Մարիամ Յավրումյանի բոլոր հրապարակումները

Mariam Yavrumyan

Ձանձրալի չլինես

Ես հենց նոր կարդացի ու գիտակցեցի մի փաստ. մի օր քո սենյակն այլևս քոնը չի լինի, անծանոթ մեկը կգա ու կջնջի բոլոր էն հիշողությունները, որ դու պահել ես էդտեղ։ Անունդ էլ չի իմանա։

Անծանո՛թ, չգաս, էլի: Ես իմ սենյակը շատ եմ սիրում, չնայած՝ գիտակցում եմ, որ ոչ միշտ եմ մաքուր և հավաքած պահում:

Չգաս, որովհետև ես էստեղ շա՜տ սեր ու ջերմություն պիտի թողնեմ: Չգաս, որովհետև այն նկարները, որոնք հիմա պատիս են, ստիպված կլինենք պոկել՝ ես կամ դու:

Այն cd-ները, որ եռանկյունաձև կպցրել եմ սենյակում ու արևի ճառագայթների հետ սիրուն ծիածանի պես լույս է գցում պատին: Հենց դրանք: Արի երբեք չպոկենք, ու էս սենյակը միշտ թողնենք՝ լինի իմ պես գույներ սիրող դեռահասի սենյակ:

Սենյակումս ամեն ինչ շա՜տ խառն է, ու միշտ ասում են, որ էնքան բան եմ կպցրել, որ սենյակս սարքել եմ «կոշկակարի բուդկա»:

Դու երբեք չես իմանա, որ ամենալավ ու ամենավատ օրերս էստեղ են անցել, ու հիմա էլ գրում եմ՝ սենյակումս նստած:

Եթե գաս էլ, նույն էներգիայով արի։ Ձանձրալի չլինես։ Սենյակս չի սիրում։

Էս նյութս էլ շատ երեխայական ստացվեց, որովհետև գունավոր սենյակի գովք եմ անում: Մեկ-մեկ էլ էսպես է պատահում:

Mariam Yavrumyan

Նստարանի հետ զրույց

Դու էլ ես կարոտում, չէ՞։

Հա, բան չկա: Կանցնի։

Ինձ ասում են, որ էլ չկարոտեմ, բայց ես նույնը քեզ չեմ ասի: Գիտեմ, որ անհնար է չկարոտել մեզ: Մենք քո տեսածներից ամենասիրունն էինք:

Դեռ երևի դու ավելի շատ ես կապված նրա հետ, ի վերջո ամեն օր տեսնվել եք: Իսկ իմ ու նրա հանդիպմանը միշտ դու էլ ես ներկա եղել: Լսել ես, թե ոնց ենք երեխայի նման հրճվել, որ յութուբում հայտնի երգերից մեկի 11 ու 12-րդ դիտողները հենց մենք ենք եղել: Լսել ես, թե ոնց է ինքն ինձ համոզում, որ շները փիսոներից լավն են ու ես երբեք չեմ համաձայնել: Եվ ինքը մեզ երկուսիս էլ սովորեցրել է սև հումորից վատ չզգալ:

Ես կամաց-կամաց, բայց սովորեցի նրա գնալուն ու էլ երբեք չգալուն:

Դու, լինելով հասարակ նստարան, կարոտել ես: Շատ ես սպասում, չես սովորում նրա բացակայությանը, չափից ավելի էիր կապվել:

Իսկ ես կարողացա հասկանալ, որ փիսոները միշտ էլ շներից լավն են: Սովորեցի չուրախանալ հայտնի երգերի առաջին լսողը լինելուց: Էլ վաղուց չեմ նեղանում սև հումորից ու հակառակը` սիրում եմ:

Ու շատ կամաց-կամաց, բայց սովորեցի ապրել առանց նրա:

Հիմար նստարան ես, որ սպասում ես նրա գալուն, ոնց գարունը՝ վերջին փաթիլի հալվելուն, Դի Կապրիոն` իր Օսկարին:

Իսկ գիտե՞ս, որ գարունը գալիս է առանց փաթիլների հալվելու, Դի Կապրիոն էլ Օսկար վաղուց ստացել է:

Սովորիր, նա, ով գնում է, էլ երբեք չի գալիս, հրաժեշտի կողքին երբեք վերադարձը չի լինում: Երբեք:

Mariam Yavrumyan

Քո մասին

Ու ես անգիր գիտեմ բոլոր այն տողերը, որոնք քո մասին եմ գրել։ Գիտե՞ս՝ շատ եմ գրում, ու նորմալ է, որ գրածս ցանկացած բառը չհիշեմ, բայց երբ խոսքը քո մասին է, բառերը առանց իրար հերթ տալու են շարվում, էնպես եմ հիշում ցանկացած տառ, որ քո մասին է, ասես ծնվել եմ` արդեն սովորած դրանք։

Քո մասին գրելիս գրիչս շատախոսում է, չեմ կարողանում լռեցնել։ Ուզում է, որ իմանամ, որ ամեն ինչից հետո էլ, միևնույնն է, Տերյանի բոլոր բանաստեղծություններն էլի ու էլի քեզ եմ նվիրելու ու կարդալիս միայն քո մասին եմ մտածելու:

Բայց դու բան չես հասկանում: Կամ ձևացնում ես, թե չես հասկանում։ Եղանակից ենք խոսում, բարեկամի երեխաներից, բայց երբեք ոչ սիրուց ու ծաղկից: Դու երբեք չես հարցնում, թե ինչպես անցավ օրս, որ ես ոգևորված պատմեմ ամեն դետալ: Պատմեմ, թե ոնց սերիալի գլխավոր հերոսը սերիական մարդասպան դուրս եկավ, թե ոնց սուրճն էլի թափեցի, ու թե ոնց էի էդ ամենի ընթացքում էլի ու էլի քո մասին մտածում: Չնայած՝ մենք գիտենք, որ վերջին մասը հաստատ չեմ ասելու: Դա մեր սցենարում հաստատ չկա:

Հետո դու փոշմանելու ես մեր վատ գրված սցենարի համար։ Իսկ ես էդպես էլ չեմ ասելու իմ զգացմունքների մասին, իսկ դու երբեք էլ չես սովորելու դրանք կարդալ աչքերից:

Mariam Yavrumyan

Նոր տարուց անցել է կես ամիս

2020 թվականն արդեն մի քանի օր կլինի, ինչ սկսվել է, բայց ոչ մեկիս համար իրոք նոր չի, որովհետև մենք ունենք  նույն հին ու վատ սովորությունները, որոնք ունեցել ենք մինչև էս: Ու միակ բանը, որ փոխվեց մեր կյանքում էն էր, որ 19-ը դարձավ 20: Իսկ դա շատ չնչին փոփոխություն էր:

Բայց ի՞նչ կլինի, եթե մենք մտածենք ու պատկերացնենք, որ նոր տարուն մենք էլ ենք փոխվել, կամ հուսանք, որ հաստատ փոխվելու ենք: Դե New year, New Me :)

Ուշացած եմ գրում, բայց հաստատ իմ գրելուն չէիք էլ սպասում: Բայց մեկ է, պիտի ասեմ, որ նոր տարով ոչինչ չի փոխվելու, քանի դեռ ինքներս չենք փոխել մեզ: Ուղղակի պիտի restart անենք մեր ուղեղը, մտքերը: Մաքրենք մեր ուղեղը վատ, նեգատիվ ու կեղտոտ մտքերից, նորն է եկել: Ու ես հույս ունեմ, որ դուք կլինեք այնքան հրաշալի, ինչքան որ միշտ երազել եք: Հույս չունեմ, վստահ եմ:

Իսկ ինձ համար նոր տարին լրիվ նոր է սկսվել: Ես նոր եմ փոխվել, ավելի լավը դարձել: Ես ուղղակի դնում եմ շատ փոքր նպատակներ ու հասնում դրանց։ Տոնում եմ փոքր հաղթանակները: Ոչ ոքի երբեք չեմ ատում ու ոչ ոքից ոչինչ չեմ ակնկալում: Առաջնորդվում եմ «Մեծն Գեթսբին» գրքի մի տողով. «Եթե երբևէ ուզենաս մեկին դատապարտել, հիշի‘ր` այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»:

Ու նոր տարին չի սկսվում նոր օրացույցով ու շամպայնի բաժակներով, այն սկսվում է սրտի մի խփոցով, երբ դու հասկանում ես, որ արդեն ուրիշ ես:

Mariam Yavrumyan

Մարդ չդարձանք կամ հակառակը

-Խի հանեցիր քնիցս: Քնած էի, էլի:
-Ես չեմ հանել քեզ: Ուղղակի քթիդ մոտ 46 անգամ (գերմանացու ճշտությամբ) ճտտացրել եմ մատներով: Էդ դու արթնացար ու «ճտիկս» կիսատ մնաց:
-Մարդ չդառար, էլի:
Չդառա: Գիտեմ: Եթե գոնե միջին վիճակագրական մարդ լինեի, հիմնական դպրոցում լավ կսովորեի, նորմալ քոլեջ կընդունվեի, անիմաստ ավագ դպրոցներ չէի գնա, չէի մտածի, որ դու լավն ես:
Իրականում դու էլ իմ նման «մարդ չես»։
Դու էլ լավ չես սովորել դպրոցում, հիմա ավագ դպրոցում ձև ես տալիս, իբր սովորում ես ու անգամ մտածում ես, որ ես եմ լավը:
Մենք երկուսս էլ իրար նման ենք: Իրար համար` լավը, ուրիշների համար` անիմաստ երեխեք: Մեր գաղափարները հիմնականում համընկնում են: Բայց մամայենք ատում են էդ փաստը: Իրենք մտածում են, որ մենք ուղղակի «անիմաստ առաջադիմական գաղափարներ» ենք առաջ տանում: Իրենք չեն հասկանա: Հա, էդպես մի նայի, գիտեմ, որ մամաս կարդաց էդ տողերը: Միևնույն է` մեզ չեն հասկանում: Դրանք ուղղակի գաղափարներ չեն, որ ուզում ենք իրագործվեն, կամ ուղղակի կամակոր (էս ինչ բառ էր, աստված իմ) երեխեք չենք: Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում: Մենք ուզում ենք, որ մարդը իրոք մնա բարձրագույն արժեք, որ չճնշվի, իրավունքները պահպանվեն: Որ մարդու ով լինելը չսահմանվի իր կրոնական կամ այլ տիպի կողմնորոշումներով: Պիտի կարևորվեն մարդու իրական արժանիքները:
Ուղղակի ինչ-որ հարցում ես քեզ նման չեմ, ու ինչի չէ, ուրախ եմ:

Դե, մեր բարեկամներն ինձ ավելի շատ են սիրում, բացի այն, որ ճաշակով են, նաև ես եմ խելոք: Բարեկամական հավաքների ժամանակ երբեք մտքերս ի ցույց չեմ դնում ու դրա համար իրենք էլ են մտածում, որ գաղափարներովս չեմ տարբերվում:
Սովորի, էլի:
-Ես մարդ դառել եմ, դու քո մասին մտածի, տղա ջան:

Mariam Yavrumyan

Առաջին սիրահարվածություն

Դու արդեն ոչ ոքի հետ չես շփվում, որովհետև դժվար է նայել ուրիշների դեմքին, երբ դու իրականում միայն մեկինն ես ուզում տեսնել:
Ընկերներ ընդհանրապես չունես:

Ծանոթներիդ տեսնելիս գլուխդ կախում ես, որ նորից անիմաստ հարցեր չտան ու չշեղեն քեզ մտքերիցդ: Ավտոբուս չես նստում, ոտքով ես գնում տուն: Ավտոբուսի` կես ժամվա ճանապարհը ոտքով ես գնում, մոտ 2 ժամում: Հույս ունես, որ ճանապարհին կտեսնես նրան, էլի մենակ, ականջակալներով ու վերջապես երկար դադարից հետո կհանդիպես նրան: Բայց ախր, գիտակցում ես, որ ինքը քաղաքի էդ մասերում բացարձակ գործ չունի: Դուք ապրում ու սովորում եք լրիվ տարբեր տեղերում: Բայց լռեցնում ես ներսիդ վատատեսին ու գնում` հուսալով, որ ինչ-որ պատահականությամբ հայտնված կլինի:
Ինքն էլի չի լինում, ու էլի մեջդ մի բան փշրվում է, վերանում: Ու օրեցօր դու ես սկսում վերանալ, բայց դեռ չես գիտակցում:
Փորձում ես մոռանալ օծանելիքի հոտը, գրկելու ձևը, բայց չես կարողանում: Ակամա սկսում ես համակրել ծանոթներիդ, որոնք նրա հետ ինչ-որ ընդհանուր բան ունեն. նույն վանդակավոր վերնաշապիկից, նույն սիրած երգերից, նույն սիրելի ուտեստից կամ  ոգևորվածությամբ ու երեխայական ուրախությամբ պատմելու իրերից ու երևույթներից, որոնք սիրում են:
Բայց գիտես, որ անթերի թերությունների փունջ, որպիսին միայն ինքն է, էլ երբեք ու երբեք չես գտնի: Ոչ մեկի մեջ: Ոչ ոք թեյերից ու նրանց տեսակներից այնքան գլուխ չի հանի, որչափ որ ինքը: Ոչ ոք մանրուքներին այնքան ուշադիր չի լինի, որքան ինքը: Ոչ ոք Լանա Դել Ռեյ այնքան չի սիրի, որքան ինքը: Ոչ ոք այնքան սիրուն չի նայի քեզ, որքան ինքը:
Ոչ ոք երբեք ինքը չի լինի:

