվճար սովորել, եթե ֆիզիկապես անհնար է եղել դպրոց գնալը… Մարզային, գյուղական դպրոցներից քանի՞սն ունեն հատուկ պայմաններ:
Ի ցավ պետք է փաստել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները շատ են նաև գյուղական համայնքներում: Իննսունականների թերսնված սերունդն է պատճառը, անհաջող ժառանգականությունը, թե քիմիակոխ արված սնունդը… Էականն այն է, որ այդ երեխաների խնդիրը չէ, պահա՛նջն է, որը պարտավոր է օր առաջ բավարարել իրավական ու սոցիալական կոչվել հավակնող պետությունը: Մարդասիրական արժեքներ ենք տարփողում, բայց մարդուն մենակ ենք թողնում: Այո՛, կարծրատիպերը մտածելակերպ են ձևավորում, և այդ տեսակ մտածելակերպից զերծ չեն նաև այդ երեխաների ծնողները: Խտրականությունն սկսվում է ընտանիքում ու շարունակվում… Հաճախ հրաժարվում են գիտակցել, որ իրենց երեխան նեղ մասնագիտական աջակցության կարիք ունի: Կան ծնողներ, որոնք չեն էլ ուզում, որ իրենց երեխայի դասարանում նման երեխա սովորի…
Դեռ սա է իրականությունը, տիկնայք ու պարոնայք…
Ջնջե՛նք շրջանագծերը մեր աշխարհայացքից, ընդլայնենք հոգի ու հորիզոն…