Դու հիմա երևի ինչ որ տաքուկ ռեստորանում նստած սուրճ ես ըմպում: Դու գաղափար էլ չունես, թե ինչ է պատերազմը: Իսկ իմ երկիրը համարյա մեկուկես ամիս է պատերազմի մեջ է: Դե, էլ ավելի հարմարավետ տեղավորվիր քո տաքուկ անկյունում, որովհետև երկար եմ խոսելու:
Քանի որ ուսման նպատակով Տավուշս լքել ու տեղափոխվել էի Երևան, սեպտեմբերի վերջին շաբաթ օրը որոշեցի հետ վերադառնալ հայրենի սահմանամերձ Այգեհովիտ (բայց, մեր մեջ ասած, շատ բացասական զգացողություններ ունեի): Առավոտյան արթնացա ու լսեցի.
-Պատերազմ է սկսվել:
Սկզբում մտածում էի, դե, ոնց միշտ կրակում են, էլի, կանցնի: Չանցավ… Մի ամսից ավել է` չի անցնում, անծանոթ ընկեր:
Մեր ոխերիմ թշնամին սրբապիղծ է. վանքեր է քանդում, ծննդատուն է խոցում, խաղաղ բնակչությանն է ռմբակոծում, իսկ դու լռում ես, չէ՞, դեռ: Երկա՞ր ես լռելու: Դեռ երկա՞ր է քեզ միայն քո տաքուկ սուրճը հետաքրքրելու:
Քեզ համար հերոսը երևի «Դիսնեյի» մուլտֆիլմից ինչ-որ արքայազն է, իմ հերոսը` 18 տարեկան զինվորը, ով գիտե՞ս, ինչ է անում: Թշնամու տանկեր ու ԱԹՍ է ոչնչացնում, ով իրեն զոհում է իր զինակիցներին շրջափակումից դուրս բերելու համար:
Քեզ համար ցավը երևի նոր գնած շորիդ պատռվելն է, մեզ համար ցավը փողոցներում կախված անվանական սև ժապավենները: Չես հասկանա, անծանոթ մարդ, Աստված տա երբեք չզգաս էն, ինչ զգում է քո տարեկից հայը: Հայ լինելը չափազանց դժվար է, բայց հայը անպարտելի է:
Գիտե՞ս երբ թշնամին հային ծնկած կտեսնի… Միայն աղոթելիս:
Գիտե՞ս, անծանոթ, մի ամիս է եղբորիցս լուր չունենք, բայց այնքան հույսով ու հավատով ենք սպասում նրա հայտնվելուն, որ ոչ մի օդանավակայանի պատեր չի տեսել այդ սպասումը:
Դժվար ժամանակներ ենք ապրում: Հերոսներ ենք նվիրում երկնքին, որ երկինքը հավերժ աստղազարդ լինի:
Ու հիմա փողոցում, եթե անգամ շշնջաս պատերազմ, բոլորը կհեծկլտան ցավից:
Որովհետև պատերազմը չարիք է, որովհետև պատերազմը հավերժ փոխում է քեզ, որովհետև պատերազմից հետո կյանքին նույն աչքերով չես նայում:
Կներես, անծանոթ, որ սառեց սուրճդ, իսկ դու շարունակիր լռել, քանի դեռ արյունարբու ոսոխը քեզ էլ ձեռք չի գցել: