mariam tonoyan

Կյանքի արժեքը մեկ փամփուշտում. Մաս 4

-Մայիսի 6-ի առավոտն էր: Դիրքեր գնալու համար Բաբայանի հրամանով շարվեցինք: 20 հոգի կամավոր էր պետք երրորդ՝ ամենավտանգավոր դիրքի համար: Ոչ ոք կամավոր դուրս չեկավ շարքից: «Ես գնամ, ինձ բան չի պատահի: Արդեն փորձ ունեմ, կարողանում եմ զգայարանների միջոցով կողմնորոշվել (ըստ ձայնի), թե որտեղ կընկնի սնարյադը»,- մտածեցի ես ու դուրս եկա շարքից:

-Քյավառ,- ասաց Բաբայանը,- քեզ ուրիշ դիրք կուղարկենք, շարք կանգնիր:

Հարցը կրկնեց երեք անգամ: Երբ նորից շարքից դուրս եկա, մի քանի տղաներ ևս իմ օրինակով դուրս եկան շարքից: Ինձ թույլ տրվեց երրորդ դիրք գնալ: Ճանապարհին մեքենան փչացավ, ճանապարհը շարունակեցինք ոտքով:

Գիշերը խաղաղ անցավ: Ազգությամբ եզդի Թամոյան Մաջիթը, վրանում նստած, հետաքրքրաշարժ պատմություններ էր պատմում: Մենք էլ, նրա շուրջը նստած, կլանված լսում էինք:

03 պոստում պետք է փոխարինեի Մարատ Մխիթարյանին: Մարատը դիրք գնալուց առաջ խնդրել էր ինքնաձիգս, քանի որ նրանը «SFD սնայպեր» էր ու գիշերով պետք չէր գա՝ մեջն էլեմենտ չկար նշանառության համար: Տվեցի, որ երբ գնամ փոխարինելու, հետ վերցնեմ: Մարատն ու արտաշատցի Արմենը գնացին դիրքեր:

Լուսադեմին կրակոցներ լսվեցին, ապա զանգ ստացանք: Արմենն էր: Հակառակորդն անցել էր հարձակման, Մարատին էլ խփել էին: Օմարի բարձունքում, երբ արևի շողերն ընկնում են ձյան վրա, այդ անդրադարձումից մարդու աչքերը կարծես կուրանում են, և ոչինչ չի երևում: Դրանից պաշտպանվելու համար դահուկորդի ակնոցներ էինք կրում:

Մարատն ակնոցով էր, արևից փայլել էր ապակին, հակառակորդի դիպուկահարն էլ, դա նկատելով, խփել էր նրա աչքին: Մարատը գալարվում էր ցավից, ոտքով խփում, քանդում էր դիրքը: Վիրավորվել էր Էլոյան Խաչիկը աջ կոնքից: Իր ցավի մասին մոռացած՝ դառնացած հայացքով նայում էր տանջվող ընկերոջը: Հանկարծ դժվարությամբ վեր կացավ.

-Չեմ կարող տեսնել նրա տանջանքը,- ասաց նա՝ վերցնելով ինքնաձիգը,- վերջ դնեմ տանջանքին:

Խիղճս տանջեց, թույլ չտվեցի.

-Թուրքի ձեռքով եղել է, բայց թող մեր ձեռքով չլինի: Ավելի լավ կլինի՝ վրան գնաս:

-Պա՛պ, մի քիչ դադար տուր,- ճնշված խնդրում եմ ես,- ծանր են դեպքերը, խիղճս չի մարսում:

Գնում, շրջում եմ տան մեջ այս անկյունից այն անկյունը, զայրանում, էլ ավելի թշնամանքով լցվում դեպի թշնամին, ապա մի բաժակ ջրով վերադառնում եմ, թե՝ էլի պատմիր: Հայրս շարունակում է սառը ժպիտով.

-Էլոյանը վրան գնաց: Ես վերցրի ինքնաձիգս ու սկսեցի կրակել հակառակորդի կողմը՝ մտքումս անիծելով հայի բախտը: Դիրքում նստում էինք ծալապատիկ, որ բեկորներից ոտքներս չկտրվեն: Թշնամու գնդակից մեր գնդացիրի փողը կտրվել ու կեռվել էր: Չէր աշխատում:

Դիրքում էինք ես, Թամոյան Մաջիթը, շամշադինցի Թումոն: Ժամը 11-ի կողմերն էր: Փամփուշտները վերջացան: Յուրաքանչյուր ինքնաձիգում մնաց երեք փամփուշտ, որոնք պահել էինք, որ գերի ընկնելու դեպքում ինքնասպան լինենք: Զանգեցի 26-րդ դիրք՝ Բաբայան Էդիկին, ու օգնություն խնդրեցի: Ոգեշնչեց ու կոչ արեց դիմանալ, մինչև օգնությունը կհասնի: Թշնամին մոտ էր:

-Փրկեք ինձ,- լացակումած աղերսում էր Թումոն:

-Որ կարողանանք, ինքներս մեզ կփրկենք,- ճարահատյալ պատասխանում էինք մենք:

Դժվար էր դիմանալը: Թումոն լքեց դիրքն ու փախավ: Ի՞նչ անել: Կամ ելք գտնել, կամ զոհվել:

Զանգեցի 9-րդ դիրք ու խնդրեցի, որ կրակեն սարն ի վեր դեպի մեզ բարձրացող թշնամու վրա:

Լսելով օգնության կանչի մասին՝ մեզ մոտ էր եկել Ռաֆիկ Ավետիսյանը: 26-րդ դիրքից օգնության եկավ նաև վարձկան կազակ զինվոր Տամերլանը: Վերջինս արագ գործի անցավ: Չէի հասցնում լիցքավորել նրա ինքնաձիգի փամփշտակալները: Կրակում էր երկու ինքնաձիգով միաժամանակ ու աներևակայելի արագությամբ: Նռնակները նետում էր Արմենը, ով վիրավորվելով՝ վերադարձավ վրան: Դիրքում մնացինք ես, Տամերլանը, Մաջիթը, Ռաֆիկը և էլի մի զինվոր, ում անունը չեմ կարողանում մտաբերել:

-Հակո՛բ, վեր կաց, գնանք,- ասաց Ռաֆիկը,- առավոտից այստեղ ես՝ սոված ու հոգնած: Մեզ փոխարինող կուղարկենք:

-Դե, լավ, մնանք, մեկ է՝ ճանապարհին կխփեն: Եթե ուզում ես, դու գնա:

Ի վերջո, համոզեց ինձ: Թեքվել էի նրա կողմը: Երբ շրջվեցի, որ վերցնեմ ինքնաձիգս, ականանետը խփեց մեզնից քսան մետր հեռավորության վրա գտնվող ժայռին, բեկորները պոկվեցին, մի բեկոր խփեց բերանիս, մյուսը՝ գլխիս: Հակառակորդի դիպուկահարն այդ պահին խփեց Տամերլանին: Տամերլանը զոհվեց՝ ընկնելով Մաջիթի վրա, ես էլ, հարված ստանալով գլխիս, ուշագնաց ընկա Տամերլանի վրա:

Այդ ընթացքում վիրավորվել էր Ռաֆիկը: Բեկորը կտրել էր նրա ոտքը, վիրավորվել էր նաև Մաջիթը՝ գլխի աջ կողմից: Ես ուշագնաց ընկել էի, բայց գիտակցությունս տեղն էր, լսում էի ձայները, փորձում էի բարձրանալ, բայց չէր ստացվում: Կարծում էի՝ մահացել եմ, ու այսպես են մեռնում: Վճռեցի շարժել ձեռքս, եթե կարողանամ՝ ուրեմն ողջ եմ: Զգացի, որ շարժում եմ մատներս, ճիգեր գործադրելով մի կերպ նստեցի, աչքերիս առաջ սպիտակ էր, մշուշոտ, ոչինչ չէր երևում: Լսում էի միայն Ռաֆիկի ձայնը, ով գոռում էր.

-Տոնոյա՛ն, փախի՛ր, թուրքերը հասան: Նա սողալով հասել էր սարի գագաթ ու տեսնում էր իմ ու թշնամու հեռավորությունը: Ես գոռացի, որ նա գնա, ես չեմ կարող փախչել: Այս սարսափելի տեսարանից, թե ինչքան ժամանակ էր անցել, չգիտեմ, երբ նորից վերականգնվեց տեսողությունս: Չկորցնելով ինձ՝ սկսեցի նռնակներով ու գնդացիրով կրակել թշնամուն, որն ինձնից յոթ մետր էր հեռու: Վիրավոր Մաջիթը գոռում էր. «Тамерлан, вставай!»: Ես ասացի՝ նա զոհվել է՝ իր մարմնով պաշտպանելով քեզ: Ռացիայով օգնություն կանչեցինք: Հակառակորդը նահանջեց:

Մեկ օր հաց չէինք կերել, վրանից հանեցի սնունդը, հացի վրա կարագ քսեցի ու բաժանեցի վիրավորներին: Ոչ ոք չէր ուզում ուտել: Ինքս ինձ մտածում էի՝ գոնե թող կուշտ մեռնեն: Ինքս էլ ուտել չէի կարողանում բերանիս վնասվածքի պատճառով: Այն ժամանակ գլխիս վնասվածքը իրեն զգացնել չէր տալիս, բայց հետևանքներն ակնհայտ են այսօր, երբ տեսողությունս վատթար վիճակում է: Վիրավորվելուց հետո շարունակեցի ծառայությունս մինչև 1994թ. դեկտեմբերի զորացրում:

Սրանք հորս մարտական գործողությունների պատմությունից շատ փոքր կտորներ էին միայն, բայց թե ինչեր են կատարվել այսքանից բացի՝ գերադասում եմ թողնել վարագույրից այն կողմ՝ ընթերցողի մեջ ևս սառնասրտություն ու ատելություն չառաջացնելու նպատակով: