astghik hunanyan

Նյարդային նյարդերիս ու էլի շատ բաների մասին

Ասում են, չէ՞՝ իմ նյարդերի վրա ազդում է այն ամենը, ինչը շարժվում է, իսկ ինչը չի շարժվում՝ ես եմ շարժում ու նյարդայնանում։ Իրականում չեմ հիշում՝ ովքեր են ասել։ Համենայնդեպս, էս փոքր բառախումբը վիճակիս ամենատիպիկ նկարագրությունն է։ Ասենք՝ հենց հիմա ես նյարդայնացած եմ, որովհետև չգիտեմ՝ ինչից սկսել գրել և ուր հասնել, հետո նյարդայնացա նյարդերս հանգստացնելու համար դեպրեսիվ դեռահասի նման նոթատետրիս էջերը պատռելուց (էն ֆիլմերի նման, որ մեկը մյուսին ուզում է նամակ գրել, չի ստացվում, էջը պատռում ու դեն է նետում անքան անգամ, մինչև մյուս կադրում սենյակի ողջ հատակը թղթի կույտերով է պատվում)։ Բայց էդ խեղճ նոթատետրն ի՞նչ մեղք ունի, որ հենց ինքն է ձեռքիս տակ ընկել։ Հասարակագիտությանս դասագիրքն ընկներ, գոնե էջերը պատռելով նյարդերս հանգստացնելու հետ մեկտեղ հաճույք էլ ստանայի, որովհետև էդ դասագրքի բովանդակությունն էլ է նյարդերիս վրա ազդում։

Դու պիտի սովորես, որ մարդը ոչինչ է առանց սեփական իդեալն ունենալու, որովհետև էդ մարդը չի ձգտի ինչ-որ բանի հասնել։ Դե, չգիտեմ, գրքում էդպես է գրված, թե չէ, համենայնդեպս ուսուցչուհիս էդպես էլ ասում է։ Թե բա. «Դուք ինչքան էլ երազեք, օր ու գիշեր էլ աշխատեք, չեք կարող դա Վինչիին հասնել» կամ՝ «Ինչի՞ տեղ եք ձեզ դրել, որ ասեք՝ իդեալ չունենք», «Նկարի գեղագիտական արժեքը դուք չեք որոշում, եթե վերադասը, կամ մի խումբ արվեստագետներ ասում են, որ էդ նկարը իդեալական ա ու շատ գեղեցիկ, ուրեմն էդպես էլ կա, պետք չի հակառակվել ու ասել՝ չէ, սիրուն չի»։ Ու հետո էլ չի թողնում՝ ասեմ. «Այ ձեր ցավը տանեմ, ինչքան էլ ինչ-որ մեկին ձգտեք նմանվել ու ինչքան էլ էդ անտեր գործը լավ անեք, դուք չեք հիշվելու երբեք։ Կհիշվեք էն ժամանակ, երբ ձեր սեփականը կստեղծեք, մի ինքնատիպ բան, ձեր իսկ ոճը։ Այ ձեր ցավը տանեմ, էդ ինչի՞ց վերցրիք, որ մենք՝ «ստորադասներս», չենք կարող գնահատել գեղեցիկը կամ սեփական կարծիք ունենալ, մինչև անգամ՝ հակաճառել»։

Բայց քանի որ թանկագին ուսուցիչդ իր կարծիքն է ճիշտ համարում ու չի թողնում դու էլ խոսես ու կարծիքդ հայտնես, դու՝ նյարդերից թույլ դեռահասդ, չես կարող չնյարդայնանալ էս դարի ուսուցիչների մի տեսակի վրա, որ ուզում է խոսել, չի ուզում լսել, ու իր ասածներով ու քայլերով միայն քեզ կոտրում է, վանում տվյալ առարկայից, իսկ քո ձեռքն անտեսվելուց հետո էլ չի ուզում բարձրանալ։ Ու դրա պատճառով ես նյարդայնանում եմ շաբաթը մի քանի անգամ, օրը 50 րոպե։ Չէ, չկարծես մեր դասաժամերը 50 րոպե են, ուղղակի ուսուցիչները տնային հանձնարարություն տալու մասին միայն դասամիջոցներին են հիշում, ու իմիջիայլոց՝ մեր դասամիջոցներին։ Ու եթե համարձակությունդ ներեց տեղիցդ շարժվել, անդաստիարակի մեկն ես, հա, ու հումանիտար (որպես վիրավորանք հասկացեք)։ Ու դու էլի ամբողջ հոգով-սրտով նյարդայնանում ես, որովհետև հենց էդ ուսուցիչը, որ ասում է. «Մի ուշացեք, բա դասամիջոցն ինչի՞ համար ա», քո իսկ դասամիջոցն օգտագործում է, ու դու դա իրեն չես կարող ասել, որովհետև «թարսվել կա, բան կա»։

Հումանիտար ասացի, հիշեցի. ես նաև անչափ նյարդայնանում եմ, երբ որոշ ուսուցիչներ դասարան են մտնում «եկել եմ հումանիտարների պարապեմ» դեմքով։ Սիրելի ուսուցիչներ, եթե դուք սա կարդաք, չնեղանաք, բայց մեր «ՀԲՉ» դասարանական կոալիցիան սկսել է ու շարունակում է կոտրել բոլոր կարծրատիպերը հումանիտարների մասին (եթե հետաքրքիր է, հապավումը բացվում է՝ հումանիտարները բութ չեն)։

Լավ, սա հեչ, երկու րոպե էլ դասամիջոցին եմ հասցնում նյարդայնանալ։ Էն, որ շքախմբով տղաները կանգնած են, մեկ էլ մյուս կողմից իրենց անտանելի «ձև տալով» աղջիկներ են գնում։ Ու դու սկսում ես մտածել, որ էդ մարդիկ ծնված են իրենց ցույց տալու համար։ Ու հետո քեզ՝ խեղճուկրակ «հետամնացիդ» էնպես են ոտքից գլուխ «չափում», որ աչքերդ լցվում են։ Ծիծաղից, որովհետև իրենք ուղղակի առաջին մի քանի վայրկյանը պատկերացում էլ չեն ունենում, որ դու ավելի «օձական» հայացք ունես։ Նյարդայնանում եմ այնքան ժամանակ, մինչև չեմ մոռանում իրենց տաղտկալի դեմքերը, որոնք կարծես ստեղծված լինեն նկարելու ու սոցկայքեր գցելու համար։ Ախր, դեմքերն էլ չեն նկարում, է, որ նայես՝ նյարդայնանաս։ Մի հսկայական հեռախոս պահում են դեմքի առաջ ու նկարվում, հետո էլ պատահաբար երևացած մի աչքը «սմայլով» փակում են, նոր գցում սոցկայքեր։ Ու դու այդ ժամանակ էլ չես նյարդայնանում, ուղղակի ուզում ես սպանել իրենց, հետո դիակների մոտ նկարվել, մի աչքդ «սմայլով» փակել ու գցել սոցկայք։ Էդպիսի նկար գցեք մեկ, երկու անգամ, բայց ոչ բոլոր նկարները, Աստծու սիրույն։ Ու եթե էդպիսին եք, հանեք ինձ ձեր ընկերների ցուցակից, որ չտեսնեմ ու նյարդայնանամ։ Խոստովանում եմ, մի ժամանակ ես էլ էի էդպիսին, ու ամեն անգամ նախկին «ես»-իս մասին հիշելիս էլի ահագին նյարդայնանում եմ։

Աստված ասացի, էլի բան հիշեցի։ Ես անչափ նյարդայնանում եմ, երբ տեսնում եմ, որ «նորաթուխ» աթեիստները սկսում են ծաղրել քրիստոնյաներին, նրանց կրոնն ու մի բան էլ՝ վիրավորում։ Ու նյարդայնանում եմ, երբ քրիստոնյան ամեն եղած-չեղած առիթին քարկոծում է անկրոն մարդկանց ու «ազգի դավաճաններ» անվանում։ Ախր, ի՞նչ եք ուզում իրարից, այ մարդիկ, էլ բան ու գործ չունե՞ք։ Ինչի՞ եք վիրավորում ուրիշի աշխարհայացքը, կարծիքներն ու դիրքորոշումը, ուրիշի մաշկի գույնն անգամ հանգիստ չեք թողնում, ախր, գոնե իմ մասին մտածեք, նյարդերս այդքան դիմացկուն չեն, է։

Մի օր այնքան եմ բորբոքվելու, որ գյուղացուն ծաղրողին էնպիսի ապտակ հասցնեմ, որ անգամ «Աստերիքսի ու Օբելիքսի» մեջ իրար էդպես չեն խփում կախարդական թուրմի ազդեցության տակ, որովհետև էդպիսի մարդիկ ամենանյարդայնացնողն են։ Էն, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց որ ծնվել են քաղաքում՝ վերջ. իրենք մարդ են, իսկ գյուղացին՝ չէ։ Նույն միս ու արյունն ենք, էլի, վերջներս էլ՝ մահ, էլ ի՞նչ եք կռիվ տալիս, ապրեք, էլի։

Իսկ երբ որոշ ժամանակ չեմ ուզում ոչնչի մասին մտածել, որ չնյարդայնանամ, մեկ էլ տատին հրամայական տոնով մի բան կասի, որ անեմ։ Ու ես չեմ անում։ Ինչ ուզում եք՝ մտածեք, կարող է՝ վատ թոռ եմ, բայց ես երբեք չեմ անի այն, ինչն ինձ կհրամայեն։ Այ, հանգիստ ասեք՝ օգնեմ։

Բա որ նյարդային ժամանակ եղբայրս է գալիս ու սկսում ինչ-որ անիմաստ հարցեր տալ, թող ու փախիր։ Ու էդ ժամանակ ոչ ոք հաշվի չի առնում, որ ես նյարդային երեխա եմ, ու միայն դրա համար գոռացի եղբորս վրա, հետո էլ սկսեցի խփել, ինչն էլ սուսերամարտի վերածվեց։

Օրվա վերջում, երբ պառկում եմ «տեղերիս» մեջ ու սկսում սերիալս նայել, սկսում է նյարդայնացնել հեռախոսի լիցքավորիչը։ Վայրկյանը մեկ անջատվում, միանում, անջատվում, միանում, ու երբ նորմալ դիրքի ես բերում, որ էլ չանջատվի, մեկ էլ փռշտում ես ու վերջ, լիցքավորիչը նորից «ցնդում է» (5-րդ մարտկոցի լիցքավորիչն եմ արդեն «ուտում»)։

Բայց մարդիկ էլ կան՝ հրաշալի «անտիսթրես» են: Նայում ես՝ էնքան անկեղծ են ժպտում, էնքան կյանքով լիքն են, քեֆդ գալիս է։ Բա չէ՝ դատարկ ու ոչինչ չասող հայացքովները։

Հ. Գ. Երևի նկատած կլինեք, որ մի քիչ պասիվացել եմ: Գիտե՞ք, ինտուիցիաս ինձ հուշում է, որ նյութերս չեն կարդում, գրելու հավեսս էլ է փախնում, ու էլի նյարդայնանում եմ։ Շատ դժվար է արևածաղիկը կեղևազրկել ու հավաքել, բայց հեշտ է էդ ամբողջը միանգամից ուտել, նույնն էլ նյութերի հարցում է։ Դժվար է միլիոնավոր էջերից հավաքել ամենալավ ստացված նախադասությունները, խմբագրել ու գրել, բայց հեշտ է չկարդալը։ Ասածս ինչ է՝ գնամ արևածաղիկ չրթեմ, մինչև կարդաք ու կարծիքներ հայտնեք։