mariam yavrumyan

Անքնություն

Ժամը գիշերվա հինգն է, իսկ ես շուռումուռ եմ գալիս անկողնում ու լսում մահճակալիս` դիվային քրքիջ հիշեցնող ճռռոցները:

Ժամը գիշերվա հինգն է, ու ես առանց շունչ քաշելու ստեղներ եմ սեղմում (նյութ եմ գրում, էլի), որովհետև նյութ չեմ գրել այնքան տարի, որքան գրել եմ, որովհետև չեմ քնել այնտեղ, որտեղ կուզեի, իսկ հարցին ավելի իրատեսական նայելով` ուղղակի անքնություն է սկսել արդեն տասը օր:

Ոնց որ աշխարհում ամեն ինչ, էդպես էլ անքնությունն իր լավ կողմերն ունի: Որովհետև մութ սենյակում, որ քիչ-քիչ լուսանում է, նայում ես աշխարհից աշխարհ ճանապարհորդող մարդկանց ու հասկանում, թե որտեղ է կյանքի միակ հաճույքը: Իսկ ես էդպես էլ չեմ մեծանում, որ ինքս ու մենակ նստեմ ինքնաթիռ ու հասնեմ երազանքներիս երկրներին: Կամ մեծանում եմ, բայց չափից մի փոքր (իրականում մի փոքր չէ, շատ) դանդաղ: Երազանքներն էնքան արագ են վազում, ու ես չեմ հասնում իրենց հետևից: Ես միշտ ամեն ինչ ուզում եմ ու ուզածիս կեսին էլ չեմ հասնում: Ասելիքս շատ շատ է, բայց բառերը միշտ չեն հերիքում բացատրելու համար:

Ուզում եմ արագահոս գետեր նետվեմ ու հոսանքին հակառակ լողամ, ուզում եմ 3000 մետրից ներքև թռչել ու ընկնելու փոխարեն վերև բարձրանալ: Ուզում եմ գիշերները քնել կարողանալ:

Ու ես արդեն հանգիստ նստած եմ անկողնում, որովհետև առաջին անգամ բառերը ինչ-որ տեղ հերիքել են, ու երևի արդեն կամաց-կամաց կքնեմ:

mariam yavrumyan

Երկրորդ կիրակին ներառյալ

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

Նախ, ուզում եմ ասել, որ Սուսաննա Հարությունյանի պատմվածքների այս ժողովածուն դարձել էր սեղանիս գիրքը: Բարեբախտաբար այն գցել էի պայուսակիս մեջ և մոռանում էի հանել, և հենց դրա պատճառով էլ անընդհատ վերընթերցում էի:

Շատ եմ հավանել հեղինակի գրելաոճը, որը ցույց է տալիս հայերենի ամբողջ հարստությունը: Այն մե՛կ բարբառային է, մե՛կ գրական ու հարուստ պատկերավորման միջոցներով:

Ստեղծագործություններից հատկապես հավանել եմ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը: Այնտեղ ներկայացվում էր Արգոյի կերպարը, որպես ամենաանմեղ մարդ: Արգոն չէր ծխում, չէր խմում, կնամոլ չէր, գող չէր, ոչ ոքի վնաս չէր տալիս: Ապրուստ էր վաստակում սրա-նրա տանը մանր-մունր գործեր անելով: Բայց միառժամանակ անհետանում էր, ու ոչ ոք չգիտեր՝ ուր: Հետո պարզվում է՝ գյուղում մի հսկա, շքեղ ու սքանչելի տուն ունի, բայց չի վաճառում ու անընդհատ գնում է էնտեղ: Ու երբ հարցնում են, թե ինչու ասում է.

-Բայց ո՞նց կլինի… ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնար ա առանց վերադարձի հույսի, անհնար ա առանց վերադարձի: Լավ է էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ, թե չէ՝ ո՞նց կլնի:

Այսինքն ներկայացնում է միայնակ մարդու կերպարը, ով գիտի, որ կյանքում իր վերադարձին սպասող չի ունեցել ու չունի: Այս է պատճառը, որ ինքն իր համար ապրելու հույս է ստեղծում: Այսպիսով՝ ներկայացնելով մենակ մարդու հույսերն ու զգացմուքները, հեղինակը ցանկացել է ասել, որ գերադասելի է ապրել խղճուկ պայմաններում, քան գիտակցել, որ էլ վերադառնալու տեղ չունես, որ քեզ ոչ ոք չի սպասում:

Ինչ խոսք, հավանում եմ, բայց ոչ այնքան հզոր է ներկայացվում հուզական մասը: Հաստատ նման գեղեցիկ մտքով կարելի էր ավելի  շատերին հուզել:

Իսկ ընդհանուր ոճը  հավանեցի, չնայած նրան, որ ժամանակակից հայ հեղինակներին այնքան էլ չեմ հավանում:

mariam yavrumyan

25 րոպեով

Ընդհանրապես զբոսնել չեմ սիրում, բայց չափազանց հագեցած (դե, ոչ դրական առումով) օր էի ունեցել, ու գլուխս ինչ-որ անհասկանալի նոպայով էլի ցավում էր։ Ուրեմն մաքուր օդ էր պետք։ Բնականաբար, ընկերներիցս ոչ ոք չեկավ հետս, որովհետև չափից դուրս ձանձրալին եմ։ Երկար ու լիքը մտածելուց հետո հասկացա, որ մենակ պետք է դուրս գամ։

Դուրս եկա ու ընտրելով ամենախառը ու երկար ճանապարհը՝ հասա այգի։ Այգին արագ անցա, որովհետև զզվելի էին աղմուկը, շատրվանների ձայները, փոփ-քորնի հոտն ու ընդհանրապես, ամեն ինչ։ Անգամ ոտքի տակ ընկնող համով երեխեքը, որոնց սովորաբար ժպտում եմ, ազդեցին նյարդային համակարգիս վրա։

Տեսա լիքը մարդկանց, ում չպետք է տեսնեի, ու այգուց վերջապես պրծա։

Հիմա փողոցն էր՝ անգույն, անմարդաբնակ ու մոխրագույն տրամադրություն փոխանցող։ Անբացատրելի հանգիստ զգացի ու մի պահ չգիտեմ՝ ինչի, հիշեցի, որ կատարյալ հանգստության համար պետք է մարմինդ ու հոգիդ ներդաշնակ լինեն։ Իրականում չգիտեմ՝ ինչ է նշանակում, բայց հաստատ զգացի դրա իմաստը։ Հիմա որ վերլուծում եմ, հասկանում եմ, որ ուղղակի միտք էր, որ սահեց ու անցավ։ Իսկ մոռացված միտքը երբեք ինչ-որ դարակում չի պահվում։ Կորչում, գնում է։ Իսկ այդ ժամանակ ես ինձ ներդաշնակության վերջին փուլում էի զգում։

Մտա շենքի մուտք ու պատշգամբից մի քիչ էլ իդեալականություն խլելով՝ շնչեցի երբևէ ամենամաքուր օդը։ Հետո մտա տուն ու զգացի, որ գլխիս ցավն ընդամենը 25 րոպեով ու հրաշքով անհետացել էր։

gevorgtergbr

Անաստված կինո թատրոն

mariam yavrumyan

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և ընտրել լավագույններին:

Գիրքը կարդացել եմ երկու անգամ: Իրոք, երկու անգամն էլ չեմ հասկացել թե՛ բառերը,  թե՛ իմաստը:

Կոնկրետ ինձ համար դժվար կարդացվող գիրք է: Դանդաղ եմ կարդում, փորձում հասկանալ այն ամենն, ինչ կա թաքնված գրքի ներսում, այսինքն՝ այն, ինչ որ գիրքն իրականում է, ոչ թե մակերեսին:

Առաջին կարդալուց ընդհանրապես ինքս ինձ ստիպելով էի կարդում, երկրորդ անգամ աչքի անցկացնելուց՝ արդեն ծանոթ լինելով  պատումների սյուժեին, մի փոքր ավելի արագ կարդացվեց: Ինձ թվում է, որ այն, ինչ հեղինակը ցանկացել էր տալ, ճիշտ ձևով չի մատուցել: Այսինքն, երբ ես ուզենամ գրել մի ստեղծագործություն, որը հասանելի լինի բոլորին, երբեք չէի գրի Գևորգ Տեր – Գաբրիելյանի ոճով: Կարդալու սկզբում դրանք կթվան պարզ և ամենահասկանալի պատմվածքները երբևէ, բայց չեմ կարծում:

Հենց սկզբում չհավանեցի հեղինակի գրելաոճը՝ չափազանց առօրեական, որը ձանձրացնում է ինձ հիմնականում: Համաձայն եմ, առօրյա կյանքի ներկայացումը հաճելի է ընթերցողին, որովհետև նա գտնում է ինքն իրեն, բայց տվյալ ստեղծագործության մեջ երևի դժվար է:

Հայ գրականության մեջ եղել են ու կան դեմքեր, ովքեր ներկայացնում են պարզ ու հասարակ առօրյան, բայց դրանք այնքան հաճելի են ու արագ կարդացվող: Վառ օրինակ են Շիրվանզադեն, Նար-Դոսը և այլք:  Հենց այդ հաճելին էր, որ բացակայում էր տվյալ ստեղծագործության մեջ, վերջինիս դարձնելով ավելի շատ պարզունակ, քան ուղղակի հասարակ:

Որոշակի դրվագներում նկարագրվում են այնպիսի տեսարաններ, որ երկար մտածելու տեղիք են տալիս. թե որն է իրականում տվյալ պահի իմաստը: Այսինքն ցանկացած դրվագ պատմվում է, որովհետև ինչ-որ նպատակ է հետապնդում, բայց այստեղ ես ոչ միշտ եմ իմաստ տեսնում:

Հատկապես ուզում եմ կիսվել «Համլետի հոր ուռագանը» պատմվածքով: Պատմվածքը սկսվում է նրանով, որ ծնողները քննարկում են Արեգիկի փիսիկ կամ շնիկ ունենալու փաստը, որովհետև փոքրիկը, ինչպես նշվում է «քույրիկ կամ ախպերիկ» էր ուզում: Մայրը սրտնեղում էր, որովհետև մտածում էր, որ կեղտի բույն է: Հետո Արեգիկի մայրը հիվանդանում է, և հայրը Արեգին տանում է տատիկի տուն: Հենց այստեղ են կատարվում հիմնական դեպքերը. Տոլմա են փաթաթում և նայում «Համլետի հոր ուրվականը»:

Հետաքրքիր էր ավարտը, որը մտածելու տեղիք տվեց:

«Արեգիկը պատկերացրեց առուն ի վար լողացող տաշտակ, մեջը՝ աղիողորմ մլավող հինգը կատվիկ, օղակից նոր դուրս ծլած գլուխներով: Առվի եզրին՝ Մարինան, կարմիր մաշիկները հագին, ցիցը ձեռքին՝ փորձում է տաշտակը մոտեցնել ափին: Որ գիշերով Համլետի հոր ուռագանը չգա ձագերից մեկի գլուխը կտրի, ով գիտի որի»:

Նման առօրյա պատմություններն այդքան էլ չեն կլանում ընթերցողին, հատկապես, եթե ներկայացված են ժառգոնային բառերով:

Իրոք դուրս չի եկել նաև ժառգոնային բառերի չափազանց կուտակումը:  Թվում է, որ հեղինակը իրոք ցանկացել է ստանալ մի ստեղծագործություն, որը կլինի հետաքրքիր, բայց սխալ ճանապարհ է ընտրել:

Կարծում եմ, ժառգոնային բառերի օգտագործումը ոչ տեղին է:

Լինում են, չէ՞, ֆիլմեր, որ դիտում ենք, ու մտածում՝ տեսնես ո՞րն է այս դրվագի իմաստը: Նույն կերպ էլ «Անաստված կինոթատրոն» գրքում, բառերի հետ է այդպես:

Շատ էին նաև մտքի սխալները, որոնց փորձել եմ ամենաքիչը ուշադրություն դարձնել: Կային վրիպակներ, բացթողումներ, ինչը չեմ կարծում, որ նորմալ է: