hayrapi baghdasaryan

Աշխարհագրությունից մինչև առողջ ապրելակերպ

Որոշ ժամանակ առաջ, երբ դեռ արձակուրդները չէին սկսվել, մեզ`աշակերտներիս, տարան դահլիճ, ասելով, որ հյուրեր են եկել Երևանից: ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի կանխարգելման ներկայացման միջոցով մեզ իրազեկեցին նշածս հիվանդությունների մասին:

Անտեսելով հոգնածությունս, քաղցս ու այն հանգամանքը, որ մի 2 ժամից պարապմունքի եմ, ու եթե մնամ ներկայացումը դիտելու, ապա չեմ հասցնի գնալ տուն, միևնույն է, հետաքրքրությունից դրդված գնացի:

Ներկայանալու ժամանակ մասնակիցներից մեկն ասաց, որ շատ ուրախ է գյուղ Հրազդանում գտնվելու համար: Ես շատ էի բարկացել: Դա տարրական իմացության հարց է. ինչպե՞ս կարելի չիմանալ քո երկրի քաղաքների անունները: Ես չեմ ասում, թե պարտադիր պետք է բոլոր գյուղերի անունները հիշել, բայց Հայաստանի զարգացած քաղաքներից մեկն անվանել գյուղ, դա արդեն ամոթալի է:

Երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր չգիտեն իրենց երկրի պատմությունն ու աշխարհագրությունը: Սրանք շատ կարևոր գիտելիքներ են որևէ ազգի մասնիկ կազմելու համար: Անգամ, երբ ընտրել ես դերասանի, ծրագրավորողի մասնագիտությունը կամ հացթուխի, անպայման պիտի տեղյակ լինես երկրիդ մասին, նրա աշխարհագրական դիրքի, քաղաքների, պատմության:

Մի կերպ զսպեցի զայրույթս, որոշեցի ժամանակից շուտ չլքել դահլիճը, գուցե ներկայացումն ավելի լավը լինի:
Սկզբում հաղորդավարը ներկայացրեց դերասաններին, հետո սկսեցին խաղալ: Մի քանի րոպեից արդեն հասկանում էի, որ ներկայացումը գռեհիկ է դառնում: Դերասանները տհաճ երևույթներով, գռեհիկ արտահայտություններով իբրև թե մեզ ներկայացնում էին հիվանդության առաջացման պատճառներն ու բուժումը: Ու անգամ չհասկացա, թե ինչո՞ւ էին 8-9-րդ դասարանների երեխաներին էլ բերել նստեցրել: Հավանաբար մեր ուսուցիչներն էլ ինձ նման կարծել էին, թե բարձրարժեք և օգտակար ներկայացում է լինելու:
Ում դեմքին նայեիր, անկասկած հիասթափություն կտեսնեիր: Փոշմանեցի, որ ժամանակս տրամադրեցի:

Ես գիտեմ և վստահ եմ, որ ամեն դպրոցում առողջ ապրելակերպ առարկայի ժամին նորմալ և կիրթ ձևով աշակերտներին տեղեկացնում են սեռավարակների և այլ հիվանդությունների մասին, ու բնավ չհասկացա նրանց` չստացված ներկայացման ու մեզ մեր գործերից ու հանգստից կտրելու իմաստը:

Ինչի մասին էլ տեղեկացնելու լինեն, ինչի մասին էլ որ որոշեն մարդկանց ասել, պետք է կատարեն գրագետ, ու կարծում եմ, դա միայն մասնագետները պիտի անեն: Այլապես դահլիճում չէին գտնվի այդ ներկայացման տարիքային թիրախ խմբից դուրս երեխաներ:

Դե, եթե չգիտեն ամենատարրական մի բան, որ Հրազդանը քաղաք է, այն էլ Կոտայքի մարզի մարզկենտրոնը, խոսելն ավելորդ է: