Anush Muradyan

1825-2019

Հստակության համար. այս պատմվածքն այն մասին է, թե ինչքան շատ եմ ուզում գնացք նստել։

1825 թվականի սեպտեմբերի 27-ին բացվել է առաջին հասարակական երկաթուղին։ Արդեն 2019 թվականն է, իսկ ես այդպես էլ գնացք չեմ նստել։ Մարդիկ բաժանվում են երկու խմբի` նրանք, ովքեր նստել են գնացք ու նրանք, ովքեր չեն նստել։ Ինչպես հասկացաք` ես երկրորդ խմբին եմ պատկանում։ Դեռ ընդամենը 19 տարեկան եմ, միգուցե այս փաստը ինչ-որ բան փոխեր, չգիտեմ։

Երբևէ ձեզ տխուր զգացե՞լ եք, որ գնացք չեք նստել։ Եթե այլ պատճառներ չունեք տխրելու, դա շատ հարմար առիթ է։ Դուք գնացք չեք նստել։ Կամ էլ նստել եք, ուղղակի ես չեմ ուզում ինձ մենակ զգալ այս պատմության մեջ։

Երբ մտածում եմ գնացք նստած մարդկանց մասին, հասկանում եմ, որ իրենք տարբերվում են մյուսներից։ Իրենք էնպիսի բան չեն արել, որ տարբերվեն, ուղղակի գնացք են նստել ու երևի չեն էլ գիտակցում, թե ինչ մեծ առավելութուն ունեն մյուսներից։

Կայարանում նստում ու սպասում եմ գնացքին։ Գնացքն էլ իր ուղևորներին է սպասում։ Գնացքը երբեք չի ուշանում ու չի սպասում ուշացածներին։

Իմ երազանքների գնացքը ու երկաթուղին տեսել եմ միայն ֆիլմերում։ Դե, երևի գիտեք, ինչպես է դա լինում` մի սենտիմենտալ աղջիկ, ով երազում է լինել ֆիլմի գլխավոր դերասանուհու փոխարեն, հատկապես, երբ այդ հերոսը գնացքի մեջ նստած թեյ է խմում։

Խոսելով շատ ծանոթ և անծանոթ մարդկանց հետ` հասկացա, որ գնացքը իրենց կյանքում այդքան էլ մեծ դեր ու տեղ չունի։ Նրանք, ովքեր նստել էին, ասում էին, թե աղմուկը շատ է, ամառը եթե նստեք, շնչելու օդ չի լինի, ուշ է տեղ հասնում, մարդիկ շատ են աղմկում ու էդպես։ Բայց… Գնացք պետք է նստել հոկտեմբերին, լսել գնացքին բնորոշող ձայնը, նստել պատուհանին մոտ ու հետևել ճանապարհին գնացքի ճոճքից, որ հայացքդ աջ ու ձախ է անում։ Պատկերացնել, թե ինչքան են երկարացնում վագոնները գնացքը, ու հասկանալ, թե ինչ երկար ու դանդաղ ճանապարհ պետք է անցնել։ Հիշել ու ամաչել, որ երբ անցնում է գնացքը, բոլորը կանգնում են ու նայում, դե, հատկապես` փոքրերը։

Գիտե՞ք, պատկերացնում եմ, որ գնացքը ներսից այնքան գեղեցիկ է, որքան դրսից։ Մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն գեղեցիկի հանդեպ։ Գնացք, գնացք, գնացք… այստեղ դեռ շատ կհանդիպեք «գնացք» բառը։

Կայարան եմ գնում՝ երկար ու շատ ուշադիր ուսումնասիրելու գնացքի վագոնները։ Որպես կանոն` դրանք լինում են կարմիր կամ էլ սպիտակ ու կանաչ:

Ու այս ամենի հետ թվում է, թե վազում եմ գնացքի հետևից, բայց այդպես էլ չի կանգնում… Ես կարող եմ գնել ընդամենը գնացքի տոմս ու նստել այդքան սպասված գնացքը։ Բայց ախր այդպես այնքան անհետաքրքիր է… Անհետաքրքիր է կորցնել գնացքին սպասելու ու չնստելու զգացումը։

Մի գաղտնիք ասեմ` գնացք նստելու համար պետք է հագնել երկար ու կարմիր զգեստ, վերցնել Չակ Պալանիկի գրքերից երկուսը, կանաչ թեյ ու տաք բաճկոն… Կարծես թե այսքանը։

1825-2019-ի ընթացքում այնքան գնացքներ են սպասել ու մեկնել ճիշտ ժամանակին…

Հստակության համար. այս պատմվածքը այն մասին էր, թե ինչքան շատ եմ սիրում գնացքներին սպասել։