Ուղիղ 07։00 առանց զարթուցիչի ջանքերի արթնացա Ստառա Լեսնայի տաք քամուց, ամբողջովին հանգստացած և պատրաստ նոր արկածների։ Ինչպես գիտեք Աննայի նախորդ նյութից, մենք Media Behind the Scenes ծրագրի շրջանակներում լրագրողական մի շարք ոչ ֆորմալ վերապատրաստման դասընթացների ենք մասնակցում։
Լրատվության ճիշտ վերլուծությունը և ապատեղեկատվության խաթարումը այն թեմաներն են, որոնք հատկապես կարևոր են մեր օրերում։ Եվ մեդիագրագիտության, քննադատական մտածողության զարգացումն էլ հենց հանդիսանում է այս ծրագրի գլխավոր նպատակը։
Շատ կարևոր է կեղծ լուրերով լցված մեդիայում ունենալ ճշմարտացի լուրը ապատեղեկատվությունից տարբերակող լրագրողներ։
08։15 նախաճաշի սեղանի շուրջ ծանոթացանք շուրջ 9 երկրների երիտասարդ լրագրողների հետ, ովքեր նույնպես ցանկանում են ավելի մաքուր և գրագետ մեդիա դաշտ ստեղծել իրենց երկրներում։ Երկար քննարկումները ցույց տվեցին, որ իրականում բոլոր երկրներում էլ գրեթե նույն խնդիրներն են։ Օրինակ՝ Իտալիայի մասնակից Ֆրանչեսկան, ով առաջիններից մեկն էր, ում հետ ծանոթացել էինք, պատմում էր, որ լրատվական կայքերը հեղինակային իրավունքներ են երբեմն խախտում։ Եվ մենք կարող ենք փաստել, որ նույն խնդիրը Հայաստանում էլ կա։ Բազմաթիվ անգամ ենք հայտնաբերել մեր նյութերն ու լուսանկարները տարբեր կայքերում, առանց թույլտվություն հարցնելու, առանց նյութի աղբյուրը նշելու:
Նախաճաշից հետո սկսեցինք ոչ ֆորմալ խաղերի միջոցով իրար ճանաչել։ Ծրագրի ղեկավարներից մեկը՝ Դենիսան, խաղ առաջարկեց, որի նպատակն էր հիշել բոլոր մասնակիցների անունները։ Բոլորիս անունները հիշել կարողացավ միայն բոսնիացի Տարիկը։ Միայն մեր Զարէի անունը չհիշեց, իմն էլ սխալ ասաց, բայց ոչինչ, հեշտ չէ 30 հոգու անուն հիշել։ Մինչև Տարիկի բոլորիս անունները հիշելը, մենք մեկ ուրիշ խաղ էլ խաղացինք։
Որոշ ժամանակի ընթացքում պատահական զույգերի բաշխվելով, պետք է մեր զույգերի մասին հնարավորինս շատ բան իմանայինք, այնուհետև մեր նոր ընկերոջ մասին պատմեինք բոլորին։ Իմ նոր ընկերը Մատիան էր, Բոսնիայից, ով հասարակական կապեր (Public Relations) էր ուսումնասիրում։ Մատիան ժողովրդական երաժշտության, ռոքի և ջազի սիրահար է ինչպես ես, և կիթառ նվագել էլ գիտեր։ Խաղից հետո քաղաքում զբոսնեցինք, պետք է ասեմ, որ ինչպես ցանկացած եվրոպական քաղաք, Ստառա Լեսնան նույնպես գունավոր տանիքներով, գողտրիկ շինություններով է, ինչը քաղաքին յուրահատուկ տրամադրություն է հաղորդում։
Ընթրիքին նորից Ֆրանչեսկայի հետ նույն սեղանի շուրջ էինք։ Դավիթը իր իտալերեն երգերի իմացությամբ զարմացրեց թե՛ Ֆրանչեսկային, թե՛ մնացած ներկաներին, այդ թվում նաև մեզ։ Պարզեցինք, որ ուտելուց հետո ամանը չսրբելը Իտալիայում նույնպես տգեղ ամուսին ունենալու վախ է առաջացնում ապագա հարսնացուների սրտերում։
Իտալական մշակույթից անցանք հայկական մշակույթին, երեկոն ավարտելով քոչարիի երաժշտության ներքո։
Դե ինչ, գնացինք քնելու, մինչ վաղը։