Սոցիալական չկոնֆերա՞նս

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ դարձել եմ ինձ համար նոր ընտանիքի մի մասնիկը՝ խելացի, նորարար ու հավես։ Խոսքը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մասին է։ Մեր ֆակուլտետի ամենասիրված ու սպասված միջոցառումներից է ՍոցՔեմփը, որն արդեն չորրորդ տարին է, ինչ կազմակերպվում է: Ես առաջին անգամ եմ ներկա լինելու այս կոնֆերասին կամ ավելի ճիշտ՝ «չկոնֆերանսին», և անհամբեր սպասում եմ այդ օրվան։ ՍոցՔեմփի մասին զրուցել եմ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի և ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Մանյա Կիրակոսյանի հետ:

-Պատմեք Սոցքեմփի մասին. ինչպիսի՞ միջոցառում է այն, ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել ՍոցՔեմփ կազմակերպելու գաղափարը, ինչո՞ւ «չկոնֆերանս»։

-Սոցքեմփը, ինչպես մենք ենք սիրում ասել, սոցիոլոգիական «չկոնֆերանս» է, որը արդեն չորրորդ տարին է՝ կազմակերպվում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կողմից։ Ինչո՞ւ «չկոնֆերանս», քանի որ այն ոչ ֆորմալ և բաց հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակական խնդիրներով, դրանց առաջացման պատճառներով կամ լուծման եղանակներով հետաքրքրվածներին գալ, ներկայացնել իրենց տեսակետը, կիսվել ունեցած հետաքրքիր ինֆորմացիայով և գաղափարներով։ ՍոցՔեմփն առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականին, իսկ թե ինչպես է առաջացել կազմակերպման գաղափարը, հստակ նշել չեմ կարող, քանի որ այդ ժամանակ ՈՒԳԸ թիմում ներգրավված չեմ եղել: Միայն կարող եմ ասել, որ այն ստեղծվել է սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ թիմի կողմից, և տարեցտարի ավելի է կատարելագործվում, և արդեն ավանդույթ դարձած միջոցառումներից մեկն է մեր ֆակուլտետում:13342958_1118727294852762_2586501685591865874_n

-Ո՞րն է Սոցքեմփի նպատակը։

-Կարծում ենք, որ հասարակագիտության ներսում շատ վատ է դիսկուրսը գիտական խնդիրների շուրջ: Բացի դա, ֆորմալ կոնֆերանսների ժամանակ ենթադրվում է, որ զեկուցողը պիտի ներկայացնի խիստ գիտական չափանիշներով զեկույց, և այդ նյութը միշտ ուղղվում է պրոֆեսիոնալ լսարանին: Ամեն դեպքում մենք կարծում ենք, որ գիտությունը ինչ-որ մասով պետք է նաև հանրայնացվի, և արդյունքում ստեղծվեց ՍոցՔեմփը:

-Ո՞ւմ համար է այն կազմակերպվում։ Ովքե՞ր կարող են մասնակցել, արդյոք սա միայն սոցիոլոգների՞ համար է։

-Սոցքեմփը կազմակերպվում է բոլորի համար՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, հետաքրքրություններից։ Սոցքեմփին որպես ներկայացնող, կամ որպես ազատ ունկնդիր ներգրավվելու համար պարտադիր պայման չէ սոցիոլոգ կամ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող լինելը. պարզապես այն ստեղծվել է այս ֆակուլտետի ուսանողների կողմից: Օրինակ՝ նախորդ տարիներին Սոցքեմփին զեկուցումներով հանդես են եկել դասախոսներ, ուսանողներ ինչպես սոցիոլոգիայի ֆակուլտետից, այնպես էլ այլ ֆակուլտետներից ու համալսարաններից, անգամ աշակերտներ և ուսուցիչներ են ներգրավվել Սոցքեմփին։

ՍոցքՔեմփին կարող են մասնակցել բոլոր համալսարաններից և բոլոր ոլորտներից։ Պարզապես պարտադիր պայման է սոցիալականից խոսելը. դա կարող է լինել սոցիալական ձեռնարկատիրություն, սոցիալական հոգեբանություն, քաղաքականություն, կրթություն և ցանկացած բան, որն առնչվում է հասարակագիտությանը:

-Ինչպիսի՞ զեկույցներ են լինելու: Ովքե՞ր կարող են զեկուցել։

-Չկա սոցքեմփի զեկույցների հատուկ թեմատիկ ուղղվածություն։ Դա մեր սկզբունքն է՝ երբեք չֆրեյմավորել. միակ պայմանը հասարակությանն առնչվող վերլուծական ասելիքն է: Ներկայացնողները ազատ են թեմայի ընտրության հարցում։ Իսկ զեկուցել, ինչպես արդեն նշեցի, կարող են բոլորը. պարզապես պետք է մինչև հունիսի 24-ը հայտագրվել։

-Լինելո՞ւ են հատուկ հյուրեր։ Ովքե՞ր են նրանք:

-Մեր «չկոնֆերանսը» բաղկացած է երկու մասից՝ հատուկ հյուրերի զեկուցումներ և բուն պրեզենտացիաներ: Առաջին մասում իրենց վերլուծություններով և ուսումնասիրություններով են կիսվում մեր կողմից հրավիրված մասնագետները։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հատուկ հյուրերի ցանկում ներառված են և՛ սոցիոլոգներ, և՛ հարակից ոլորտներից մասնագետներ։ Այժմ անուններ չեմ նշի, մեր ֆեյսբուքյան էջում՝ ավելի ուշ նրանց մասին հրապարակումներ կլինեն։11709261_931733760218784_6969503261406512591_n

-Գիտենք, որ անակնկալներ են սպասվում։ Մի փոքր պատմեք սպասվող անակնկալների մասին։

-Անակնկալներ անպայման լինելու են, բայց փակագծերը բացել ու դրանց մասին խոսել չեմ ուզում։ Այս տարի մի փոքրիկ դրամաշնորհ ունենք գերմանական մի կազմակերպության՝ DVV International-ի կողմից: Դա մեզ հնարավորություն է տվել ավելի հետաքրքիր ու նոր բաներ մտածել: Միայն կասեմ, որ այս տարվա սոցքեմփը տարբեր է լինելու։ Մենք փորձում ենք պահել այն, ինչ մեր ընկերները նախաձեռնել են տարիներ առաջ, ու ամեն տարի ավելի լավն ենք դարձնելու:

Դե ինչ, բոլորին հրավիրում ենք ամենախելառ, հավես, խաղային, բայց միաժամանակ գիտական սոցիալական «չկոնֆերանսին»՝ ձեր չզեկույցները ներկայացնելու և լսելու մյուսներինը։ Հունիսի 30, 10:00, ԵՊՀ, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահ: