Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Նամակ ինձ 45 տարեկան հասակում

Ողջույն։ Դա ես եմ։ Դու, քսանինը տարի առաջ։ Հիշո՞ւմ ես քեզ` ինչպիսին էիր։ Վստահ եմ, կարոտում ես ինձ։ Ուզում ես լինել նույնչափ աշխույժ, նույնչափ կյանքով լի, վերջապես նույնչափ ազատ, ինչքան որ տասնվեց տարեկան հասակում էիր։ Երևի ամեն ինչ կտայիր, որ ժամանակը քսանինը տարի հետ գլորվեր, ու դու վերածվեիր 16 տարեկան մի աղջնակի։ Բայց ինչ արած, դա անհնարին է։

Հիշո՞ւմ ես մեր տունը, մեր բակը, մեր բազմանդամ ընտանիքը։ Ինչքան-ինչքան լավ օրեր ենք ապրել մեր հարազատ հարկի տակ։

Սպասիր, մի բան հիշեցնեմ պատանեկությունիցդ։ Հիշո՞ւմ ես մի անգամ ամռանը էրեխեքով որոշեցիք ողջ գիշեր մեքենայում անցկացնել, առավոտյան արևին ստիպելով, առաջինը ձեր հոգնած, քնաթաթախ, բայց միևնույն ժամանակ գոհ ու երջանիկ երեսները տեսնել։ Այդ ամբողջ  օրը մթագնած ուղեղով այս ու այն կողմ գնացիր, ինչը ողջ գիշեր չքնելու արդյունքն էր։ Լավ, արի դուրս գանք հիշողությունների արբեցնող աշխարհից ու վերադառնանք քեզ։ Մի քիչ պատմիր քո ժամանակների Լիլիթից։ Կարծում եմ, շատ չես փոխվել։ Երևի դեմքիդ մի երկու կնճիռ է ավելացել, մազերդ են ճերմակել ու մի քիչ էլ գիրացել ես, լավ –լավ կատակում եմ։

Ճիշտն ասած, նամակիս բուն պատճառը  մի քանի հարց-խնդրանքներս են՝ կապված սպասվելիք անակնկալների հետ։ Առաջին հարց-խնդրանքը, որին կցանկանայի պատասխանես, հետևյալն է․ուզում եմ իմանալ, արդյոք չունե՞ս  գործած այնպիսի մի սխալ, որի համար անչափ զղջում ես, որն ուղղելու համար կցանկանայիր գալ անցյալ ու շտկել այն։ Խնդրում եմ պատմիր ինձ այդ մասին։

Դու հասնելով այդ տարիքին՝ ծանոթ կլինես կյանքը հեշտ ապրելու թեորեմներին։ Սովորեցրու դրանցից մի քանիսը։ Եվ վերջին, կարևորագույն հարցս՝ ո՞վ է ընտրվել 2045թ ՀՀ նախագահ։ Նորից եմ կատակում։ Ո՞րն է արդյոք քո պատկերացմամբ կատարյալ կնոջ կերպարը։ Խնդրում եմ պատասխանիր վերը նշված հարցերին և ուղարկիր նամակդ որքան կարող ես շուտ։

Վերջում ուզում եմ իմանաս, որ այս նամակի մասին գիտենք միայն ես և դու։ Ուզում եմ, որ ոչ ոք չիմանա այս մասին, քանի որ մարդիկ իմանալով այս զարմանահրաշ հնարավորության մասին, կսկսեն նամակներ գրել և ուղարկել անցյալ կամ ապագա։ Այդ նամակները ողողված կլինեն բազմաթիվ հարցերով՝ ուղղված այս կամ այն մարդուն, ու այս կամ այն իրադարձությանը։ Այդպիսով կյանքը կկորցնի իր հետաքրքրությունը՝ դառնալով անչափ տաղտկալի և հոգնեցուցիչ։

Ահա և վերջ։ Հաջողություն քեզ։ Անհամբեր կսպասեմ նամակիդ։