Մի անհայտ զինվորի հիշատակարանից

Էլի ապրիլ էր, երկինքն էլի մութ ու ամպոտ էր` պատրաստ պայթելու ամեն մի անհնազանդի գլխին, Մասիսն էլի տխուր աչքերով նայում էր այն կողմից` հուսալով, որ մի օր հետ է գալու հայրենիք ու ունկնդիրը լինելու հերկվորի երգին… Պապս էլ էր տխուր. անճարակ նստել էր պարտեզում` փայտե հին աթոռին` մեջքը բոցագույն արևին արած, երկար տարիներ խրամատում զենք բռնելուց կոշտացած ձեռքերը ափերի մեջ առած… Նայում էր գետնին ու ժամանակ առ ժամանակ ծանր հոգոց արձակում: Թե ինչ էր մտածում, մեկ ինքը գիտեր, մեկ էլ Արարիչը: 

-Պապ, այ պապ, արի` շախմատ խաղանք. վաղը մրցույթի եմ. սահմանում կանգնած մեր տղերքի պատվին մրցաշար է. արի` խաղանք, պարապեմ, որ հաղթեմ: Կգա ՞ս, պապ:

Ոչինչ չփոխվեց: Հազար կնճիռներով պատված ճակատը հառել էր գետնին ու չէր խոսում:

-Պապ, ինչի ՞ ես նստել ու աչքդ չես կտրում գետնից: Ի՞նչ կա էդտեղ էդքա~ն նայելու:

-Էս հողը, հոգնել է էս հողը, արդեն ծանր է շատ,անչափ փորձությունների է ենթարկվել, պարարտացել է իր զավակների արյամբ, էլ չի դիմանա…

-Պապ, հա, ճիշտ ես, բայց կգա ՞ս` շախմատ խաղանք:

-Է~հ, անպիտան լակոտ, քո տարիքի տղերքը անփորձ-անփորձ զենք են բռնում, դու էստեղ քո փուչ հաղթանակի մասին ես մտածում…

Չգիտես ինչու, մեջս մի բան փոխվեց. քարացել էի նիհար ու վտիտ պապիս առջև, ով էդ պահին անպարտելի հսկա էր թվում… Պապիս ընդամենը մեկ նախադասությունը պատճառ դարձավ, որ ողջ գիշեր չքնեմ. նստել էի մեր` նավթահոտ ազերիների կրակոցներից խարխլված տանիքին ու նայում էի հեռուն` զարհուրելի սահմանին, որ պատվել էր փոշու խիտ շերտով: Պապս, ով կյանքի հիսունվեց տարիները անցկացրել է զինվորական «բուշլաթը» հագին ու ծանր զենքը բռնած, ծառայել է սովետական բանակում, մասնակցել Արցախյան պատերազմին, կռվել Կոմանդոսի հետ հող հայրենիի համար… Օրվա մեծ մասը նստում է մեր հին ու ճռճռացող թախտին, բացում զինվորական ալբոմը ու հանդարտ ժպիտով նայում նկարներին: Գիտեի` ինչ է զգում ամեն անգամ տեղ-տեղ արյան հետքերով պատված ալբոմը բացելիս. սեր հայրենիքի հանդեպ ու ատելություն, ատելություն դեպի թշնամին, ուրախություն, որ հիմա մեզ` իր ընտանիքի հետ է, ու տխրություն, որ կորցրել է զինվոր տղերքից շատերին…

Ցուրտ էր էդ գիշեր գյուղում: Քամին ստիպում էր ողջ մարմնով սրթսրթալ: Բայց սահմանն աղմկոտ էր: Մերթընդմերթ կլսեիր մի շարք զինվորական տերմիններ, ոգևորող խոսքեր ու նաև հայհոյանքներ: Տղերքի կրակոցներից արթնացա: Պապս կանգնել էր դռան շեմին` ծխամորճը ձեռքին, «բուշլաթը» ուսերին գցած: Բայց մի տեսակ ուրախ էր թվում:

-Պապ, էս ի՞նչ բան է` դեմքիդ ժպիտ կա:

-Տղես, ախպերներդ դրանց ջարդը տվեցին: Ես իրենց հոգուն մեռնիմ, ջահել են, բայց խելոք են շատ: Հերդ էլ էր էդպես (պապս ու առհասարակ մերոնք երբեք հորիցս չեն խոսում):

-Հե՞րս:

Գլուխը թեքեց և ուզում էր գնալ:

-Պապ, սպասիր, ու՞ր է պապան:

Ծանր հոգոց հանեց ու ձեռքով կանչեց մոտը:

-Տղես, պատերազմը զարհուրելի գազան է: Կուլ է տալիս ամեն ինչ ու ամեն մեկին: Ու մենք` հայերս, ստիպված ենք միշտ էդ գազանի հետ նույն տեղում ապրել ու շնչել նրա գարշահոտ օդը: Էդ անտեր պատերազմը ձեռքեր էլ ունի, բայց չի սրբում զինվորի արցունքը, երբ նա կորցնում է ընկերոջը, այն միայն խեղդում է կարոտը, փշրում երազանքը: Նրա փամփուշտների ոռնոցն էլ ամբողջովին խլացնում է կենդանի և անկենդան էակներին:

-Պապ, էդ պատմությունը ես գիտեմ: Հազար անգամ պատմել ես: Դու ասա` պապան, պապան ո՞ւր է: Էսքան տարի է` ինձ ոչ մի բան չեք պատմել: Ինչքան հարցրել եմ, մի բան խաբել եք ու թեման փոխել: Արդեն ժամանակն է, որ իմանամ, թե ինչ է եղել: Ինչի ՞ց է, որ ամեն անգամ հորս անունը տալիս մաման արցունքն աչքերին դուրս է գալիս սենյակից, դու էլ թեման փոխում ես:

-Մանչս, փոքր ես դեռ:

-Փոքր չեմ: Երեկ դու էիր ասում, որ իմ տարիքի տղերքը, զենքը ձեռքներին, սահմանն են պաշտպանում: Ասա, պապ:

-Է~հ, փոքր էիր` տասը-քսան օրական, երբ դրանք մտան գյուղ. անսպասելի էին մտել, էնպես, որ ոչ ոք չէր էլ նկատել: Հերդ էդ ժամանակ սահմանի մոտ էր: Աստված գիտի` ինչի էր գնացել էդտեղ: Երբ էդ վայրենիները թաքուն անցել են մեր կողմ, տղերքը սափրվելիս են եղել ու չեն նկատել դրանց: Հերդ հեռվից նկատել է դրանց, վերցրել զենքերի մոտ դրված ականը ու պայթեցրել: Բայց… Էդ անտերը պայթել է իր ձեռքում…

Ամեն ինչ կտայի, որ չլսեի էս պատմությունը: Արցունքն աչքերիս` դուրս եկա բակ ու վազում էի խելագարի պես: Հիմա արդեն պարզ է` ինչ էին զգում պապս ու մայրս սահման, բանակ, թշնամի բառերը լսելիս:

Վազելով մինչև սահմանի մոտ հասա: Սահմանից քիչ հեռու` բարդու ծառի տակ` սառը քարի վրա, մի ծեր կին էր նստել ու կամացուկ շշնջում էր.

- Էս հողի վրա քայլելիս հաճախ չես էլ մտածում, որ տարիներ առաջ այստեղ՝ ձյան բարակ շերտի վրա, ընկավ մի զինվոր:

Ահա նորից գնդակ՝ պատերազմի անգութ հրացանից արձակված…

Էդ զարհուրելի պատմությունը, պապիս արցունքները, էս կնոջ խոսքերը ակամայից ինձ ավելի մոտ տարան սահմանին:

-Ա~յ տղա, ի՞նչ ես անում էստեղ, -հանկարծակի կանչեց զինվորներից մեկը:

-Ախպե~ր, էկել եմ` հրամանատարին տեսնեմ:

-Դու՞,-զարմացած հարցրեց նա` ոտքից գլուխ զննելով ինձ:

-Հա’, հե’նց ես:

-Ի՞նչ է էղել, Կորյու’ն,-հեռվից լսվեց հրամանատարի խրոխտ ձայնը:

-Գեներա’լ ջան, էս խոխեն օզում ա գա` քըզ տեսնի, – պատասխանեց նա իր ղարաբաղյան բարբառով` մեկ անգամ ևս չափել-ձևելով ինձ:

-Բոլորս էլ տղա ենք պատերազմի ժամանակ: Ես մի քիչ կարճ եմ, դու մի քիչ հասակով. ի՞նչ կա որ:

-Ճուտո’ ջան, արի’, տեսնեմ` ինչ է էղել, -հուսադրական տոնով ասաց հրամանատարը:

-Գեներա’լ ջան, ինձ քո բանակում կվերցնե՞ս:

-Քանի՞ տարեկան ես:

-Տասնչո’րս, -թիկունքս շտկելով` ասացի ես:

-Տասնչո~րս… Տասնչորս տարեկան էի, երբ առաջին անգամ խրամատում կանգնեցի ինձնից էրկու անգամ մեծ ու հազար անգամ ուժեղ առյուծ տղերքի կողքին: Բայց դու…

-Ես` ի՞նչ:

-Դու դժվար կարողանաս, – գլուխը գետնին հառելով ` ասաց նա:

-Գեներա’լ, դու կարողացել ես: Ես էլ կկարողանամ: Իսկական հերոսները սահմանում են: Ու՞մ է պետք իմ կյանքը, եթե հայրենիքիս չեմ օգնել պետք եղած ժամանակ: Ինչո՞վ եմ ես ավել էս տղերքից, որ իրենք, էստեղ զենքը բռնած, պիտի մրսեն ու չքնեն, իսկ ես վայելեմ օջախի տաքությունը` մորս կողքին նստած, -համարյա գոռալով ասացի ես` հազիվ խեղդելով արցունքներս:

-Լա’վ: Համոզեցիր: Բայց լսի’ր: Ամեն անգամ, երբ զենքը ձեռքդ կառնես, հիշի’ր, որ տանը քեզ սպասող կա: Չկռվես խելագարի պես: Կռվի’ր խելքով, քաջի պես ու քաջին վայել: Դու քո պարտքը տված կլինես այն ժամանակ, երբ հաղթած տուն վերադառնաս ու ժպիտով նայես մորդ աչքերին: Հա’, մի բան էլ. հիշի’ր` աշխարհում բոլոր ազգերը պատերազմները երկու եղանակով են հաղթում` կա’մ խելքով, կա’մ զենքով:  Մենք` հայերս, եթե պահանջվածի չափ զենք չունենանք էլ , խելքից շա~տ ունենք, շա~տ-շա~տ. խելքո’վ կկռվես, տղե’ս…

Կյանքում ոչինչ ու ոչ ոք ինձ այդքան չէր քաջալերի, որքան հրամանատարի խոսքերը` քաջի պես ու քաջին վայել: Էդ գիշեր էլ ավելի ցուրտ էր: Լուսինը անհավատալի ճերմակությամբ կախվել էր ազերիների գլխին` սպիտակ դրոշի դերը ասես խաղալով: Ծանր զենքը ձեռքիս ` կանգնել էի Սմբատի կողքին, ով ինձնից ուղիղ տասը տարով մեծ էր: Դիմացի ձորակից խլրտոց լսվեց: Սմբատի դեմքի հանգստությունից կարելի էր ենթադրել, որ ամեն ինչ կարգին էր: «Ծիտ էր երևի»,-մտածեցի ես: Էլի խլրտոց լսվեց:

-Մի’ անհանգստացիր, Ճուտո’, շուն կլինի, – ասաց Սմբատը:

-Գնամ` ստուգեմ, -ասացի ես` վեր հանելով զենքս:

-Լա’վ: Բայց տես` չվախենաս:

-Էղա’վ:

Սկսեցի կամացուկ քայլել դեպի ձորակը: Հեռվից էլի նույն խլրտոցն էր լսվում, բայց այս անգամ ավելի բարձր: Ես ճիշտ էի. ազերիներից էր: Ձորի կանաչի մեջ նկատելի էր ձեռքը. կրակեցի, ու նկատելի եղան երկրորդը, երրորդը, չորրորդը… Սպանեցի բոլորին… Երբեք ինձ այդքան հանգիստ չէի զգացել: Առաջին օրում չորս ազերի էի սպանել:

-Ապրե’ս, Ճուտո’ ջան: Խելքո’վ կռվեցիր…

Էդ օրից անցել է ավելի քան քսան տարի: Հիմա ես եմ գլխավորում մեր շտաբը: Պապս էլ չկա: Մայրս հիվանդ է: Տղաներս սովորում են ռազմական հոսքում: Կյանքիս ամեն օրը ու ժամը կապված է երկիր հայրենիի հետ: Հայրենիք և ես. մենք լծորդված ենք իրար հոգու ու մարմնի, նպատակի ու միջոցի պես: Նա գերագույն նպատակ է, ես ` միջոց: Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար այսժամ խաբուսիկ են բոլոր դրախտները… Շատերը կգան, շատերը կթերթեն պատմության հնաբույր էջերը, բայց մենք` հայերս, միշտ եղել ենք, կանք ու կլինենք…