Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Ոչխարխուզման փառատոն

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում տեղի ունեցավ «Ոչխարների խուզման փառատոնը», որի նպատակն էր՝ առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Արդեն չորս տարի է, ինչ անցկացվում է փառատոնը:

Ոչխարների խուզմանը փառատոնին մասնակցում էին տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր:
Այս տարի նույնպես, վիճակահանությամբ ընտրվեց մասնակիցների հաջորդականությունը. չորսական մասնակից՝ յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար: Ժյուրին հաշվի էր առնում ոչ միայն արագությունը, այլև վնասվածքները և որակը:

Փառատոնին մասնակցում էր արտասահմանից ժամանած հյուրը, ով ևս ոչխար խուզեց:

Փառատոնին իրենց ելույթներով հանդես եկան The time project-ը, լարախաղաց Մամիկոն Պապիկյանը, Dj Mish-ը,Դավիթ Հակոբյանը և Վահե Մելքումյանի պարի ստուդիան:

Փառատոնի հաղորդավարը՝ MC Grig-ն էր, ով իր պոզիտիվ էներգիան փոխանցում էր մեզ:

Փառատոնի ընթացքում հետաքրքիր խաղեր էին կազմակերպում: Երկու տարբեր համայնքաներից մեկական մարդիկ հրավիրվեցին, մեկը՝ Հալիձորից էր, մյուսը՝ Շինուհայրից, պետք է այդ երկուսը շրջեին ամբողջ տարածքով, գնացք կազմեին, ում գնացքը ամենաերկարը լիներ՝ նա հաղթող կճանաչվեր: Ստացվեց այնպես, որ երկուսն էլ բավականին մեծ գնացք էին կազմել, երկուսն էլ հաղթեցին և «Կոկա Կոլայի» կողմից նվերներ ստացան:

Հետո Ֆլեշմոբ արեցինք, հեթով բարձրանում էինք բեմ, իսկ մնացածը պետք է կրկնեին այն բոլոր շարժումները, որը մենք ցույց էինք տալիս:

Չմոռանամ խոսել տաղավարների զարդարանքների և հյուրընկալ մարդկանց մասին, ովքեր թեյախմություն էին կազմակերպել:
Այնքան հետաքրքիր իրեր կային տաղավարներում: Էլ չխոսեմ՝ զբոսաշրջիկների զարմացած դեմքերի մասին:

Փառատոնի ժամանակ երեխաների համար կազմակերպվել էին խաղեր, նրանց խաղահրապարակը առանձին էր, նրանց համար հեքիաթներ էին պատմում: Այս տարի ևս երեխաների համար գառնուկներ կային:
Օտարերկրյա զբոսաշրջիկները շատ էին, զարմանալի էր, բայց տարածքով քայլում էի, տեսա երկու զբասաշրջիկի և մեկ հայի, ովքեր ձեռք-ձեռքի տված «Փափուռի» էին պարում:

Շուտով ժյուրին հայտնեց առաջին երեք հորիզոնականը զբաղեցրած մասնակիցների անունները:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Պավլիկ Կիրակոսյանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, երկրորդ տեղը` Էդգար Զաքարյանը՝ Սիսիանի տարածաշրջանի Շաքի համայնքից, իսկ առաջին տեղը զբաղեցրեց Ռոմանոս Սարգսյանը՝ Գորիսի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից: Հաղթողները ստացան նվերներ և շնորհակալագրեր, նաև արտասահմանից ժամանած հյուրի կողմից ստացան հատուկ մրցանակներ, իսկ մնացած մասնակիցները՝ «Կոկա Կոլայի» կողմից նվերներ ստացան:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեծ պատրաստակամությամբ համալրեցի կամավորների շարքերը:
Փառատոնի վերջում ամբողջ տարածքով շուրջպար բռնեցինք:

Պետք է ասեմ, որ կամավորությունն ինձ մեծ ու կարևոր փորձ է տալիս, որը վստահ եմ օգտակար կլինի իմ ապագան կերտելու գործում, քանի որ մեծ ինքնավստահություն ձեռք բերեցի ու կարողացա ինքս ինձ ճիշտ դրսևորել յուրաքանչյուր պարագայում: Բացի այդ, նաև հնարավորություն ստացա շփվել օտարերկրյա մասնակիցների հետ, ովքեր իրենց բազմակարծիք տպավորություններով կիսվում էին ու շնորհակալություն հայտնում այսչափ կարևոր աշխատանք կատարելու համար:

Իսկ վերջում, պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար: Չմոռանամ ասել, որ  փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսավորմամբ։

Անցած տարվա խորհուրդս մնում է անփոփոխ. մի բավարարվեք միայն կարդալով և լուսանկարները դիտելով: Հաջորդ տարի եկեք և մասնակցեք: