Իմ կորցրած ինը ժամը

Լուսանկարը՝ Կարինե Նահապետյանի

Լուսանկարը՝ Կարինե Նահապետյանի

Օրեր առաջ մի ֆիլմ էի դիտում։ Եթե անկեղծ ասեմ, ափսոսում եմ այն թանկագին երեք ժամը, որ ծախսեցի ֆիլմի վրա։ Նույն զգացողությունն ունեցա երեկ՝ Ազգային ժողովի նիստը դիտելիս։ Սակայն, ի տարբերություն ֆիլմի, նիստին հետևել եմ ինը ժամ։ Որոշ պատգամավորների արտահայտած տեսակետների հետ համաձայն էի, բայց մեծամասնության հետ, իհարկե, ոչ։ Տպավորությունն այնպիսին էր, ասես նայում էի մի ֆիլմ, կանխագուշակելի սյուժեով, վատ դերասանական կազմով ու տաղտկալի սցենարով։ Ամենավատն այն էր, որ դերասանական կազմն ասես տեղյակ էլ չէր, որ կա հանդիսատես, հեռուստադիտող ու հրապարակում կանգնած մի ամբողջ ազգ։ Գրեթե բոլոր դերասանները հետևում էին տաղտկալի սցենարի տողերին, շատերն անգամ չէին հասցրել անգիր անել իրենց տեքստը։ Եվ երբ ֆիլմի վերջում հայտարարվեց, որ որոշումը չի ընդունվել, արագ միացրեցի հեռախոսս ու մի պահ տեսա, որ հրապարակում կանգնած ժողովրդի վառվող հայացքները չկային։

Ինը ժամ հեռուստացույցին հետևելուց հետո, իմ մեջ էլ կոտրվեց հույսը, ու ես չեմ թաքցնի դա։ Իմ ներսում անհետացավ հույսի այն բարակ թելը, որ կապում էր ինձ հայրենիքիս հետ։ Զգացողությունն այնպիսին էր, ասես հիսունհինգ տղամարդ և կին՝ փողկապներով ու տգեղ սանրվածքներով, իմ փոխարեն որոշեցին իմ ապագա անելիքներն ու կյանքիս ընթացքը։

Հետո տեսա, որ նույն իրավիճակում չէ իմ ազգը։ Տեսա, որ այն դարձել է մեկ մարդ ու պատրաստ է մինչև վերջ պայքարել իր կամքի համար։ Ժողովրդիս պատրաստակամությունը հաղթեց իմ ներսում ծնված պարտության զգացմանը, ստիպեց ինձ վերանայել իմ որոշումը։

Երախտապարտ եմ իմ հայրենակիցներին, ովքեր պայքարում են իմ և իրենց ապագայի համար։ Շնորհակալ եմ նաև սցենարին հետևող սկսնակ դերասաններին, ովքեր իմ մեջ առաջացրեցին ծայրաստիճան բարկություն ու ստիպեցին դուրս գալ փողոց․․․