Laura Yesayan

Իմ որոշումը

Ողջույն հարազատս կամ գուցե ընկերս, կամ գաղափարակիցս: Չգիտեմ:

Առաջին անգամ որոշել եմ կիսել մտքերս քեզ հետ: Մի քանի ամսվա մտքերս հավաքել ու եկել եմ քեզ պատմելու:

Մի քանի տարի մտածելուց ու մի քանի մասնագիտությունների վրայով անցնելուց հետո (իրավաբան, լրագրող և այլն) որոշեցի, որ մանկության երազանքս անփոփոխ է: Այն է` դառնալ թարգմանչուհի: Չկարծեք, թե հեշտ կայացրի այս որոշումս: Որոշմանս կայացման օրվանից կարծիքներ էի լսում.

-Օտար լեզու յուրաքանչյուր մասնագետ էլ պետք է իմանա:

-Մի նորմալ մասնագիտություն չկա՞, որ ընտրես:

-Որ ավարտես` ի՞նչ ես աշխատելու, գոնե մտածե՞լ ես:

Ու ես հիասթափվել էի մինչև հոգուս խորքը: Չէի ուզում շարունակել պարապմունքներս, չէի ուզում շփվել մարդկանց հետ, բոլոր մասնագիտություններից զզվում էի: Բարեբախտաբար երկար չտևեց այս չարաբաստիկ շրջանը: Ես հասկացա, որ այո, ես ուզում եմ ընդունվել հենց օտար լեզուների ֆակուլտետը: Այո, ես գիտակցում եմ, թե հետո ինչ եմ աշխատելու ու իմ շրջապատի հարցերի պատասխանը գործանական կերպով կապացուցեմ մի քանի տարի հետո:

Ասեմ նաև, որ բիզնես ծրագրեր ունեմ, որոնք նույնպես իրականացնելու եմ: Եվ վերջապես, կապ չունի` բժիշկ ես, ծրագրավորող, թե կոշկակար: Յուրաքանչյուրը գիտակ է իր գործում, իսկ հասարակությունը հասարակություն չէ առանց լավ մասնագետի:

Ամենավերջում ուզում եմ ասել, որ երբեք մի հրաժարվեք ձեր նպատակներից հանուն որոշ մարդկանց ցանկության: Ու կապ չունի` այդ մարդը ծնողդ է, ընկերդ, թե մեկ ուրիշ մարդ, միշտ գնացեք ձեր նպատակների հետևից: